ԿարևորՀասարակություն

Երևանի ամենամեծ կարուսելն աշխատելու իրավունք ունի, գոյություն ունենալու՝ ոչ

Երևանի ամենատեսանելի ապօրինի կառույցն ամեն օր երևանցիների աչքի առաջ պտտվում է։ «Հաղթանակ» զբոսայգու նոր ատրակցիոնը՝ 50 մետր բարձրությամբ «Սատանայի անիվը», կառուցումից գրեթե մեկ տարի անց դեռ չունի շինթույլտվություն։ Մինչ քաղաքապետարանը հարցն ուսումնասիրում է, շահագործող ընկերությունն այցելուներին ուրախ ժամացի է հրավիրում։

Երևանի ամենատեսանելի ապօրինի կառույցն ամեն օր պտտվում է

Երևանյան նոր, հսկա կարուսել՝ առանց շինթույլտվության, բայց՝ շահագործման իրավունքով ու տեխնիկական փորձաքննության դրական պատասխանով։ Այս պարադոքսի հասցեն «Հաղթանակ» զբոսայգին է։ Ատրակցիոնը շահագործող «Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն Վահրամ Ներսեսյանն ասում է, որ նոր ատրակցիոնն ամենապահանջվածներից մեկն է։

«Իմ կարծիքով՝ շինթույլտվությունը չի խանգարում, որ կարուսելը շահագործվի։ Մեր մտքով չէր անցնում, որ եթե մենք լավ բան ենք կառուցում մեր այցելուների, մեր երեխաների համար, կարող է պատահի, որ թույլտվությունը ձգձգվի։ Այս պահին ինձ համար ամենակարևորն այն է, որ կարուսելը նորմալ ու անվտանգ շահագործվի»,-ասում է Ներսեսյանը։

50 մետր բարձրությամբ նոր «Սատանայի անիվը» Երևանի բարձրունքում սկսեց կառուցվել նախորդ տարվա մայիսից։ 4 ամիս տևած շինարարությունը մոտենում էր ավարտին ու նոր ատրակցիոնն արդեն տեսանելի էր քաղաքի գրեթե բոլոր անկյուններից, երբ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անսպասելի հայտարարեց՝ կարուսելն ապօրինի է ու չունի շինթույլտվություն։

Թե ինչու կարուսելը շինթույլտվություն չունի և ինչպես է շահագործվում առանց փաստաթղթի, Երևանի քաղաքապետարանում դեռ ուսումնասիրում են։ Մեր հարցմանն ի պատասխան կառույցի լրատվական վարչությունից հայտնեցին, որ խնդիրը մասնագիտական քննարկումների փուլում է, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

«Ուրախ ժամանց»՝ առանց թույլտվության

Կարուսելը շահագործող ընկերության տնօրենն իր հերթին բացատրում է՝ շինթույլտվություն ստանալու համար դիմել են քաղաքապետարան, բայց առանց պատասխանին սպասելու սկսել են շինարարությունը, արդյունքում՝ կարուսելը պատրաստ է, բայց պատրաստ չէ դրա շինթույլտվությունը։

«Կարուսելի մոնտաժումը կատարվել է ռուսական «Կարուսել» ընկերության հետ, իրենք իրենց բանվորների հետ եկել են, աշխատանքներն իրականացրել են, մենք իրենց հետ պայմանագիր ունեինք ու պիտի ժամկետների մեջ տեղավորվեինք, քանի որ վարձատրում էինք ու վճարում էինք իրենց կեցության ծախսերը, իսկ եթե պայմանագրի ժամկետները խախտեինք, տուգանքներ կվճարեինք»,-ասում է «Ուրախ ժամանց» ընկերության տնօրենը։

Պայմանագրով նախատեսված տույժ-տուգանքներից խուսափել հաջողվեց, իսկ վարչական պատասխանատվությունից՝  ոչ։ Կառուցումից հետո քաղաքաշինության, տեխնիակական, հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգել ու պարզել է՝ անիվը պարբերաբար շահագործվել է առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանն ասում է՝ սա օրեքի պահանջների խախտում է։

«Հայտնաբերել էինք, որ ընկերությունը չի պահպանել օրենքով սահմանված պահանջները և հետևաբար «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն «Մեծ անիվ» ատրակցիոնի շահագործման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի, տուգանքի չափը կազմում է 1 միլիոն դրամ»։

Վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո «Անիվը» փորձաքննություն է անցել, ստացել դրական եզրակացություն ու շահագործման թույլտվություն։ «Ուրախ ժամանց» ընկերության տնօրենը պնդում է՝ մինչև թույլտվություն ստանալը կարուսելը չի շահագործել։

«Ոչ, կարուսելը չի շահագործվել, մինչև վերջերս էլ մենք դեռ դեկորատիվ լույսերն էինք ամրացնում, կիսատ-պռատ աշխատանքներ կային, բայց շահագործման համար ամեն ինչ պատրաստ էր, ու դիմել ենք փորձաքննության, դրական պատասխանը ստացել ենք։ Ապրիլի 28-ից պաշտոնապես շահագործում ենք, իսկ մայիսի 1-ին այգու պաշտոնական բացումն էր»։

Ստացվում է` ատրակցիոնն ունի աշխատելու, բայց ոչ գոյության իրավունք։  Կարուսելը շահագործող ընկերության տնօրենին այս փաստը չի խանգարում․ շինթույլտվության բացը մյուս առավելություններն են լրացնում։

«Բոլորը գոհ են, շատ լավ կարուսել է, տարբերվում է բոլոր նմանատիպ ատրակցիոններից։ Խցիկը փակ է, օդորակիչ ունենք, նույնիսկ հնարավոր է ձմռանը շահագործել․ այսինքն՝ կան բոլոր հարմարությունները։

32 ատրակցիոնի շահագործում արգելվել է, 70-ը սպասում է փորձաքննության

Հայաստանի ամենամեծ ու ամենաբարձր ատրակցիոնը հաջորդ անգամ կփորձաքննվի հաջորդ տարի։ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ–ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանն ասում է՝ այն ատրակցիոնները, որոնք գրանցված են արտադրական վտանգավոր օբեկտների ցանկում, ամեն տարի պարտադիր փորձաքննություն են անցնում։ Հանրապետությունում այդ ցանկում գրանցված ու այս պահին շահագործվող 177 ատրակցիոն կա, դրանցից 107-ն արդեն փորձաքննություն է անցել ու դրական պատասխան ունի։

«70-ը դեռ փորձաքննության եզրակացություն չունի, պատճառը ժամկետներն են, քանի որ յուրաքանչյուր ատրակցիոն տարին մեկ անգամ է փորձաքննություն է անցնում և միայն դրական պատասխան ստանալուց հետո կարող է շահագործվել։ Ունենք ատրակցիոններ, որոնց փորձաքննության ժամկետն, օրինակ, սեպտեմբերին է, օրինակ «Լունապարկի» ատրակցիոնները կփորձաքննվեն հուլիսին»,-ասում է Մարտին Ասլանյանը։

Այս պահի դրությամբ հանրապետությունում շահագործման իրավունք չունի շուրջ 3 տասնյակ ատրակցիոն․ քաղաքաշինության, տեխնիակական, հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արգելել է գործարկել դրանք, քանի դեռ չեն անցնել համապատասխան փորձաքննություն։

«Այսինքն՝ սրանք այն կարուսելներն են, որոնք չեն ունեցել փորձաքննության պատասխան, գրանցված չեն եղել ԱԻՆ-ի ռեգիստրում, բայց շահագործվել են։ Այս ընթացքում ունենք նաև հարուցված վարչական վարույթներ, ունենք նշանակված տուգանքներ, և կան վարույթներ, որ առայժմ ընթացիկ փուլում են»,-մանրամասնում է տեսչական մարմնի ներկայացուցիչը։

Հանրապետության կարուսալային պարկի գրեթե կեսը խորհրդային ժառանգություն է՝ ասում է ԱԻՆ մասնագետը։ Հին ժառանգությանն ամեն տարի նոր կարուսելներ են ավելանում, ինչպես, օրինակ, 50 տարեկան «Սատանայի անիվի» դեպքում, որի կողքին 1-ամյա հսկա անիվն է՝ երևանյան ամենատեսանելի ապօրինի կառույցը, որն աշխատելու իրավունք ունի։

Back to top button