Կատակում էի, որ աղջկաս անունը «Բլոկադիա» եմ դնելու․ պատմում են պաշարված Արցախի հանրային ռադիոյի 6 հղիները


Չնայած ստեղծված անմարդկային պայմաններին՝ Արցախում կյանքը շարունակվում է, ու դրա ապացույցը ամեն օր ծնվող փոքրիկներն են։ Արցախի մոր և մանկան առողջության կենտրոնի տնօրենն ավելի վաղ հայտնել էր, որ չնայած դժվարություններին ու բարդություններին ծնունդների թիվը չի նվազել։ Շրջափակման օրերին նոր կյանք պարգևած մայրիկներից մի քանիսն էլ Արցախի հանրային ռադիոյի մեր գործընկերներն են։
«Առաջինը մեր լրատվական բաժնի լրագրող մեկնաբանն էր, որ նախորդ տարի օգոստոսին բոլորիս հայտնեց հղիության մասին, դրանից հետո նախ ես, հետո լրատվական ծառայության ղեկավարը՝ Յուլյան, հետո կայքի խմբագիրը՝ Մարիամը, հետո հաղորդումներ պատրաստող Վեհանուշը։ Բոլորս իրար հետևից իմացանք, որ բալիկի ենք սպասում»,– պատմում է Արցախի հանրային ռադիոյի տնօրենը։
Սա արցախյան շրջափակման հակառակ կողմն է կամ Արցախի հանրային ռադիոյի մանկական հրավառությունը։ Ռադիոյի տնօրեն Տաթև Միրզոյանը երջանկության շղթայական ռեակցիայի մասին պատմում է այն ժամանակ, երբ իր 2 ամսական փոքրիկի համար խանութներում ոչ կաթնախառնուրդ կա, ոչ տակդիր, ոչ էլ հագուստ։
«Մոր համար երևի ամենադժվարն այն է, երբ երեխան ինչ–որ բան է ուզում, ինչ–որ բանի կարիք ունի, իսկ դու ունես գումար ու հնարավորություն, բայց չես կարողանում դա ապահովել, քանի որ ապրանքը պարզապես չկա»։


Արցախի Հանրային ռադիոյի մեր գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, կարելի է ասել՝ միասին նաև աշխատում ենք։ Ծանրաբեռնված աշխատանքի ու անհանգստացնող լուրերի արանքում պարբերաբար նաև լսում էինք՝ Յուլյան ֆիզարձակուրդում է, Տաթևի բալիկն արդեն ծնվել է։ Արդյունքում՝ ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրային ռադիոյում արդեն 3 նորաթուխ ու 3 ապագա մայրիկ կա։
Առաջինը ռադիոյի լրագրող–մեկնաբան Մարգարիտա Ղուշունցն էր։
«Երբ ես արդեն իմացա, որ պետք է ունենանք մեր 3-րդ փոքրիկին, արձակուրդում էի, վերադարձա ու ուշադիր նայում էի իմ գործընկեր աղջիկներին, նրանց, ովքեր դեռ ամուսնացած չեն կամ 1-2 բալիկ ունեն, սկզբում Տաթևին տեսա, ասեցի արի ձեռքս դնեմ գլխիդ, հետո Յուլյան ու այդպես շարունակ ձեռքս բոլորի գլխին դրել եմ»,– պատմում է Ղուշունցը։
3–րդ բալիկին սպասող Մարգարիտայի ձեռքն, ինչպես ասում են, «խերով էր»։
«Մեկս մյուսի հետևից գնում էինք կադրերի բաժին ու ֆիզարձակուրդի համար դիմում էինք գրում, այդ բաժնի աշխատողներից մեկն ասում է, իհարկե, շատ լավ է, որ շատանում եք, բայց որ մեկդ մյուսի հետևից գնում եք, մենք ձեր տեղը ոնց ենք լրացնելու։ Ես էլ կատակով ասացի՝ այնպես չանեք, ձեռքս ձեր գլխին էլ դնեմ»։
Խմբագրությունում ոչ միայն լուրերի բովանդակությունը, այլև շրջափակման բերած տրամադրությունն է շատ արագ փոխվել․ ոչ միայն հումորներով, այլև մեկը մյուսին օգնելով են փորձել հաղթահարել օր օրի սրվող շրջափակման ու հղիության դժվարությունները՝ պատմում է Տաթևը։
«Մեր ավելի փորձառու գործընկերները տանը ինչ ունեին ու կարող էին, բերում էին ռադիո ու հատուկ շեշտում էին՝ սա հղիների համար է, որ գոնե մենք այդ վիտամինները ստանանք։ Հաճախ նաև պատրաստի եփված ճաշ էին բերում կամ սառեցված բանջարեղեն․ երևի երբեք դա չենք մոռանա»։
Հիմա Արցախում ընդհանրապես շոկոլադ չկա, շաքարավազ չկա, եթե ինչ–որ մեկի տանն էլ մի քիչ ավելի շաքարավազ կա, բերում են, ու մեր ռեժիսոր Կարինեն հիշել էր, թե ինչպես են շաքարաքլոր սարքում և Կարինեն բոլորիս համար շաքարաքլորներ է սարքում, որ կարողանանք մի կերպ ճարած սուրճը գոնե կոնֆետով խմենք։
Լրատվական ծառայության տնօրեն Յուլյա Վանյանը, որ մի քանի շաբաթ հետո լույս աշխարհ կբերի իր 3-րդ որդուն, հղիության մասին շրջափակման առաջին օրվանից՝ դեկտեմբերի 12-ից, մի քանի օր առաջ է իմացել։
«Սկզբում հիմնական խնդիրը դեղորայքի, վիտամինների պակասն էր, ինչի հետևանքով վիժման, հետո արդեն վաղաժամ ծննդաբերության վտանգ կար, ու դրա հետևանքով ես հղիության ընթացքում արդեն 3 անգամ հիվանդանոցում եմ պառկել, ու հիմա էլ անկողնային ռեժիմով եմ անցնում հղիությունս, քանի որ կա վաղաժամ ծննդաբերության վտանգ»,– պատմում է Յուլյա Վանյանը։
Մյուս ամենամեծ խնդիրը երեխայի համար անհրաժեշտ պարագաներ գտնելն է․ Արցախի ռադիոականները ասում են՝ փոխանակում են հագուստը, տակդիրը, տրամադրություններն ու հոգսերը։
«Ստեփանակերտում շատ դժվար է գտնել մանկական հագուստ, հիգիենայի պարագաներ։ Ես երբեք չէի մտածի, որ կարող եմ օգտագործած մանկասայլակ գնել, բայց ի վերջո ստիպված էինք, քանի որ չկա։ Նույնը նաև հագուստը․ հիմա ստիպված գնացել, մնացորդներից ինչ գտել, վերցրել եմ, մի քանի շոր վերցրի, որ գոնե սկզբի համար բավարարի, բայց հետո ինչ ենք անելու չգիտեմ»։
Արցախի մայրիկները հիմա աշխատանքն ու երեխայի խնամքը ստիպված են նաև հովհարային անջատումների հետ հարմարեցնել․ 2 ամսական փոքրիկի մայրիկը՝ Տաթևը, պատմում է՝ թելադրողը ոչ թե երեխայի լացն է, այլ հոսանքը։
«Թեկուզ երեխադ այդ պահին լացելիս լինի, բայց դու գիտես, որ 2 ժամ լույս չես ունենալու ու գազ էլ չունես ճաշ պատրաստելու համար, ստիպված ես երեխային թողնել ու ճաշ պատրաստել կամ մյուս գործերով զբաղվել, որ մինչև լույսերը անջատելը գործերդ ավարտած լինես»։


Արցախում ստեղծված իրավիճակը լրատվական թիմի նորաթուխ մայրիկներին ստիպում է նաև արագ նորից աշխատանքի վերադառնալ։ Մանկասայլակներով աշխատանքի գալու ժամանակաշրջանում ենք՝ կատակում է լուրերի մեկնաբան Մարգարիտան Ղուշունցը։
«Շատ դժվար է, հատկապես որ տրանսպորտ չկա։ Ես, օրինակ, մտածում էի, որ կարող եմ ժամը 1-ին երեխային կերակրել ու 5 րոպեում աշխատանքի հասնել, հիմա ստիպված եմ 1 ժամ առաջ դուրս գալ տանից։ Խոսք կա, չէ՞, որ ասում են «երկնքից երեք խնձոր ընկավ․․․», մեր դեպքում եթե երկնքից մի մեքենա է ընկնում, դա իսկական երջանկություն է»։
Աշխատանքը նաև օգնում է դժվարությունները հաղթահարել, գոնե կարճ ժամանակով կտրվել առօրյա հոգսերից։ Արցախցի լրագրող մայրիկները պատմում են, անկեղծանում, հետո իրենք իրենց վրա զարմանում, թե ինչպես են դիմանում դժվարություններին։
«Մեզ ասում են՝ դե լուրերը դուք եք ասում, գոնե մի լավ բան ասեք․․․ Ախր մենք էլ մի լավ բան պետք է լսենք, որ փոխանցենք, բայց հուսով ենք որ մոտ ապագայում կկարողանանք մեր եթերներից լավ լուրեր փոխանցենք»,– պատմում է ռադոյի լուրերի մեկնաբանը։
7 ամսական Սաթէն, 4 ամսական Ռոզին, ու 40 օրական Վահեն շրջափակված Արցախի Հանրային ռադիոյում ծնված փոքրիկներն են, շուտով նրանց կմիանան նաև մյուս 3 ռադիոական փոքրիկները։
«Որ ասում էին աղջիկ ես ունենալու, անունն ինչ ես գնելու միշտ կատակով ասում էի, որ Բլոկադինա եմ դնելու։ Հիմա որ աղջկաս՝ Ռոզիին նայում եմ ասում եմ իրոք Բլոկադինա ես դու։ Խեղճ երեխաս ինչ ծնվել է, կամ հացի, կամ կաթնամթերքի համար հերթերի մեջ է»։
Ռադիոականներն անկեղծանում են՝ դժվար թե երբևիցե մոռանան շրջափակման մեջ անցկացրած հղիության, ծննդաբերության ու իրենց երեխաների շրջափակված մանկության մասին․ ցանկությունը ու երազանքը հիմա մեկն է՝ հաջորդ 3 փոքրիկները լույս աշխարհ գան ազատ շունչ քաշող Արցախում։