

Երաժշտական բազմաթիվ ոճերի և ուղղությունների մեջ, որոնք ծնունդ են առել 20-րդ դարում, առանձնանում է պրոգրեսիվ երաժշտության երևույթը: Շատ առիթներ ենք ունեցել անդրադառնալու այդ ոճի մեջ գործող հայաստանյան ստեղծագործողներին և խմբերին, բայց հաղորդման հյուր բաս կիթառահար և ստեղծագործող Վահագն Պապայանի հետ մեր զրույցի ընթացքում հատկապես անդրադարձանք այդ երաժշտական ուղղության ստեղծման նախադրյալներին:
Վահագն Պապայանը ավարտելով Երևանի պետական Կոնսերվատորիան՝ ընտրեց ոչ թե ակադեմիական երաժիշտ-կատարողի բնագավառը, այլ իրեն առավել հոգեհարազատ պրոգրեսիվ երաժշտության, կամ արտռոքի ոլորտը՝ 80-ականներին հիմնադրելով «Դըմբարթըն օըքս» և հետագայում «Օքսենհեմ» երաժշտական նախագծերը, հանդես գալով բազմաթիվ մենահամերգներով և մասնակցելով Հայաստանում անցկացվող ռոք փառատոներին:
Հրատարակել է երկու ալբոմ Ֆրանսիայում և ներկայումս դասավանդում է Երաժշտություն առարկան ԱՅԲ դպրոցում, զբաղվում ստուդիական աշխատանքով:
«Իմ հետաքրքրությունը պրոգրեսիվ երաժշտությամբ առաջին հերթին պայմանավորված էր մասնագիտական հատկանիշներով, այն է՝ ձևի, չափի և ռիթմի, հատուկ հարմոնիկ լեզվի և գործիքավորման առանձնահատկություններով: Երբ փորձում ենք մոտենալ այդ չափանիշներով, հատկապես զանգվածային արվեստին, ապա շատ հեշտ է կողմնորոշվել և զատել արժեքավորը ոչ այնքան արժեքավորից»,- ասում է Վահագն Պապայանը:
Բանն այն է, որ յուրաքանչյուր երաժշտական ձև, լինի դա դասական երաժշտություն կամ ժամանակակից, նկարագրվում է երաժշտագիտական ձևաչափերով և դրան համապատասխան կարելի է դասակարգել և ընկալման համար ավելի դյուրին դարձնել առաջին հայացքից բարդ թվացող երաժշտական կոնստրուկցիաները: Մենք փորձեցինք զրույցի ընթացքում քննել հայտնի ռոք խմբերի այն ստեղծագործությունները, որոնց մեջ նշմարվում են ապագայի պրոգրեսիվ երաժշտության ծիլերը:
Վահագն Պապայանը տեսնում է դրա առաջին դրսևորումները «Բիթլզ» խմբի դեռևս 60-ականների որոշ ստեղծագործությունների մեջ: Այստեղ ակնհայտ է միջանցիկ ձևի, ազատ ձևի և փոփոխական մետրի հատկանիշները: Ընդհանրապես «Բիթլզի» ստեղծարարությունը սկիզբ է դրել բազմաթիվ երաժշտական ուղղությունների՝ ռագա-ռոքից մինչև գրանժ և, հատկապես, պրոգրեսիվ երաժշտության և արտ-ռոքի տեսակները:
Հաջորդ օրինակը «Բիչ բոյս» խմբի ստեղծագործություններից մեկն է, ուր մենք դիտարկում ենք հարմոնիայի և պոլիֆոնիայի արտահայտությունները, որոնք ընդհանրապես բնորոշ չէին այն ժամանակի ռոք երաժշտությանը:
Հաջորդ օրինակը հանդիսանում է «Պրոքոլ Հարում» հայտնի երգը, որը ներառում է դասական երրաժշտության ակնհայտ տարրերը և հղում է անում ուշ բարոկկոյի, Բախի ժամանակաշրջանին: Վերջին օրինակը «Մուդի բլյուզի» կոնցեպտուալ ալբոմն է, ուր ներգրավված է ամբողջական սիմֆոնիկ նվագախումբ: Հաղորդման ընթացքում հնչում են վերը նշված խմբերի ստեղծագործությունները: