Լեռնագոգում «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանկապարտեզ ու առանձնատներ է կառուցում Արցախից տեղահանվածների համար


Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող բազմազավակ և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների համար մեկ հարկանի 12 առանձնատուն և երկհարկանի մանկապարտեզ է կառուցում: Առանձնատներն ունեն շուրջ 600 քմ հողամաս: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին:
Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի թաղամասերից մեկում ավարտին են մոտենում 12 բնակելի առանձնատների շինարարական աշխատանքները։ Յուրաքանչյուր առանձնատանը կարող է ապրել մինչև 6 հոգանոց մեկ ընտանիք, ասում է՝ շինարարությունն իրականացնող կազմակերպության փոխտնօրեն Հովհաննես Մնացականյանը.


«Կոնկրետ մեկ առանձնատան մակերեսը 100 քմ է, որ ունի մեկ խոհանոց, մեկ սանհանգույց՝ լոգարանով, երեք ննջասենյակ ու մեկ հյուրասենյակ: Վեց հոգանոց ընտանիքը հանգիստ կտեղավորվի այս տանը: Ամեն տանը հատկացրած է ընդհանուր 600 քմ մակերեսով հողամաս»:
Առանձնատներն ապահովվելու են կոմունալ հարմարություններով, անցկացվելու է ջեռուցման համակարգ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող առանձնատների շահառուները Արցախից տեղահանված բազմազավակ և 44-օրյա պատերազմում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներն են: Առանձնատների շինարարությունը սկսվել է անցած տարվա հունիսից։ Շուտով դրանք շահագործման կհանձնվեն:


«Բոլոր տները գաջած, պատրաստ է, մնացել են միայն ներքին հարդարման աշխատանքները: Տանիքներն արդեն փակում ենք թիթեղներով, իսկ բակային հատվածներում մենք անելու գործ չունենք»:
Շենքերի կառուցումից հետո բակերի բարեկարգումն իրականացնելու է համայնքը: Այս պայմանավորվածությունը նախապես ձեռք է բերվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ մանկապարտեզի հզորությունն ավելացնելու հաշվին: Մանկապարտեզը հիմա կառուցվում է 120 երեխայի համար՝ 60 երեխայի փոխարեն:


Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավար Շանթ Առաքելյան.
«Համահայկական հիմնադրամի հետ պայմանավորվել ենք, որ մանկապարտեզի երկու խումբը դառնալու է չորս խումբ, բայց բակային տարածքների վերանորոգումն ու վերականգնումը մնալու է համայնքի ուսերին: Այսինքն՝ մանկապարտեզի և 12 առանձնատների բակերի բարեկարգումն իրականացնելու է համայնքը»:
Նախնական պայմանավորվածության համաձայն բակերի բարեկարգման նպատակով համայնքը ներդնելու է հիմնադրամի կողմից իրականացվող շինարարության ընդհանուր գումարի 10 տոկոսը: Գործարքին մասնակցում է նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը.


«Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 600 մլն դրամ է: Ծրագրի շրջանակում համայնքի համար կառուցվում է մանկապարտեզ և 12 տուն, որն ըստ ծրագրի նպատակի, նախատեսված է Քաշաթաղից տեղահանված որոշ ընտանիքների համար: Ծրագրի մոտ 10 տոկոսը՝ 60 մլն դրամը համայնքն է տրամադրում: Օրերս կկնքենք եռակողմ համաձայնագիր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Բաղրամյան համայնք և Արմավիրի մարզպետի աշխատակազմ, որից հետո համայնքի հաշվին կբարեկարգվի տարածքը»:
Բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են սուբվենցիոն ծրագրով: Մանկապարտեզի շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Շինարար Հովհաննես ՄՆացականյան.


«Երկաթ-բետոնե աշխատանքները կարելի է ասել գրեթե ավարտված է, մնում է արտաքին պատերն ու ներքին հարդարումը: Բաց հատվածներ քիչ կան, օրինակ՝ սա և սա պատշգամբներ են, կողքերը շարվում են ճակատային բետոնե բլոկներ: Երկտակ պատեր են լինելու՝ մեջտեղում ջրամեկուսից կա, ջերմամեկուսիչ կա, ներսից էլի պատ է շարվում»:
Լեռնագոգ գյուղում նախկինում գործել է երկու մանկապարտեզ, որոնք չգործելու հետևանքով դարձել են վթարային: Լեռնագոգի վարչական ղեկավար Սարգիս Մարգարյան.
«Հետխորհրդային, անցումային տարիներին մանկապարտեզները չգործեցին, քանդվեցին, թալանվեցին, կոռոզիայի ենթարկվեցին: Քայքայված են և վերանորոգման ենթակա չեն, քանի որ սեյսմիկ անվտանգության խնդիր կա: Մենք ուսումնասիրել ենք, սեյսմիկ եզրակացություն ունենք, որ վերանորոգել չի կարելի, դրա համար անհրաժեշտություն առաջացավ կառուցել նորը»:
Լեռնագոգի երկու խմբանոց մանկապարտեզը հիմա տեղակայված է դպրոցի շենքում, որտեղ հաճախում է 60 երեխա, մինչդեռ գյուղի մանկապարտեզահասակ երեխաների թիվը հասնում է 150-ի: