Գյումրու երիտասարդական թատերախումբը» հիմնվել է մեկ տարի առաջ։ Մեկ բեմադրություն, «ԵրիտասArt» արվեստի նախագիծը, որն ընթացքի մեջ է և նոյեմբերին՝ փառատոն։
Թատերախմբի հիմնադիր, ռեժիսոր, դերասան Արմեն Արշալույսյանն ասում է, որ ի սկզբանե ցանկացել են ստեղծել բաց ստեղծագործական փորձարարական հարթակ՝ առանց նախատրամադրվածությունների ու նախախնամությունների։
Այսօր յուրաքանչյուր թատրոն ունի իր ավանդույթները ստեղծագործական կազմն ու մտածողությունը, իրենք ուզում են ստեղծել «ազատ դաշտ, որտեղ կարող ես անվերջ լողալ»։
Արմենն ասում է, որ արվեստագետի համար ազատ ստեղծագործելն ամենակարևորն է․ երբ չես վախենում ձախողվել և ազատ ես ձախողվելու համար։
«Ես մի բանից եմ շատ վախենում՝ հաջողելուց, դա ավելի շուտ զգացողություն է, քան՝ էություն։ Այս թատերախումբը մեզ համար ձախողվելու, ընկնելու, փնտրելու և անգամ՝ չգտնելու վայր է։ Դա թունելի պես է, որ մի օր լույս կերևա ու հենց այդ լույսն էլ մենք փնտրում ենք։ Շատ վախեցնող է, որ մի օր դու հավատաս, որ դու ամեն ինչ արդեն արել ես», – ասում է նա։
Կարևորում է Գյումրիում երիտասարդական թատրոնի գոյությունը, քանի որ, ըստ նրա, հենց նրանք են պետությանը առաջ մղող ուժը։ Թատրոնը նրանց համար լայն հասկացություն է ու չի սահմանափակվում միայն բեմի վրա ներկայացում խաղալով և ծափեր վաստակելով։
«Մենք ուզում ենք ստեղծել կենտրոն, ուզում ենք մեր շուրջը հավաքել երիտասարդ տարբեր արվեստագետների, որոնց հետ երկխոսություն ստեղծելով, նոր գաղափարներ կծնվեն։ Սա նաև նոր գաղափարների ու մտքերի գեներացման հարթակ է։ Եվ դա պակասում է քաղաքին»։ Պատմում է իրենց հիմնած «ԵրիտասArt» նախագծի մասին, որը նույնպես ինչ որ իմաստվ շրջանցում է թատրոնի մասին նախկին պատկերացումները։ Սա համագործակցություն է նկարիչների, գրողների, երաժիշտների հետ։
«Պիեսն ու բեմադրությունը ծնվելու է միաժամանակ։ Մենք ուզում ենք քանդել ռեժիսորի, գրողի, դերասանի սահմանները։ Սա մի լաբորոտորիա է, որտեղ ռեժիսորը միաժամանակ գրող է, և բեմադրիչ, և դերասան», – ասում է Արմենը։
Թատրոնն այսօր տարածք չունի և դա նույնպես նրանց համար առավելություն է դիտվում։ «Ով է ասել, որ մենք պիտի տարածք ունենանք։ Մեր տրամադրության տակ մի ողջ քաղաք է․ թատերային և ոչ թատերային միջավայրերով ներառված։ Մենք կարող ենք ներկայացումներ անել և թատրոններում, և հին փլված շինություններում, և գետնանցումներում։ Ինձ համար արվեստը «դիսկոմֆորտ» է, այսպես մեզ համար շատ հարմար է ստեղծագործել, քանի որ ունենք մի շարք անհարմարություններ»։
Թատերախումբը նոյեմբերին փառատոն է իրականացնելու։ Արմեն Արշալույսյանն ասում է, որ արդեն աշխատում են և՛ պետական, և՛ոչ պետական, նաև՝ հասարակական կազմակերպությունների ու կառույցների հետ, որպեսզի իրենց մտքերն ու գաղափարները կյանքի կոչվեն։