ԿարևորՀասարակություն

Արցախյան առօրյա․ անբարենպաստ եղանակը խանգարում է հացահատիկի բերքահավաքին

«Ռադիոլուրը» հերթական անդրադարձն է անում Արցախում տիրող իրավիճակին։ Այստեղ հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է սրվում։ Խանութները դատարկ են, հանրային տրանսպորտը չի աշխատում, խմելու և ոռոգման ջրի խնդիրները սրվում են։ 120 հազար մարդ փաստացի շրջափակման մեջ է արդեն ութ ամիս։

Արցախն ավելի քան ութ ամիս շրջափակման մեջ է։ Ամեն օր իրավիճակն ավելի ու ավելի է սրվում։ Խանութները, շուկաները, առևտրի կետերը ամբողջությամբ դատարկ են։ Համացանցում Արցախում տիրող հումանիտար աղետը փաստող լուսանկարների ու տեսագրությունների պակաս չկա։ Կանայք սնունդ են խնդրում երեխաների համար, երեխաներն էլ՝ կոնֆետ ու քաղցրավենիք են խնդրում ծնողներից․«Մի կանֆետ էլ չկա ուտիմ, մի կանֆետ»։

220 օրից ավելի է, ինչ 120 հազար արցախցիներ զրկրկված են կենսական գործունեության համար անհրաժեշտ ամեն ինչից՝ առանց բացառությունների՝ չկա սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, դադարեցված են պլանայաին բոլոր վիրահատությունները, դեղատներում դեղորայք, մանկական սնունդ չկա, ենթակառուցվածքներ չեն աշխատում։ Ամռան շոգին հերթերում թերսնման պատճառով հաճախակիացել են ուշագնացության դեպքերը։ Արցախում արդեն հացն է վերջանում։ Մի քանի օր է՝ սոցալական ցանցերում տաբեր գրառումներ են՝ Արցախի Հանրապետությունում հաց չլինելու մասին։ 21–րդ դարում 2023 թվականի օգոսոստին արցախցիներին հորդորում են ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները։

Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու համար, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով, բայց արդեն կգործարկվի։

Իրականացվում են արտակարգ միջոցառումներ։ Արդյունքում՝ երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:

ԱՀ գյուղի ու գյուղատնտեսության հիմադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Հարությունյանն Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում բացատրել է, թե ինչու են առաջացել այդ խնդիրները․

«Այս մի քանի օրերի ընթացքում եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, խոնավությունը շատ բարձր էր, ցորենի մի մասի հնձումը հետաձգվել է, մյուս մասի մոտ էլ խոնավությունը բարձր է, կատարում ենք լրացուցիչ աշխատանքներ՝ բերելու նորմայի սահմաններում, որ կարողանանք ալյուրը աղալ»։

Ալյուր տրամադրվում է, վերանայվել են քանակները։ Արդեն 8-րդ օրն է՝ Հայաստանից Արցախ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Արցախ հասցնելու համար։ Ադրբեջանը, սակայն, թույլ չի տալիս։ Շրջափակման պատճառով Արցախում դադարել է գործել ավելի քան 1450 տնտեսավարող սուբյեկտ: Նրանք կազմում են ընդհանուրի 33,9 %-ը։ 2827 տնտեսավարող սուբյեկտ գործում է մասնակիորեն՝ արտադրական հզորությունների չնչին մասով կամ պետական աջակցությամբ։ ԱՀ ՊԵԿ–ի նախնական տվյալներով շրջափակման  ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր։ Դա  նախատեսվածից քիչ է 10 մլրդ դրամով կամ 63 տոկոսով։

Back to top button