

Ռուսաստանը կրկին վերահաստատում է Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը, ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման և տեղի բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ապահովման անհրաժեշտությունը», — ասել է նա՝ նշելով, որ այս հարցում շատ բան կախված է քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Այդ դեպքում լարվածությունը կարող է վերանալ, իսկ դրա համար Մոսկվան աշխատում է կողմերի հետ՝ ասել է Զախարովան:
2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 հազար բնակչությունը, որից 30 հազարը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվել է շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։