ԿարևորՀասարակություն

Կայանատեղիները՝ անհրաժեշտություն. բեռնատարները կայանվում են ճանապարհներին

Միջազգային ճանապարհային փոխադրումների կայանատեղիների բացակայության պատճառով բեռնափոխադրող մեքենաները մարզերում կայանում են պատահական վայրերում, որոնք անվտանգ չեն ո՛չ բեռների, ո՛չ էլ վարորդների համար: Բեռնափոխադրումների ծավալն աճել է, և կայանտեղիների կառուցումն անհրաժեշտություն է դարձել: Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ճանապարհին  Եվրամիության համաֆինանսավորմամբ  միջազգային ճանապարհային փոխադրումների նոր կայանտեղի է կառուցվում՝ 10-12 բեռնատարներ կայանելու հնարավորությամբ:

Միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող բեռնատարների վարորդներն ամսվա մեծ մասն անցկացնում են ավտոճանապարհներին: Հայաստանում քիչ են այս  փոխադրումների համար նախատեսված անվտանգ կայանատեղերը: 

Երկար ճանապարհի ընթացքում վարորդները հանգստի նպատակով  մեքենաները երբեմն  կայանում են ճամփեզրերին, հետո շարունակում ճանապարհը: Սակայն պատահական կանգառներն ապահով  չեն: Զրուցակիցս դրանում սեփական փորձով է համոզվել:

«Հայաստանում չկա այդպիսի տարածք: Եթե պատահաբար կանգնես, ապա ավտոմեքենան ու քեզ  թալանում են, անձամբ ինձ  հետ է պատահել. իմ մեքենայի դռները բացել են ու գրպանիցս փողերը գողացել: Իջևանում է եղել: Կայանատեղի չկա, պարզապես ազատ վայր էր՝ մեքենաները կայանեցինք: Իջևանում եթե պառկես քնելու, դատարկ տուն ես գնալու. և՛ ապրանքն են գողանում, և՛ փողերը: Այդպիսի դեպք միայն ինձ հետ չի եղել, այլ շատ-շատերի»:

Բեռնափոխադրող մեքենայի վարորդը գրեթե 6 տարի Հայաստանից ապրանքներ է տեղափոխում Ռուսաստան և հակառակ ուղղությամբ:  Նշում է, որ Ռուսաստանում  տարբեր հարմարություններով շատ կայանատեղիներ կան, որոնց  ծառայությունից հաճախ է օգտվում:

«Մեկ օրվա արժեքը 100-150 ռուբլի է, իսկ ավելի լավ ու հարմարավետ  պայմաններ ունենալու դեպքում՝ 200 ռուբլի: Այնտեղ նախատեսված է ամբողջական  ապահովություն՝ պարսպապատված է, կան տեսախցիկներ, վճարում ենք անվտանգության աշխատակցին, որը պատասխանատու է մեքենայի համար: Տարածքում կա բաղնիք, լվացքատուն, զուգարան, բոլոր ծախսերը ներառված են ընդհանուր արժեքի մեջ»:

Զրուցակիցս ասում է՝ Իջևանում պատահածից հետո մեքենան այլևս ճանապարհներին  չի կայանում, անտեսելով հոգնածությունը՝ շտապում է տուն հասնել: Միջազգային ճանապարհային փոխադրումների նոր կայանտեղի է կառուցվում Վանաձոր-Դիլիջան  Մ8 միջպետական նշանակության  ճանապարհի հարևանությամբ:  Տարածքը շուրջ 3000 քմ է՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, որ վերածվել էր աղբավայրի:  Վանաձորի բնակիչ Արսեն Պետրոսյան.

«Այստեղ գրեթե 150 բեռնատար աղբ էր թափված, դա մաքրել եմ: Այս ճանապարհով բեռմափոխադրող մեքենաներ են անցնում, բայց կայանատեղի չկա: Ես մեքենաների լվացման կետ ունեմ, որի կողքին որոշակի ազատ տարածք կա, ֆուռերի վարորդները խնդրում են, որ թույլ տամ այնտեղ կայանեն, որպեսզի ապահով լինեն: Կանգնելու տեղ չունեն, դա խնդիր է: Ես բարձրահարկ շենքում եմ բնակվում, մեր շենքում մարդիկ կան, որ  ֆուռ են վարում, բայց  այդ մեքենաները չեն կարող շենքի բակ մտնել, ճանապարհներին են կանգնում»:

Արսեն Պետրոսյանը միջազգային ճանապարհային փոխադրումների կայանտեղին կառուցում է «ԵՄ-ն հանուն միգրանտների  ներուժի օգտագործման ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի համաֆինանսավորմամբ, որն իրականացնում է Միգրացիոն քաղաքականության մշակման  միջազգային կենտրոնը: Արսենն ու հայրը աշխատանքային միգրանտներ են,  երկար տարիներ աշխատել են Ռուսաստանում, սակայն վերջին տարիներին Արսենը հրաժարվել է դրսի աշխատանքից ու մնացել է Վանաձորում: Խոստովանում է՝ եթե ծրագիրը չլիներ, ապա գործը չէր ձեռնարկի: Ընդհանուր բյուջեն մոտ 15 մլն դրամ է:

«Ես նրանց ապահովում եմ լուսավոր ու հսկվող  տարածքով, որ ապահով լինեն, հանգստանալու հնարավորություն ունենան: 1200մ բարձրությունից ջուր եմ քաշել, հասցրել այստեղ, որի վրա ծախսել եմ ավելի քան 2 մլն դրամ, կոյուղու համար  սեպտիկ հոր եմ կառուցել՝ 1 մլն դրամի սահմաններում, բետոնացման աշխատանքներ եմ կատարել»:

Հաշվարկել է՝ 10 մլն դրամ ինքն է ներդնելու, 4 մլն դրամ էլ  ստանալու է Եվրամիությունից՝ պարսպի համար նախատեսված շինանյութի ձեռք բերման համար: Միջազգային ճանապարհային փոխադրումների կայանատեղին կառուցվում է լեռան ստորոտին. տարածքն ամբողջությամբ պարսպապատվելու է, կայանատեղին ունենալու է սանհանգույց ու լոգարան: Շինարարկան աշխատանքները նախատեսում են  ավարտել 2 ամսից:

Կարդացեք նաև
Close
Back to top button