ԿարևորՀասարակություն

30 տարի Հովքում, բայց մտքով ու սրտով՝ Գետաշենում

Դիլիջան-Իջեւան մայրուղուն հարող Հովք գյուղը մինչեւ 1988–ն ադրբեջանաբնակ էր, 1991-ից հետո այստեղ հաստատվել են Ադրբեջանից տեղահանվածները։ Եկել են Գետաշենից, Շամխորի գյուղերից, Մարտունաշենից։  Ազատամարտիկ Նիկոլ Մարկոսյանի ընտանիքը Գետաշենից է․ արդեն 30 տարուց ավելի այս գյուղում են ապրում, բայց  մտքով ու սրտով դեռ Գետաշենում են։

«Հյուր ունենք, Իսկուհի, արի»։

Հյուրերը մենք ենք։ Տավուշի մարզի Հովք գյուղում ենք` ազատամարտիկ Նիկոլայ Մարկոսյանի  տանը։ Արդեն  30 տարի ապրում է Հովքում, բայց միտքն  ու սիրտը  Գետաշենում են։ 

«Ցավդ տանեմ, առավոտ որ վեր եմ, չէ, կենում, գիտեմ, թե արդեն Գետաշեն եմ, չեմ կարում մոռանամ»։

Հովք գյուղում հիմնականում բնակություն են հաստատել ադրբեջանական ջարդերից փրկվածները։ Եկել են Գետաշենից, Շամխորի գյուղերից, Մարտունաշենից։ 

1991 թ․–ի մայիսի 6-ին Մարկոսյանների ընտանիքը նույնպես բռնեց գաղթի  ճանապարհը։ Կինը՝ Իսկուհին, 4 երեխաների հետ կրակոցների տակ Գետաշենից՝ ոտաբոբիկ ու առանց փաստաղթի մի կերպ դուրս եկավ, բայց այն հույսով, որ վերադառնալու են։

«Ամբողջը թողեցինք, դուրս եկանք, մտան տանկերն ու սամոլյոտները։ Էդ ժամանակ էր, որ Թաթուլին ու Դեդին սպանեցին»։

Նիկոլայը մարտի դաշտում էր, անգամ տեղեկություն չուներ, թե ընտանիքն ինչպես է դուրս եկել գյուղից։ Ադրբեջանցիները նրա համար գլխագին էին սահմանել։

«Ինքը ֆիդային է եղել, ավտոմատը կողքը, ինքը մեր տեղը չգիտեր։ Ես 4 երեխայի հետ մի կերպ փախել եմ»։

Սկզբում եկել են Ստեփանակերտ, հետո Հրազդան, ապա բնակություն են հաստատել Հովքում։ Ասում են՝ այստեղ բնությունը Գետաշենին նման է, բայց Գետաշենը չէ։ Նաև չեն մոռանում, որ Հովքը նախկինում ադրբեջանցիներով էր բնակեցված, որոնք, ի տարբերություն իրենց, ամեն ինչ կարողացել են հետները տանել։

«Նրանք մուզիկայով են էստեղից գնացել, բայց մենք քոլերով ենք փախել»։

Մինչև Արցախյան առաջին պատերազմի ավարտը Նիկոլայը  զենքը վայր չի դրել, իսկ գրպանում միշտ նռնակ է ունեցել։  Չեմ հարցնում՝  ինչի համար, անխոս հասկանում ենք ։

Թաթուլ Կրպեյանի, Սիմոն Աչիգոզյանի զինակիցն էր։ Թաթուլի անունը տալիս արցունքները հոսում են։ Խնդրում եմ հուշեր պատմել Կրպեյանից։ Մի պահ լռում է ու ասում․

«Թաթուլն իմ ախպերն ա եղել, մեր գրկում ա մահացել։ Մեր հրամանատարն է եղել․․․ որ մասը պատմեմ։ Պարտիզանական ջոկատն է եղել, հիմա ես դա չեմ պատմի, չեմ պատմի»։

Հետո մի քանի րոպե բոլորս լռում ենք։ Ծերունին միանգանից խոսում է խաղաղությունից։ Ասում է՝ չնայած քաղաքագետ չէ, բայց մի բան հստակ գիտի՝այս հողը երկու ազգի մի տեղում չի հանդուրժի։

«Կամ հայը պետք է լինի, կամ թուրքը։ Խաղաղություն որ լինի, պիտի պատերազմ լինի»։

Նիկոլայ Մարկոսյանի  մտքով չէր էլ անցնի, որ պատմությունը մի օր դարձյալ կրկնվելու է։ Արցախը կա ու կմնա հայկական, պարզապես  ուժի ու ժամանակի հարց է ՝ասում է զրուցակիցս։

«Արցախը ոչ մի անգամ չի պարտվել․ ինչ տարբերություն մե՞նք, թե՞ Արցախը։ Մեր հայկական հողն է, ցավդ տանեմ։ Չի պարտվել ու չի  էլ պարտվելու, ուզում են սովամահ անեն, դա հեչ բան է»։

Back to top button