

Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է 0․25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10․25 տոկոս։ ԿԲ-ում արձանագրել են՝ 2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը:
Կապիտալի, աշխատուժի և զբոսաշրջության մեծ ներհոսքի պայմաններում պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը նպաստել են պահանջարկի ընդլայնմանը։ Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել՝ արձանագրել են գլխավոր դրամատանը։
Գնաճը նվազում է, տնտեսական ակտիվությունը՝ ավելանում․ գնաճի դանդաղումը համահունչ է ԿԲ ակնկալիքներին, ուստի ԿԲ-ն որոշել է 0․25 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինասավորման տոկոսադրույքը։ Արդեն երկրորդ անգամ է, որ գլխավոր դրամատունն այս տարի նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուբեկյանի փոխանցմամբ՝ մի կողմից Հայաստանում սպառողական գների ինդեքսը արագ նվազում է, մյուս կողմից՝ պահանջարկ ունեցող ծառայությունների գները դեռ բարձր մակարդակի վրա են․
«Ընդհանուր ապրանքահումքային և պարենային շուկայում մեծ գնանկում կա, բայց իրականում մեզ մոտ ներսում գերտաքացումը պահպանվում է։ Եվ այդ գերտաքացման հիմնական չափանիշներից մեկը աշխատավարձերի ու ծառայությունների աճն է»։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6․8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9․9%: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0․5%-ով:
Երկնիշ աճ գրանցվել է առևտրի շրջանառության ու շինարարության ոլորտներում։ Շինարարության ոլորտի 18 տոկոս աճը սպառողական վարկավորման ծավալներն է ավելացրել։ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության վարչության պետ Աշոտ Սարգսյան․
«Բանկերի այսօրվա վարքագիծը կբնութագրեի խալեմիտ։ Այսօրվա դրությամբ վարկավորումը ոչ ավելցուկային է, ոչ զսպված։ Կարելի է ընդհանուր առմամբ գնահատել, որ վարկավորման աճի տեմպերը տարեկան կտրվածքով մոտ 14 տոկոս, բնականոն նորմալ աճի տեմպն է, որը երկարաժամկետ հատվածում դիտարկվում է բանկային համակարգում»։
Վերջին ամիսներին ԿԲ-ն պարբերաբար խոսում էր հիպոթեքային շուկայում գերտքացման մասին։ Այս պահին թվում է, որ ռիսկերը չեզոքացված են, բայց փորձագիտական դաշտում կարծում են, որ գերտաքացման վտանգը նկատելի է։ Հիպոթեքային ու անշարժ գույքի շուկաներում տիրող իրավիճակն, ըստ տնտեսագետ Արմեն Գրիգորյանի, Հայաստանի ֆինանսկան համակարգի համար ռիսկեր է պարունակում։ Բացատրությունն ու տրամաբանությունը պարզ է՝ մեկ քառակուսի մետրը 1500 դոլար արժեցող բնակարանի գինը, եթե նվազի մինչև 1000 դոլար, շատ վարկառուներ, հատկապես նրանք, որոնք մեկ կամ երկու տարի են սպասարկում վարկը, կսկսեն մտածել՝ վճարել, թե ոչ․
«Վարկառուն, ով արդեն 8-9 տարի սպասարկել է իր վարկը, մնացել է 1-2 տարի , չի հրաժարվի գույքից։ Բայց, եթե մեկ կամ երկու տարի է սպասարկում, ապա կմտածի՝ սպասարկի վարկը, թե ոչ։ Այստեղ է ամենամեծ ռիսկը, վտանգավոր կետն է սա։ ԿԲ-ն է ահազանգում, քանի որ առևտրային բանկերին գումարը տվել է ԿԲ-ն, ուստի ամենառիսկային վիճակում Կենտրոնական բանկն է այդ պահին հայտնվում։ Այդ գույքը կմնա առևտրային բանկերին, բայց գույքի շուկայական արժեքը մոտ 50-60 տոկոսով ընկած կլինի»։
Հայաստանի տնտեսական ակտիվության վրա ամենամեծ ազդդեցությունը նաև ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հետևանքով Հայաստան եկածները ազդեցին։ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն արձանագրում է՝ ռելոկանտների աճը դեռ շարունակվում է
«Երբ որ մենք ավելի մեծ հոսքերի ենք նայում, մարդկանց քանակը, որ եկել ու մնացել են Հայաստանում, այդտեղ թվերը հավելյալ 15 կամ 16 հազարից ավելի բaրձր են։ Մենք խոսում ենք 70-80 հազարի մասին։ Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ից ունենք ռելոկանտներ, որոնց մի մասը գրանցված աշխատակից չէ՝ ֆրիլանսերներ են, մյուս կողմից՝ ՌԴ-ից տուրիստական հոսքերն են ավելացել»։
Այստեղ էլ կարծիքները տարբեր են․ փորձագետների մի մասը կարծում է, որ ՌԴ-ից Հայաստան եկած այցելուներով պայմանավորված տնտեսական ակտիվության աճը ժամանակավոր է։