ԿարևորՀասարակություն

Նոր ինքնաթիռ ու նոր ուղղություններ․ «Flyone Armenia»-ն քննադատությունների ու նորույթների մասին

Ռուս-ուկրաինական պատերազմով ու աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ Հայաստանը դարձել է նաև տարանցիկ ավիացիոն ուղևորափոխադրումների երկիր․ հայկական «Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ օդային ճանապարհով ուղևորափոխադրումներ առաջարկող հայկական ընկերությունը հիմա մրցակցում է ոչ միայն տարածաշրջանային այլև եվրոպական ավիաընկերությունների հետ։ «Flyone Armenia»-ն առաջիկայում նախատեսում է նաև ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։

Պարոն Անանյա՛ն, «Flyone Armenia»-ն վերջերս հայտարարեց, որ ձեռք է բերել ևս մեկ ինքնաթիռ եվրոպական ուղղությամբ թռիչքները սպասարկելու համար․ այս պահին ինչպիսի՞նն է ձեր օդային նավատորմը և ի՞նչ նորություններ կան ուղևորների համար։

«Flyone Armenia» ընկերությունը թերևս այսօր հայաստանում ամենամեծ օդային նավատորմ ունեցող ավիաընկերությունն է․ 7-8 հատ օդանավ ենք շահագործում շուրջ 20 ուղղություններով՝ Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք և Աֆրիկա։ Այս առումով մենք բացառիկ ծածկույթ ենք ապահովում, որովհետև վերջին շրջանում, նաև աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, Հայաստանը դարձել է ոչ միայն կետից կետ ուղևորափոխադրումների համար հանգրվան, այլև տարանցման լրջագույն հնարավորություններ է ապահովում, օրինակ, Ռուսաստանից դեպի Եվրոպա կամ հակառակ ուղղություններով ճամփորդելու համար։ Եվ սա կարող է մեր ընկերության և, առհասարակ, հայկական ավիացիայի զարգացման համար լուրջ լծակ հանդիսանալ։

Թվարկե՞նք այն ուղղությունները, որոնք այսօր սպասարկում է «Flyone Armenia»-ն, առաջիկայում նոր ուղղություններ ավելացվելու՞ են։

«Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյան

Սկսենք ամենաարևմտյան հանգրվաններից․ չվերթեր ենք իրականացնում դեպի Բարսելոնա, Փարիզ, Լիոն, Միլան, Դուսելդորֆ, ամառային շրջանում նաև դեպի Տիվատ, ունենք չվերթեր դեպի Լառնակա, Քիշնև, Ստամբուլ, Հուրգադա, Շառլ էլ Շեյխ, դեպի Իսրայել։ Մեր թռիչքային աշխարհագրության մեջ է Թեհրանը, Թիբիլիսին, Սոչին, մոսկովյան երկու օդանավակայանները, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը և Եկատերինբուրգը։ Եվ իհարկե, ցանկանում ենք նաև ընդլայնել թռիչքային աշխարհագրությունը։

Դիտարկում ենք եվրոպական ուղղություններով նոր հանգրվաններ, Հնդկաստանը, Կենտրոնական Ասիան և, իհարկե, նաև ամեն ինչ անում ենք դեպի Դուբայ չվերթերը վերականգնելու համար։

Պարոն Անանյան, ամիսներ առաջ խնդիրներ կային կապված Թուրքիայի օդային տարածքի հետ․ այդ երկիրը թույլ չէր տալիս օգտագործել իր օդային տարածքը դեպի եվրոպա թռիչքների համար․ այդ խնդիրը կարգավորվե՞լ է։

«Flyone Armenia» ավիաընկերությունը արեց ու անում է ամեն ինչ իր եվրոպական գործընկերների ավիացիոն գործիքակազմերն օգտագործելով, որ որևէ մեկի ճամփորդական պլանները դեպի եվրոպական ուղղությամբ չվերթերի հետ կապված չփոփոխվեն։ Չհաշված 1-2 դեպքը, այլևս խնդիրը կարելի է գործնականում համարել կարգավորված, չնայած պետք է ասեմ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «Flyone Armenia» ավիաընկերության և որևէ այլ հայկական ավիաընկերության իրենց օդային տարածքով տարանցման հնաարվորություն չեն տալիս։

Իսկ այդ դեպքում չունե՞ք խնդիրներ կապված դեպի Ստամբուլ չվերթերի հետ։

Ոչ դեպի Ստամբուլ իրականացվող չվերթերը այս առումով երբևէ խնդիրներ չեն ունեցել և մենք իրականացրել ու իրականացնում ենք այդ չվերթերը։

Պարոն Անանյան, պարբերաբար համացանցում հայտնվում են քննադատություններ ու դժգոհություններ կապված «Flyone Armenia»-ի չվերթերի հետաձգումների ու ուշացումների հետ․ միայն հուլիսին մի քանի ուշացումներ ու հետաձգումներ ունեիք․ ի՞նչն է պատճառը։

Ես կցանկանայի, որ մենք տարանջատենք քննարկումը շահարկումից, օբեկտիվը սուբեկտիվից և իրականը մտացածինից, միայն դրա արդյունքում մենք կկարողանանք ունենալ ամբողջական պատկերը։ Դուք գիտեք, որ «Flyone Armenia» ավիաընկերությունը երբեք չի խուսափել հրապարակայնությունից։ Այսօր «Flyone Armenia»-ն օրական շուրջ 20 չվերթ է իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանից և դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Այսինքն, ամենաշատ չվերթեր իրականացնող ավիաընկերություն է, նաև պետք է շեշտեմ, որ ամառային թռիչքային սեզոնում աշխարհի բոլոր ավիաընկերությունները ավելի ինտենսիվ են շահագործում օդանավային պարկը և որոշակի խնդրներ առաջանում են բոլորի մոտ։ Բացի այդ, բազմաթիվ հարցեր ուղղակի դուրս են ավիաընկերության վերահսկողությունից ու կարող են կապված լինել սպասարկող օդանավակայանների ու ցամաքային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։

Back to top button