Մտքի ուժը

Հայկական գիտությունը` միջազգային հարթակում․ կստեղծվի գիտական հղման ցուցիչ․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս հայկական գիտությունը դուրս բերել միջազգային հարթակ․ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնում առաջարկ ունեն՝ ստեղծել գիտական հղման հայկական ցուցիչ։ Կենտրոնի տնօրեն Շուշանիկ Սարգսյանն արձանագրում է՝ այժմ ազգային գիտությունը միջազգայնացնելու խնդիր ունենք.

«Ստեղծում ենք գիտական հղման ցուցիչ, որտեղ հավաքելու ենք Հայաստանի գիտության մասին ամբողջական տեղեկատվություն՝  ներառելով  գիտական արդյունքները, հրապարակումները, գիտնականների մասին տվյալները։ Դա առաջին քայլով։ Հարթակի ստեղծումը ինքնանպատակ չէ։ Նախ շատ լավ է, որ կունենանք մեկ միասնական հարթակ, որտեղ կհավաքվի տեղեկատվությունը։ Կարևոր է նաև այն, որ մենք քայլեր ենք մշակում, որպեսզի այդ պրոդուկտն ինտեգրենք միջազգային հարթակներին։ Ցանկանում ենք մեծացնել հայկական գիտության տեսանելիությունը»։    

Տարածաշրջանում Հայաստանն առաջինն է, որը ստեղծում է գիտական հղման հայկական ցուցիչ, որն էլ կարող է փոքր երկրների միավորման կորիզ դառնալ՝ իր շուրջը հավաքելով փոքր երկրների հղման ցուցիչները՝ մեծացնելով հնարավորությունը միջազգային գիտական հարթակներին միավորվելու համար։ Ինչպե՞ս է գիտական միտքը արձագանքում նախաձեռնությանը․

«Գիտնականն ինքնանպատակ գիտական նորույթ չի ստեղծում։ Կա մի խումբ, որ կարող է նաև բացասական կարծիք հնչեցնել։ Ասենք՝ ինչու է դա պետք, մենք կարող ենք տպագրվել միջազգային ամսագրերում։ Բայց մենք գործ ունենք գիտության բոլոր ուղղությունների հետ։ Այժմ մենք ունենք խնդիր հումանիտար գիտության հետ»։

Միջազգային հարթակներում ավելի ակտիվ է բնագիտական ուղղությունը, հումանիտար և հասարակական գիտություններն ավելի շատ տպագրվում են տեղական ամսագրերում՝ ասում է Շուշանիկ Սարգսյանը։ Բայց գիտության կոմիտեի որդեգրած քաղաքականությունը մոտիվացնում է բոլոր ոլորտների աշխատակիցներին։

Մարիա Օհանյանը կրտսեր գիտաշխատող է, ասպիրանտ, ընդգրկված է  ծրագրում։ Պատմում է, թե ինչպես են հավաքում տվյալները: Մարիան ասում է, որ գիտությամբ զբաղվելը հետաքրքիր է։ Աշխատանքը, բացի այդ, նաև պատասխանատու է։ Բացատրում է՝ ցանկացած վրիպում կարող է սխալ պատկեր ներկայացնել։ Կարևոր ու մանրակրկիտ են աշխատում։ Բայց դա նաև հետաքրքիր է։

Գևորգ Կեսոյանը պատմական գիտությունների թեկնածու է, կենտրոնում զբաղվում են գիտական հղման հայկական ցուցիչի ստեղծմամբ։ Փորձում են մինչև ծրագրի ավարտն աշխատանքների մեծ մասը կատարել: Եռամյա ծրագրի մեկնարկը 2020 թվականին էր, ավարտը 2023-ի հոկտեմբերի 1-ն է։

Շուշանիկ Սարգսյանն արձանագրում է, որ ծրագրի իրականացումը հաջողությամբ է ընթանում։ Սեպտեմբերի վերջին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Computer Science and Information Technologies ավանդական միջազգային գիտաժողով է կազմակերպելու, որի շրջանակում էլ նախատեսում են ներկայացնել հարթակը։ Այն բաց ու հասանելի է լինելու յուրաքաչնյուր գիտնականի համար։ Գիտական խմբում վստահ են՝ հայաստանյան գիտությունն ունի միջազգային հարթակ դուրս գալու բոլոր նախադրյալները։

Back to top button