ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ է պետք պետությանը պատմել՝ ինչքան փող ունեք․ բանավեճի վերածվող քննարկումներ

Թեև մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտավորվելու են հայտարարագիր ներկայացնել, և թեև փուլային ծրագրի մեկնարկը հենց այս տարին է՝ 2023-ը, դեռ շարունակում են սրա անհրաժեշտության վերաբերյալ բանավեճի վերածվող քննարկումները։ Ինչո՞ւ է անհրաժեշտ այս համակարգի ներդրումը, ո՞վ է լինելու օգուտ կրողը և ինչո՞ւ է պետությունն ուզում իմանալ՝ ով ինչքան փող ունի։ Այս հարցերն այս անգամ պատասխանել են Ֆինանսների նախարարության և «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ներկայացուցիչները։

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը չի աշխատելու և պետք էլ չէ, որ աշխատի․ սա «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանի տեսակետն է։ Ասում է՝ նույնիսկ հայտարարագրում ներկայացրած անձանց համար երաշխիքներ նախատեսող նախագիծը չի կարող մոտիվացիա առաջացնել հայտարարագիր ներկայացնելու համար․

«Այդ չափն այնքան փոքր է, որ ավելի լավ էր չանել, քան անունը դնել, որ անում եք։ Տարեկան ընդամենը 100 000 դրամի մասին է խոսքը, երբ այդ հայտարարագիրը լրացնելու համար գուցե սովորական քաղաքացին օրինակ աութսորս անելով ծախսի 10-50 000 դրամ, մոտիվացիա կա՞ էդ անելու»։

Ըստ Թադևոսյանի՝ քաղաքացիները դժվարություններ են ունենալու հայտարարագիրը լրացնելիս և դիմելու են այդ գործը գումարի դիմաց կատարող կազմակերպությունների կամ մարդկանց։ Արդյունքում՝ վնասն օգուտից շատ է լինելու։ Սակայն ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը հակադարձում է՝ քաղաքացիները որևէ դժվարության չեն բախվի նախատեսվող ինքնաշխատ համակարգի շնորհիվ․

«Հաշվետու տարին՝ 23 թվականը ավարտվելուց հետո մինչև 2024-ի մայիսի մեկը մեր հանրային ծառաողները կամ հայտարարատուները պետք է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում ստեղծված ծրագրի միջոցով, որն ի դեպ նախատեսվում է, որ լինելու է հեռախոսային հավելվածի տեսքով մի քանի քայլերի կատարելով լրացնեն իրենց հայտարարգիրը։ Լրացնելը ինքնաշխատ է ենթադրվում, այսինքն՝ հարկային մարմնի տիրապետության տակ եղած եկամուտների և սոցիալական ծախսերի մասին տեղեկատվությունը ինքնաշխատ լրացվելու է հավելվածում և քաղաքացին մնալու է ընդամենը ստուգել, ըստ անհրաժեշտության փոփոխել ու հաստատել»։

Հիշեցնենք, համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվում է 3 փուլով։  Մինչև 2024-ի ապրիլի 20-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական աշխատողները, նոտարները, Հայաստանի ռեզիդենտ այն քաղաքացիները, որոնք 2023-ի ընթացքում բաժնեմաս են ունեցել 1 մլրդ դրամ և ավելի շրջանառություն ունեցող  կազմակերպությունում։ Նաև այն քաղաքացիները, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու են, հիփոթեքային վարկի շրջանակում օգտվում են եկամտային հարկի վերադարձի համակարգից, 23-ին եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

Արդեն 2024-ին այս ցանկին կմիանան բոլոր գրանցված աշխատողները՝ թե՛ քաղիրավական, թե՛ աշխատանքային պայմանագրով, իսկ 2025-ից պարտադիր հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները։

Հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները կստանան 50 000 դրամի վերադարձ՝ առողջական ապահովագրական փաթեթների համար, 100 000 դրամ՝ կրթական վճարի համար։ Սակայն առողջապահական և կրթական ուղղություններով փոխհատուցման ենթակա ծախսերը, ընդհանուր առմամբ, տարեկան չեն կարող գերազանցել 100 000 դրամը։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը ներկայացնում է սա անելու հիմնական հիմնավորումը․

«Օրինակ քովիդի ժամանակ պատկերացում չկար, թե քաղաքացուն ինչ աջակցություն տրամադրվի այն առումով, որ չգիտի՝ որ քաղաքացին ինչ եկամուտ ունի և ինչքան ունի, կառավարությունը ստիպված եղավ բոլորի համար հանրային ծառայության գումարներ տալ։ Դա «լավ օրից չէր, որովհետև կարելի էր մի մասի համար չանել, մյուսի համար, որ կարիք ուներ, ավելի շատ անել։ Դա գործիքներից մեկն է, որ ունենա պատկերցում, թե քաղաքացին որտեղից ինչքան գումար է ստանում»։

Փայլակ Թադևոսյանը հակադարձում է՝ այս դեպքում մարդիկ հատուկ ավելի ցածր եկամուտ կնշեն․

-Էլ ի՞նչ թիրախային դարձավ, ընդհակառակը, եթե հիմք է ընդունվելու հայտարարագրում ներկայացրած եկամուտները, կստացվի՝ նպաստները տալու են նրանց, ով խաբում է։

-Մենք ասում ենք՝ եկեք հայտարարագրեք ձեր եկամուտը, մենք, որպես պետություն, ձեր վճարած հարկերի մի մասը ձեզ կվերադարձնենք։ Համաձայն եմ, որ սկզբում սահմանված 100 000 դրամ շեմը միգուցե բավարար չէ քաղաքացիների մոտ սա ակտիվացնելու համար, բայց պետք է նաև հասկանալ, որ կառավարության բյուջետային հնարավորությունները դեռ այնքան չեն, որ կարողանանք ավելի մեծ գումարով մուտք գործենք համակարգ,- պատասխանում է Օրի Ալավերդյանը։

Ինչպես կաշխատի համակարգը՝ ժամանակը ցույց կտա, այժմ հայտնի է, որ ըստ ընդունված ժամանակացույցի քաղաքացիները պետք է պետությանը պատմեն՝ ինչքան գումար ունեն։ Հակառակն անելու դեպքում, ֆինանսների նախարարության ներկայացուցչի խոսքով, մեծ տուգանքներ դեռ չեն նախատեսվում։ Հայտարարագիր չներկայացնողը սկզբում կստանա նախազգուշացում, հետո՝ կտուգանվի 5000 դրամ։

Back to top button