ԿարևորՏնտեսական

Լոգիստիկ անվտանգության ապահովում․ Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները` Փաշինյանի զեկույցում

Սոչիում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցում էր Եվրասիական միջկառավարական երրորդ կոնգրեսի լիագումար նիստին։

Հայաստանն այժմ փուլային անցում է կատարում դեպի էներգետիկ շուկայի ազատականացում. արտադրական հզորությունները զարգանում են, էլեկտրահաղորդման գծերը ենթարկվում են լայնածավալ վերակառուցման՝ Սոչիում Եվրասիական միջկառավարական երրորդ կոնգրեսի լիագումար նիստում  հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, նոր հնարավորություններ կստեղծի արտահանման ներմուծման տարանցման կամ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման մեծացման համար: Այդպիսով, Հայաստանը կարող է տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալ»։

Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները լավատեսական են, ասել է Փաշինյանը, ինչին նպաստում է արդյունաբերության, առևտրի և արտահանման աճը, որը ԵԱՏՄ երկրների ուղղությամբ գրեթե եռապատկվել է։ Ըստ վարչապետի, տնտեսական աճը բարենպաստ միջավայր է ստեղծում լավատեսության համար ինչպես ընթացիկ տարում, այնպես էլ մոտ ապագայում․

«2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է աննախադեպ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է մոտ 12,5 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրի ծառայությունների և շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է մոտ 78 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է մոտ երեք անգամ։ Սակայն սա մեզ համար սահմանագիծը չէ»։

Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ, երկարացնելով ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը, նաև աշխատելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։

Նա, որպես ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացման կարևոր գործոն, նշել է լոգիստիկ անվտանգության ապահովումը։

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ որոշ պարզաբանումներ է Սոչիում ներկայացրել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա խոսել է մեկ շաբաթ առաջ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների 9 ժամ տևած եռակողմ հանդիպման արդյունքների մասին ու հստակեցրել, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը և բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ սկսվի ապաշրջափակման գործընթացը․

 «Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա 2-3 անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Սկզբունքային պահն այն է, թե աշխարհագրորեն որ մասով է անցնելու երկաթգիծը։ Մենք դա հնչեցրել ենք, պայմանավորվել, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը։ Այն լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ»։

Փոխվարչապետների եռակողմ հանդիպումից հետո հայկական կողմը հայտարարեց, որ ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծով հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու հարցում։

Back to top button