ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը գնում է Սերբիայի ճանապարհով․ ՄԱԿ ԱԽ-ում քննարկել են Արցախի իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախօրեին տեղի ունեցած «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով բաց քննարկումը թեև առավելապես նվիրված է եղել ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած պարենի խնդրիներին, բայց ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Արցախի շրջափակման հարցը։ Քննարկմանն անդրադարձ է եղել ստեղծված իրավիճակին, կոչեր են հնչել՝ ուղղված Ադրբեջանին ու հենց կառույցին։

Սրան զուգահեռ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ համատեղ հայտարարություն-պահանջով դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին։

Հայաստանյան  հասարակական ութ կազմակերպություններ դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության մանդատակիր երկրների և կոչ են արել հրատապ միջամտություն ցուցաբերել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի առնչությամբ։

Այն, ինչ հայ հանրությունն ակնկալում է ՄԱԿ ԱԽ-ից, ձևակերպվել է 5 կետով․

● Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի։

● Անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում միջազգային խաղաղապահ մանդատ ներգրավելու համար՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից, այսինքն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մանդատի ավարտից հետո։

● ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։

● ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար։

● Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։

Միջազգային իրավունքով, սակայն, մինչև այս քայլերն անելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնի և կազմակերպությանն օժտի հումանիտար միջամտության մանդատով: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ Արցախի դեպքում առայժմ օգտագործվում է շրջափակում բառը, բայց իրավիճակը սրվելու դեպքում այն կարող է վերածվել պաշարման։ Վերջին շրջանում հաճախացել են նաև Հայաստանի կառավարությանն ուղղված կոչերը ՄԱԿ ԱԽ դիմելու պահանջով․

«Կարծում եմ՝ ՀՀ-ն դեռ կդիմի, որովհետև, ենթադրում եմ, իրավիճակն էլ ավելի է սրվելու։ Այս օրակարգը որքան զարգանում է, այդքան Ադրբեջանի շահերից չի բխում, որովհետև Ադրբեջանն աստիճանանբար հայտնվում է այն դիրքում, որ դիրքում Սերբիան է գտնվել, երբ նրա դեմ արդեն ձևավորվեց կոալիցիա, որովհետև Սերբիան կատարում էր մարդկության դեմ հանցագործություններ։ Հիմա Ադրբեջանն այդ ճանապարհին է․ պատերազմական հանցագործությունները կատարվել են, ռազմական հանցագործությունները կատարվել են։ Հաշվի առնելով մասշտաբայնությունը, որ գնալով մեծանում է և ինտենսիվությունը,  բլոկադան գնալով սրվելու է այս իրավիճակը և արդեն իրավաբանորեն սկսվելու են քննարկումներ, թե արդյո՞ք սա մարդկության դեմ հանցագործություն չէ։ Եվ դրա համար հիմա Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ մանևրում է, որպեսզի այս իրավական ձևակերպման տակ իրավիճակը չանցնի»։

Ամեն դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդեն հնչել է․ «Ֆրանսիան հիշեցնում է, որ խաղաղ բնակչությանը սովի մատնելը ռազմական հանցագործություն է, որը չպետք է անպատիժ մնա»,-հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի ներկայացուցիչ Նատալի Բրոդհերսթը՝ կոչ անելով վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան:

Նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի է ունեցել «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով բաց քննարկում։ Հենց այդ շրջանակում էլ, կարծես, ձևավորվում է միջազգային իրավունքի մասնագետի ակնարկած կոալիցիան։ Թեև ելույթների մեծամասնությունն առնչվում էր հարցին, թե Ուկրաինայի դեմ պատերազմը սովի ինչ խնդիրներ է ստեղծել, օրինակ, աֆրիկյան մի շարք երկրներում, բայց հնչեցին նաև ելույթներ, որոնցում հստակ անդրադարձ կար Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։   

Ֆրանսիայի ներկայացուցչի կոչերին ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը միացել  նաև Շվեյցարիայի ներկայացուցիչը։ Դիվանագետն ընդգծել է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։

«Անհրաժեշտ է պայքարել անպատժելիության դեմ, հատկապես այն անձանց դեմ, որոնք սովը օգտագործում են որպես պատերազմ վարելու բաղադրիչ։ Քաղաքացիական բնակչությանը  գոյատևման միջոցներից զրկելն ավելի է սրում իրավիճակը հակամարտության շրջաններում։ Նոբելյան դափնեկիր Նորման Բրլոուգը ասել է՝ դատարկ փորին խաղաղություն չես կառուցի»։

2019-ին Միջազգային քրեական դատարանի Ստատուտում Շվեյցարիայի նախաձեռնությամբ ուղղում է արվել, որպեսզի ներքին հակամարտությունների ժամանակ նման հանցագործությունները նույնպես քրեական հետապնդման առարկա դառնան։ Դիվանագետը առաջարկեց ՄԱԿ ԱԽ բոլոր երկրներին վավերացնել այդ ուղղումը։   

Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը, քննարկմանը ներկայացնելով օրինակներ ոչ թե անցյալից, այլ ներկայից, նկարագրել է Արցախում տիրող իրավիճակը․ Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են սննդի, դեղորայքի և կենսական ապրանքների կրիտիկական պակասի։ Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների խաթարումը կաթվածահար է արել սոցիալական և առողջապահական  ոլորտները, տրանսպորտի համակարգը։

«Մարդիկ չեն կարողանում կաթ, հաց գտնել երեխաների համար կամ բժշկական օգնություն ստանալ։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին գոյության վտանգ է սպառնում Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով: Ադրբեջանն ավելի քան յոթ ամիս փակ է պահում Լաչինի միջանցքը։ Սա Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում է, որը վերահաստատվել է հուլիսի 6 հրամանով։ Անգործության գինը շատ բարձր է։ Սա զանգվածային վայրագություն է, որը իրականացվում է սովի միջոցով և այն պետք է կանխվի»։

Դիվանագետը նշել է շրջափակումն ազդել է մարդկանց ամենախոցելի խմբերի վրա։ 2 000 հղի կանայք, 30 000 երեխաները, 12 000 տարեցներն ու 9 000 հաշմանդամություն ունեցող անձինք պայքարում են ապրելու համար՝ կենսական նշանակության ապրանքների ու բժշկական օգնության բացակայության պայմաններում։ ՄԱԿ ԱԽ նիստին Գևորգյանը փոխանցել է  հայկական կողմի ակնկալիքը կառույցից՝ հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու միջազգային դատարանի որոշումներն ու միջազգային հումանիտար իրավունքը։

Հայ դիվանագետը խոսել է  նաև ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին։

Ադրբեջանի ներկայացուցիչն այս փաստերին չի անդրադարձել, փոխարենը խոսել է «Ադրբեջանին հասցված վնասը փոխհատուցելու» մասին, խաղաղության բանակցություններին և սահմանազատման գործընթացներին բարեխղճորեն մասնակցելու կոչ է արել և հորդորել ամբողջությամբ «դուրս բերել զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Back to top button