ԿարևորՀասարակություն

Կարմրուկի դեմ պատվաստման թուղթը՝ հիվանդին տեսակցելու պարտադիր պայման

Կարմրուկի տարածման առումով իրավիճակը հանրապետությունում հանգիստ է։ 5 ամսում Հայաստանում գրանցվել է շուրջ 360 լաբորատոր հաստատված դեպք։ Այս պահին հոսպիտալացված է 5 երեխա։ Նրանց բոլորի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկել վարակի տարածումը հնարավորինս կանխելու ուղղությամբ։

Բժշկական հաստատություններում, կարմրուկով պայմանավորված, տեսակցություններն արգելվել են։ Առողջապահության նախարարի հրամանն է։ Հիվանդին կարող են տեսակցել միայն կարմրուկի դեմ պատվաստումը կամ նախկինում հիվանդանալը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։ Սրանով նախարարությունը փորձում են կանխել վարակի տարածումը, «Ռադիոլուրին» պարզաբանում է ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը․

«Կարմրուկի հետազոտությունը կատարվում է ցանի դրսևորումից 4–րդ օրը։ Այս ժամանակահատվածում ոչ ոք չգիտի՝ տվյալ անձը, որ ցանավորվել է, վարակի՞չ է, թե՞ ոչ, կարմրու՞կ է իր մոտ, թե՞ ոչ։ Եվ այս ժամանակահատվածում մարդը, որպես այցելու, տեսակցում է իր հարազատին հիվանդանոցում և կարող է վարակել արդեն հիվանդ անձին»։

Բնակչության շրջանում կան դժգոհությունները, որ այս կերպ մարդկանց ստիպում են գնալ պատվաստման։ Ի պատասխան՝ Գայանե Սահակյանն ասում է՝ նախ պատվաստման գնալը դա գիտակցության հարց է, հետո՝ նման մտադրությունների դեպքում նախարարությունն ավելի կոշտ քայլեր կձեռնարկեր։ Այս հրամանը վերաբերում է միայն բժշկական կենտրոններին, ոչ թե տրանսպորտին ու հասարակական վայրերին․

«Երկիրն ունի համաճարակային իրավիճակ այս պահին, և երբ որ համաճարակային իրավիճակը լուծվի, բռնկումը տեղայնացվի, հրամանի այս կետը կհանվի»։

Մինչև այս փոփոխությունն էլ բուժհաստատություններում տեսակցությունները «դե յուրե» արգելված էին, «Ռադիոլուրին» ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք–Նուբարյանը։ Այլ հարց է, թե որքանով էր դա իրագործվում։ Այս փոփոխությունն ավելի շատ նախկինում գործող կարգավիճակն է բարելավում․

«Այսինքն՝ ասում է, որ եթե մենք արգելում էինք, բայց հիմա, եթե մարդը պատվաստված է, թողնենք գնա իր հարազատներին այցի։ Հիմա եկանք պրակտիկ մասին, թե որքանով է այդ արգելքը, որ դրվել է, գործել։ Ամեն մարդ թող ինքն իր հետևություններն անի։ Իսկ այս փոփոխությունն էլ ենթադրում էր, որ այս արգելքը պիտի մեղմվի»;

Ինչպես նախկին արգելքը, սա ևս կգործի նույն կերպ։ Հրամանները միշտ էլ մնում են թղթի վրա, եթե դրանց իրագործումը վերահսկողներ չկան։ Իսկ այս դեպքում ո՞վ պետք է հսկի այդ թղթերի առկայությունը, հարցնում է Դավիթ Մելիք–Նուբարյանը։

Կարմրուկի համաճարակային վիճակը Հայաստանում հանգիստ է։ Մարտից մինչև այսօր 359 լաբորատոր հաստատված դեպք է գրանցվել, որից 250–ը երեխաներ են, 109 –ը՝ մեծահասակներ։ Փոքր բռնկումների աղբյուրը բերովի դեպքերն են, «Ռադիոլուրին» ասում է ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Հայաստանում 2007 թվականից տեղական դեպքեր չեն գրանցվել։ Հիվանդացածները հիմնականում չպատվաստվածներն են։ Կան նաև մեկ դեղաչափ պատվաստված անձինք․

«Համաճարակային իրավիճակի տեսանկյունից թեթև դեպքերը մի փոքր մեզ ավելի են անհանգստացնում, որովհետև նրանք հիմնականում չեն դիմում բուժհաստատություն։ Շատ կարճ ժամանակամիջոցում առողջությունն ապաքինում են և դուրս են գալիս իրավիճակից, սակայն չեն սահմանափակվում, չեն մեկուսանում և կարող են վարակն իրենց հերթին տարածել»։

Այս տարվա ապրիլից ակտիվացել են կարմրուկի դեմ պատվաստումները։ Եթե տարեսկզբին պատվաստանյութի ամսական միջին ծախսը 7500 դեղաչափ էր, ապա այժմ 15 000 է պահանջարկը, ասում է կենտրոնի փոխտնօրենը։ Սա ակտիվ պատվաստման ցուցանիշ է։ Սակայն այս թվերի կողքին նաև հակառակ պատկերն ունենք․չպատվաստվածների բանակ․

«Բայց նման միտում էլ ունենք, որ այն մարդկանց, որոնք նախկինում հրաժարվել են պատվաստումներից, բոլոր դեպքերում բավականին դժվար է խրախուսել, մոտիվացնել պատվաստումների գնալ։ Նույն անձինք, եթե անգամ ընտանիքում գրանցվում է կարմրուկով հիվանդ, իրենց կոնտակտավորների, շփված անձանց հետ աշխատանքի արդյունքում լինում են դեպքեր, որ նորից կրկնակի հրաժարվում են»։

Այս պատկերը մտահոգում է առողջապահության նախարարությանը։ Պատվաստումների միջոցով են կարողանում կանխել կարմրուկի տարածումը։ Իսկ պատվաստումներից հրաժարվողների պատճառով իրավիճակն ամբողջովին վերահսկել հնարավոր չէ։ Պատվաստվել կարող են բոլոր տարիքային խմբերը, ցանկացած տարիքում էլ վարակվելու մեծ ռիսկ կա, ասում է Գայանե Սահակյանը։

«Եթե երեխան կոնտակտավոր է, կապ չունի՝ ինքը որ տարիքում է։ Ինքը նույնիսկ 0 դեղաչափ պետք է ստանա։ Սա 12 ամսականին է վերաբերում։ Որովհետև, եթե մենք ճիշտ ժամանակին ենք անում պատվաստումը, անգամ շփումից 72 ժամվա ընթացքում, ինքը շատ բարձր արդյունավետություն ունի և կարող է կանխել հիվանդության զարգացումը։ Իսկ եթե անցել է 72 ժամից հետո, ապա կարող է մեղմ տանել հիվանդությունը, ոտքի վրա տանել և ժամանակամիջոցը ընդհատվի»։

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։ Այն համարվում է մանկական ամենավարակիչ հիվանդությունը։ Մեկ հիվանդը կարող է վարակել մինչև 18 առողջ մարդու։ Եթե մարդը նախկինում չի տարել կարմրուկ կամ չունի երկդեղաչափ պատվաստումային կարգավիճակ, վարակվելու հավանականությունը գրեթե 100 տոկոս է։ Հիվանդության գաղտնի շրջանը 7-21 օր է։ Սկսվում է ցանային էլեմենտներով, որոնք ի հայտ են գալիս դեմքին, ջերմության բարձրացում, աչքի եղջերաթաղանթի բորբոքում, արցունքահոսություն։ Այս ախտանշաններից որևէ մեկը նկատելու դեպքում մասնագետների հորդորն է անմիջապես դիմել բժշկի։

«Եթե մենք ունենք կարմրուկի հետ կապված կասկած, կամ կոնտակտավոր ենք, առաջին պայմանը ինքնամեկուսացումն է։ Պետք է խուսափել մեծ քանակությամբ մարդկանց հետո կոնտակտից։ Եվ հաջորդ ամենակարևոր քայլը պատվաստումն է, որը կատարվում է 1 և 6 տարեկանում։ Սակայն էպիկ ռեժիմի առումով պատվաստվողների տարիքային շեմն իջեցվել է»։

Պատվաստանյութերի պակաս հանրապետությունը չունի։ Բոլոր բուժհաստատություններն ապահովված են։ Նախարարությունն այժմ էլ նոր խմբաքանակի ներմուծման պայմանավորվածություններ է ձեռք բերում։ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն անվճար են թե՛ երկրի քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների համար։

Back to top button