ԿարևորՔաղաքական

Խաղաղության հակառակ օրակարգը․ Փաշինյանը՝ Ադրբեջանի «պլան»–ի մասին

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներն այսօր անձամբ են տեսել, թե ինչպես հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն արդեն 8 օր չեն կարողանում հասնել Արցախ։ Իրավիճակին նրանք հետևել են Կոռնիձորի սահմանային հատվածից։ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում մեջբերել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունը, նշելով՝ ցավոք, այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Արցախյան ճգնաժամի  հումանիտար ու քաղաքական դրսևորումներին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ։

Վերջին շրջանի բոլոր իրադարձություններին զուգահեռ վարչապետ Փաշինյանը շարունակում է հավատալ, որ տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա, պարզապես մի քանի կոչ ունի` ուղղված Ադրբեջանին և պարզաբանումների կարիք՝ այլ «խաղացողներից»։

Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման՝ Ադրբեջանից բացակայող հաստատումները, տարբեր հատվածներում, որոշ դեպքում ուժի կիրառմամբ դրոշներ տեղադրելու Ադրբեջանի գործելաոճը տպավորություն  է ստեղծում, որ այդպես Բաքուն պարզապես խոչընդոտում է սահմանազատման և ընդհանրապես խաղաղ կարգավորման գործընթացը։

«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել, և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ–ին։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում։ Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են»։

Վկայակոչում է 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, որը, ասում է, հաստատվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հանդիպման արդյունքներով․ Ալմաթիի հռչակագիրը ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման հիմք, տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու թվային արտացոլումը՝ նույնպես։

Հայաստանի վարչապետը նոր պարզաբանումների կարիք է տեսնում կրկին ռուս խաղաղապահներից։ Այս անգամ խնդրո թեման Ադրբեջանի նախագահի երկու իրարամերժ հայտարարություններն են։ Մի դեպքում Ալիևը համառորեն պնդում է, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15–ին հայկական կողմի «ռազմական սադրանքն» է, որն իրականում Հայաստանի տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձի միջադեպն էր, մյուս կողմից կա «Եվրանյուզ»–ին Ալիևի տված հարցազրույցը։

«Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզ»–ին տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը։ Ինչո՞ւ նրանք չեն ապահովում ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը։ Կարծում եմ, այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»։

Միջազգային կառույցներն իրենց հերթին կարծում են, որ իրավիճակը դեռ հնարավոր է շտկել պարզապես հայտարարություններով։

Մինչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ և ընդգծվում Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտությունը, ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին և «տևական ու արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը»։ Ձևակերպումը ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերինն է։

Մինչդեռ հայկական օրակարգում այլ խնդիրներ են սրվում, որոնց  մասին բարձրաձայնում է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Բավական կրիտիկական է իրավիճակը  այնտեղ գտնվող բուժառուների համար, ովքեր իսկապես կարիք ունեն ավելի նեղ մասնագիտացված օգնության։ Ժամանակի ընթացքում, ինչքան երկարում են այս շրջափակման օրերը, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ արդեն առողջական լուրջ խնդիրներ ունեցողներին, ովքեր ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք։ Մենք բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք և նկարագրում ենք իրավիճակը, նաև պահանջներ դնելով միջազգային կառույցների առջև իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու»։

Խաղաղության օրակարգին հակառակ՝ նախորդ շաբաթ Հայաստանից ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է կանգնած մնալ Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հայաստանի կառավարությունը ԼՂ մարդասիրական բեռներ ուղարկելու որոշումը կայացրեց, երբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց Ադրբեջանի խոչընդոտների պատճառով իր կողմից ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին։

Հումանիտար բեռի եթե ոչ մեծ, ապա զգալի մասը երեխաների կաթնախարնուրդներն են, խրոնիկ հիվանդների, հակացնցումային, հակաբորբոքային և ամենօրյա օգտագործման դեղորայքն է։

Խաղաղության օրակարգին Ադրբեջանի հավատարմությունը ցույց տալու լավագույն քայլերից Փաշինյանը համարում է ինչպես Հայաստանից հումանիտար օգնության բացթողումը Արցախ, այնպես էլ․

«Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ։ Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ Լաչինի միջանցքով, առանվել ևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության և արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22–ի և հուլիսի 1–ի որոշումների կոպիտ խախտում է»։

Խելամիտ ու արագ գործելու դեպքում Ադրբեջանի քայլերը կարող էինք օգտագործել հենց իր դեմ՝ համոզված է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Սոցցանցում նա գրել է․

«Ադրբեջանն այս պահին ստեղծել է մի իրավիճակ, որն ապացուցում է, որ այդ մարդիկ չեն կարող անվտանգ ու խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում: Ենթադրենք՝ ընդունեցին Ադրբեջանի քաղաքացիություն, մտնելու են ձերբակալեն հազարավոր տղամարդկանց՝ որպես պատերազմի հանցագործներ ու տանեն Բաքու, ո՞վ է նրանց պաշտպանությունն ապահովելու»:

Ադրբեջանագետի համոզմամբ՝ Ադրբեջանը մեզ գործիքներ է տալիս. խոստանում է Աղդամի ճանապարհով հաց մատակարարել, բայց ակնհայտ է, որ այդ ճանապարհը որպես ձերբակալությունների վայր է դիտարկում:

Կարդացեք նաև
Close
Back to top button