Միայնակ տարեցները մեր երկրում մենակ չեն. տասը տարի առաջ դոնորական ֆինանսավորմամբ մեկնարկած Տնային խնամքի ծրագիրն այսօր արդեն պետական օժանդակություն է ստանում Շիրակի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում:
«Տնային խնամք ծրագրի գլխավոր նպատակը կյանքի դժվար իրավիճակում հայտնված տարեցների կյանքի որակի բարելավումն է: Մենք փորձում ենք բազմաբնույթ ծառայությունների միջոցով թեթևացնել տարեցների հոգսերը, իսկ հետադարձ կապի միջոցով պարզել ենք, որ ծրագիրը բավականին հաջող է և շատ պահանջարկ ունի հատկապես մարզերում»,- ասում է հայկական «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության ներկայացուցիչ Մարգար Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ սկզբնական շրջանում տրամադրվել է միայն սոցիալական աջակցություն՝ սնունդ, հիգիենիկ պարագաներ, ավելի ուշ ծրագրում ներառվել են նաև ծառայություններ՝ բուժքույրի, սոցիալական աշխատողի, խնամողի:
Տարեց անձի վիճակով պայմանավորված՝ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Հասմիկ Հովսեփյանը բացատրում է, որ, նախևառաջ, կատարվում է կարիքների բացահայտում և գնահատում, յուրաքանչյուր շահառուի համար կազմվում է անհատական սոցիալական ծրագիր: Մասնագետներն ամեն օր, երբեմն օրական երկու անգամ, այցելում են այն տարեցներին, որ ինքնուրույն ի վիճակի չեն հոգալ իրենց կենցաղային կարիքները, անկողնային հիվանդներ են, տեղաշարժվում են քայլակով կամ ունեն տեղաշարժման խնդիրներ:
Համեմատաբար ավելի լավ առողջական վիճակ ունեցող տարեցներին մասնագետներն այցելում են պարբերաբար նրանց համար գնումներ կատարելու, կենցաղային գործերում օգնելու, անձնական հիգիենայի ապահովման ու միջնորդական ծառայությունների համար: Բացի դրանից, կազմակերպության մասնագետները կապի մեջ են տեղամասային բժիշկների ու բուժքույրերի հետ, ըստ անհրաժեշտության հետևելու դեղատոմսերի կիրառմանը, ներարկումներ և այլ պրոցեդուրաներ են կատարվում:
«Մեր կազմակերպության հիմքում դրված է խիստ մարդասիրական վերաբերմունքը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր տարեցի, երբ մենք մտնում ենք տարեցի բնակարան, մենք դառնում ենք իրենց ընտանիքը, և ինչպես իրենք են ասում, արդեն թոռնիկներն ու զավակներն ենք. շփումը այնքան ջերմ է, որ կողքից նայողը չի մտածի, թե հարազատներ չեն»,- հավատացնում է Հասմիկը:
Ըստ նրա՝ չափազանց կարևորվում են մասնագետի մարդկային ու մասնագիտական որակները, թե ինչպես նա պետք է մտնի տարեցի բնակարան, լեզու գտնի նրա հետ ու փորձի վստահությունը շահել: Սոցիալական աշխատողը պետք է կարողանա նաև դժվարին այս գործում խնայել իրեն, չինքնայրվի:
Տարեց մարդիկ սովորաբար մի փոքր կասկածամիտ են, և եղել են դեպքեր, որ նրանք չեն հավատացել, որ իր տուն եկել են անշահախնդիր, անվճար օգնում են իրենց: Եղել են դեպքեր, երբ հրաժարվել են ուտել խնամողի պատրաստածը։
Մասնագետներն ասում են, որ տնային խնամքի ծրագիրը մշտապես լեցուն է անակնկալներով, և աշխատանքի գնալիս չգիտեն, թե այդ օրն ինչ դեպք կպատահի: Շատ հաճախ տարեց մարդիկ միայնակ են և անգամ լուր չունեն իրենց երեխաներից, շատերն ի վիճակի չեն օգնել ֆինանսապես, ոմանք՝ երկրից բացակայելու պատճառով չեն կարող խնամքը կազմակերպել:
Երբ դեպքը հասնում է «Կարիտաս»-ի մասնագետներին, իրենք հնարավորինս արագ փորձում են հասկանալ, թե ինչի կարիք ունի դիմողը: Շատ հաճախ դեղորայք է հարկավոր լինում, սնունդ, քանի որ թոշակով բոլոր կարիքները հոգալ չեն կարող:
Ծրագրի շրջանակում շահառուներին հատկացվում է նաև դեղորայք, բժիշկը դեղատոմս է դուրս գրում, բուժքույրերը հետևում են, որ շահառուն դեղերը ընդունի, այցելի բժշկին, եթե ի վիճակի է, եթե չի կարողանում, իրենք են ապահովում այցը:
«Մեզ համար կարևոր է, որ տարեցն իր տան մեջ կարողանա իրացնել արժանապատիվ ապրելու իր իրավունքը»,- ասում են նրանք:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է գրանցվել Միասնական սոցիալական ծառայությունում, տարեց անձի փոխարեն դա կարող է անել նաև հարևանը կամ ազգականը կամ ցանկացած մարդ, երբ տեսնում է դժվարին իրավիճակում հայտնված մեծահասակ: Իսկ ցանկացողները՝ անհատներ կամ կազմակերպություններ, կարող են անգամ փոքր ներդրումով աջակցել ծրագրին՝ այցելելով կայք karitas.am և սեղմելով «նվիրիր» կոճակը: