Հողի ու քարի մշակները․ Տավուշի գյուղերում փոքր բիզնեսը նոր ուղղություններով է զարգանում


Բագրատաշենում զեյթուն են աճեցնում, իսկ Կողբում Դեբեդից քարեր են կտրում։ Այս երկու բիզնես ծրագիրը ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացնում է միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը։ Ծրագիրն աջակցում է հայ միգրանտներին նոր բիզնես ստեղծել կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնել։
Հայաստանի սահմանային բնակավայրերից մեկում՝ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում աճում է մեր բնակլիմայական պայմաններին ոչ այնքան բնորոշ ձիթենին։ Այս տարածքում ձիթենիները հայտնվել են դեռևս անցած դարի 50-ական թթ․–ին։ Բագրատ Վարդանյանը, որը հետագայում պետք է դառնար Բագրատաշենի հիմնադիրը, ժամանակին աշխատում էր Էջմիածնի պահածոների գործարանում։ Կենտկոմի որոշմամբ նրան ուղարկում են Նոյեբերյանի շրջան՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Ուսումնասիրելով Նոյեմբերյանի կլիմայական պայմանները՝ Բագրատ Վարդանյանը որոշում է այստեղ ձիթապտղի ծառեր տնկել։ Սկզբում ոչ ոք չի հավատում, որ բնակլիմական այդ պայմաներում ձիթենին կարող է բերք տալ։ Բայց Հունաստանից բերված շիվերը ոչ միայն հարմարվում են տեղանքին, այլև առատ բերք են տալիս։ Սա տեսնելով՝ շատերը սկսում են մեծ այգիներ տնկել։
Սակայն հետագայում տեղացիները հրաժարվում են այդ գաղափարից ու զեյթունի փոխարեն դեղձի, արքայանարնջի ու նեկտարինի այգիներ են հիմնում։


Բայց երկու տարի առաջ Բագրատաշենի բնակիչներից մեկը՝ Արմենը, հայրենի գյուղում որոշեց ձիթենու այգի տնկել։ Այն տարածքում, որտեղ այժմ աճում են նրա ձիթենիները, քարքարոտ տարածք է եղել։ Բայց հիմա դրանից հետք անգամ չի մնացել։
«Մի օր այստեղ նստած էինք գյուղի մեծ Անդիկ պապի հետ։ Ասեցի սեփական հող ունեմ՝ մոտ 3,5 հա, ուզում եմ այգի գցեմ։ Ասեց՝ Արմեն, հնարավոր չի, ասեց՝ կանալից վերև ա, ու ջրի խնդիր կա։ Ասեցի՝ չէ, ես էտ այգին քցելու եմ»։
Այս տարածքներում ոռոգման ջուրը մեծ խնդիր է, այդ պատճառով էլ մարդիկ այգեգործությամբ քիչ են զբաղվում։


Արմեն Սարգսյանն ասում է՝ չնայած այդ ամենին, ձեռնամուխ է եղել այս գործին։ Կաթիլային ոռոգման համակարգ է ներդրել, որը ֆինանսավորել է ԵՄ –ի Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը՝ ( EU4IMPACT Armenia)
Արմեն Սարգսյանը պատմում է, որ զեյթունը քաղում են կանաչ վիճակում և իրացնում արտերկրում։ Կարող են անգամ սև զեյթուն ստանալ, բայց այն մշակելու տեխնոլոգիա չունեն ու բերքը կարող է փչանալ։ Մեկ ծառից կարելի հավաքել 50 – 100 կգ ձիթապտուղ։
«Մենք որևէ թունաքիմատ չենք օգտագոծում, հողը պետք է ժամանակին փխրեցնես, ջրես ու ամենակարևորը՝ սիրես»։


Մեկ այլ բիզնես ծրագիր էլ Տավուշի մարզի Կողբ գյուղում են սկսել։ Կողբի բնակիչ Վասիլ Ղարխանյան էլ 27 տարի ապրել է Մոսկվայում, ինժեներ է, աշխատել է մեծ ու հզոր գործարաններում։ 2019 թ–ին վերադարձել է հայրենի գյուղ ու փոքրիկ արտադրություն հիմնել։ Դեբեդ գետի ափերից քարեր է հավաքում, կտրում ու մշակում։ Նրան նույնպես ֆինանսավորել է ԵՄ –ի Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը։
«Գետից քարեր կտրելու գաղափարը չգիտեմ՝ ո՞նց առաջացավ, բայց առաջին իսկ օրվանից գիտեի, որ լավ գաղափար է»։


Վասիլ Ղարախանյանը գետաքարերից սալիկներ է ստանում իր իսկ նախագծած ու պատրաստած հաստոցով։ Ասում է՝ ամեն քար չես կարող կտրել, քարին նայելիս հասկանում եմ՝ հաստոցը կկտրի՞, թե՞ ոչ։
«Ամեն քար իր յուրահատուկ գույնն ունի, որը չի կրկվում»։








Վասիլը մի այլ հաստոց էլ է ստեղծել, որը թելեր, պարաններ է արտադրում, որոնք օգտագործում են գյուղատնտեսության մեջ։ Առաջիկայում պատրաստվում է ընդլայնել արտադրությունը, ու հենց Կողբի տարածքում։