

- Րոպէում 300 կա՜ր…
- Դերձակներուն ընկե՜րը…
- Կարի մաշինկէք Փարիզեմէ՜…
Այսօր ծանոթանալու ենք մի սարքի հետ, որի գաղափարը և նախագծումը թեև ծնունդ է արդյունաբերական 1-ին հեղափոխության շրջանի, բայց, իբրև մասսայական արտադրանք, վերաբերում է արդյունաբերական 2-րդ հեղափոխությանը:
Կարի մեքենաներ. այս նորարարության շնորհիվ ոչ միայն հեշտացավ դերձակների և կոշկակարների աշխատանքը, այլև խթանվեց տեքստիլի և կոշիկների մասսայական արտադրությունը: Դե, հայկական մամուլն էլ իր հերթին շահեց՝ իր էջերին զետեղելով կարի մեքենաների գովազդները:
Իհարկե, գովազդի համար ամենից շատ գումար ծախսել է «Զինգեր» ընկերությունը, որը թե՛ Այսրկովկասում, թե՛ Կոստանդնուպոլսում արագ-արագ բացեց իր ներկայացչությունը և սըր Նայտլինկերիին կարգեց մթերանոցների կամ պահեստների պատասխանատու:
Բայց, մինչ «Զինգեր» ընկերությունն իր արտադրանքը կարտահաներ մեր կողմերը, Թիֆլիսում, օրինակ, արդեն գործել են այլ ֆիրմաների կարի մեքենաների պահեստներ:
«Կ. ՊԱՆՑԵ, ԱՏԱՄԱՆՍԿԱՅԱ ՓՈՂՈՑ տուն ԶՈՒԲԱԼՕՎԻ: Եկող ձըմեռվայ սեզօնի համար առաջարկում եմ պատուելի հասարակութեանը ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹԵԱՄԲ ձեռքի և ոտքի կարի ՄԵՔԵՆԱՆԵՐ, եւրօպական առաջնակարգ գործարաններից, ամենանոր ձեւերի, չափազանց էջան գներով, այսինքն՝ Ձեռքի մեքենաներ 12-5 րուբլ: Ոտքի՝ 50-80 րուբլ»,-ծանուցում է «Մշակը» 1880-ի համարներից մեկում:
Կամ, նույն Թիֆլիսում, Երևանյան հրապարակում Տէր Աստվածատրեանի շահաբեր տներում գործել է նաև կարի մեքենաների Ֆրիստեր–Րօսմանի պահեստը, որն իրականացրել է երաշխիքային վաճառք՝ ապառիկի հնարվորությամբ: Այս մասին ծանուցել է «Նոր Դար»-ը 1885թ. համարներից մեկում:
Շնորհիվ հայկական մամուլի վերջին էջերին տպագրվող հայտարարությունների և գովազդների ես ծանոթացա Ֆրանսիայում կարի մեքենա ստեղծած մի ընկերության, որի հիմնադիրներից մեկի ազգանունը ինձ շատ հարազատ թվաց՝ «Ալմինանա և Սարգիսեան»:
«Կոշկակարների և դերձակների և սովորական կար անողների համար ընտիր կարի մեքենաներ «Ալմինանա և Սարգիսեան» գործարանից, Փարիզ: Շահագործումը դյուրին է: Տփխիսում վաճառվում է Պօղոս Դէմիրչիպաշեանի մաղազինում, որ է պուլվարի վերայ, իշխան Մախրանսկու տանը, կլուպի ներքեւը: Յիշեալ Պօղոս Դէմիրչիպաշեանը, ուղղակի գործարանի կողմից բացած լինելով իւր մաղազինը, նոյն իսկ գործարանի գներով է վաճառում: Նոյն Դեմիրչիպաշեանը յանձն է առնում . խանգարուած մեքենաները ուղղել և իւր վաճառած կարի մեքենաներու վրայ կար անելը սովորեցնել առանձին սակարկութեամբ»,- կարդում ենք «Մեղու Հայաստանի » թերթի՝ 1873-թվի համարներից մեկում:
Ովքե՞ր են այս մարդիկ: Փարիզ, Սենթ Մոռ 75 հասցե: Այստեղ 1871 սեպ 5-ին Էնթընի Ալմինանան և Պիեր Սարգիսեանը հիմնում են ընկերություն, գրանցում ապրանքանիշը՝ կլոր շրջանակի մեջ միաձուլված A և S տառերը: 1872-ին արդեն մասնակցում են Լիոնի միջազգային ցուցահանդեսին և շահում բրոնզե մեդալ, իսկ 1873-ին Վիեննայի ցուցահանդեսում ստանում են դիպլոմ: Նախատեսված լինենլով դերձակների և կոշկակարների համար, շուտով բարելավում են մեքենայի հնարավորությունները գյուտատար և արտադրող Ջիգարոֆֆի շնորհիվ, որի մտավոր սեփականությունը՝ ոտնակի կատարելագործման գյուտը, գրանցված և պատենտավորված է ֆրանսիական տեղեկատուներում: Ի դեպ՝ չնայած «Մտավոր սեփականություն» բառակապակցությունը և գաղափարը շրջանառվել սկսել է 19-րդ դարում, բայց միայն 20-րդ դարի վերջում է ստացել մեծ կարևորություն համաշխարհային իրավական համակարգում:
«Քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանված է, թե մտավոր սեփականության օբյեկտ ինչն է համարվում: Դրանք ապրաքային նշաններն են,ֆիրմային անվանումներն են, գյուտերն են, հեղինակային իրավունքի օբյեկտներն են,արդյունաբերական դիզայնն է, չբացահայտված տեղեկատվությունն է: Սա այն համալիրն է, որ ընկերությունը տիրապետում է իր գործունեության մեջ և ապահովում է իր բացառիկությունը: Այսինքն՝ ցանկացած ընկերություն, ցանկացած անձ, ով ստեղծել կամ օրիական ճանապարհով օգտագործող է հանդիսանում այս իրավունքի օբյեկտների, միայն նա իրավունք ունի թույլ տալ կամ արգելել այլ անձանց կամ ընկերությունների այն օգտագործել: Օրինական ճանապարհը օգտագործման, սահմանված կարգով պայմանագրերի կնքումն է»,- ասում է «Մենք քոնսալթինգ»-ի գործադիր տնօրեն Արթուր Վարդերեսյանը։
Ավաղ, գյուտարարի մասին այլ տեղեկություն չեմ կարող փոխանցել: Միայն որ՝ Ջիգարոֆֆի օգնությամբ «Ալմինանա և Սարգիսեան» կարի մեքենաները ասեղնագործելու հավելյալ գործառույթ են ստանում: Ինչևէ, 1875-ին, ցավոք, ֆրանսիական այս մանուֆակտուրան սնանկանում է, ինչի մասին Ֆրանսիայի առևտրային արխիվում կա համապատասխան ակտ և փաստաթուղթ: «Մշակ»-ը ևս գովազդել է «Ալմինանա և Սարգըսեան» Կարի մեքենաները:
«Արծրունու տանը, Դվօրցօվի փողոցում ծախվում են ամենակատարելագործված Կարելու մաշինաները, Ալմինանայ և Սարգըսեանի ֆարբիկայից: Այդ մաշինաները ծախվում են ֆաբրիկայի գնով, և կան զանազան տեսակներ կօշկակարի, դերձակի, բարակ շորեր կարելու, ձեռագործի և այլն: Առնողին պարտաւորվում ենք ձրի սովորեցնել: Խանութը գտնվում է Արծրունու տանը, Դվօրցօվի փողոցում N164,165»:
Պոլսում հրատարակվող «Հայրենիք» թերթի 1892 համարներից մեկում մի ծանուցում կա Նիկողոս էֆետդի Փափազեանի գյուտի մասին, որը դյուրացնում է կարի մեքենա օգտագործողների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
«Հիմա բոլոր այս անպատեհութիւնները կը վերանան, եթէ կարի մեքենայ ունեցողները հատ մը դնեն Նիկողոս էֆենդի Փափազեանի հնարած նոր գործիքէն, որ ձգական թելէ մը կը բաղկանայ, դիւրաւ կը հաստատուի մեքենային վրայ եւ կուտայ ԱՐԱԳ ՇԱՐԺՈՒՄ ճոճանակին,ԱՌԱՆՑ ՄԵԾ ՈՅԺԻ ԵՒ ՅՈԳՆՈՒԹԵԱՆ: Վաճառման կեդրոնատեղին է Վահան էֆենդի Զարգարեանի վաճառատունը, Կոստանդնուպոլիս, Սուլթան համամ թիւ 12: Կըգտնուի նաեւ թղթավաճառ Վրոյրին քովը, Ղալաթիա: Գինն է 10 ղրուշ: Գավառները կը ղրկուի 12 ղրուշի: Մեծաքանակ առնորղներուն զեղչ»:
Կեղծվող ապրանքների, գողացված մտքերի, մոլորեցնող գովազդների պակաս չի եղել նաև 19-րդ դարում: Շատ բան չգիտենք, թե ինչպես են պաշտպանվել արտադրողների կամ գյուտարարների իրավունքները: Միայն, որ կեղծարարներից տուժած գործարարները փորձել են մամուլի միջոցով գոնե իրազեկել հանրությանը շուկայում գործող անբարեխիղճների մասին: Բայց գոնե գիտենք ,թե հիմա ինչպես կարելի է խուսափել վտանգներից:
«ՀՀ-ում ապրանքային նշանները, գյուտերը և արդյունաբերական դիզայնը գրանցվում են էկոնոմիկային նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի կողմից, Հեղինակային իրավունքները գրանցում չեն պահանջում և ստեղծման ուժով են պաշտպանվում, իսկ know how-ները, այսինքն՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, ընկերությունը իր ներքին կանոնակարգերի և այդ տեղեկատվությունը սահմանափակելու միջոցով է պաշտպանում»,–ասում է Արթուր Վարդերեսյանը։
Զինգերի պատմությունը և գովազդները մնացին հաջորդիվ:
Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: