Երաժշտական եռանկյունի

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» աշխարհահռչակ երգչախմբի ֆենոմենը․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ մեր զրույցի երկրորդ մասում անդրադարձանք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 31 տարվա ստեղծագործական և համերգային ընթացքին՝ հատուկ ուշադրության արժանացնելով երգչախմբի միջազգային մրցույթների մասնակցությունն ու գլխավոր մրցանակների նվաճումը, հարուստ երգացանկը և մեր երկրի մշակութային դիմանկար ձևավորելու առաքելությունը:

«Նախ՝ երգչախմբի երգացանկը խիստ բազմազան է. այն ներառում է հին, միջնադարյան, վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական և հանրամատչելի ստեղծագործություններ։ Սա շատ կարևոր է և՜ կրթական իմաստով, և՜ այն պահերին, երբ առիթ է հանդիսանում այդ բազմազանությունը ներկայացնելու արտերկրում: Եվ պիտի ասեմ, որ հայկական բաժինը ամենևին չի զիջում արևմտաեվրոպականին»,-ասում է երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Երգչախումբն իր գոյության տասնամյակների ընթացքում կատարել է բազմաթիվ ձայնագրություններ, թողարկել ալբոմներ և ձայնասկավառակներ: 

Երգչախմբի ձայնագրություններով թողարկվել են Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունների լիակատար հավաքածուն (ԱՄՆ, 2000), «5-20-րդ դարերի հոգևոր երաժշտություն» խտասալիկը, (Երևան, 2002 ), «Եղիցի լույս» ալբոմը՝ կազմված 3 խտասալիկից (ԱՄՆ, 2009), Ռոբերտ Պետրոսյանի խմբերգերը` գրված ՀՓԵ երգչախմբի համար (Երևան, 2011), «Ֆուրուսատո» (ԱՄՆ, 2012), «Հեքիաթային 20 տարի» (ԱՄՆ, 2013), «Հիշում եմ և պահանջում» (Երևան, 2015), «Բենջամին Բրիտեն-խմբերգեր մանկական երգչախմբի համար» (Շվեյցարիա, 2016) և «Արիգատո» (Ճապոնիա 2017), «Հայաստանի փոքրիկ երգիչները» Բեռլին ֆիլհարմոնիկ համերգասրահում, «Հայաստանի փոքրիկ երգիչները» Վիկտորիա համերգասրահում, «Հայաստանի փոքրիկ երգիչները» Սեն Միշել եկեղեցում, Ֆրիբուրգ, «Հայաստանի փոքրիկ երգիչները» Տոկիո օպերա սիթի համերգասրահում, «Հայաստանի փոքրիկ երգիչները» Չայկովսկու անվան համերգասրահում (2019), «Հայաստանի փոքրիկ երգիչները» Գեվանդհաուս համերգասրահում (2020) խտասալիկները։ Խտասալիկներից շատերն արժանացել են ազգային և միջազգային մրցանակների։

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն ու նրա մենակատարները մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների՝ ամեն անգամ նվաճելով մրցանակային տեղեր՝ 2 արծաթե մեդալ («Այսթեդֆուդ», Ռուդեպուրտ, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, 1993), արծաթե մեդալ («Այսթեդֆուդ», Ռուդեպուրտ, Լանգոլեն, Մեծ Բրիտանիա, 1994), գլխավոր մրցանակ, 2 ոսկե և արծաթե մեդալ («Գոլդն Գեյթ», Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 1995)։ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի Մշակույթի Դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին` Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։

Երգչախումբը պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի և կառավարության բարձրագույն պարգևներով, ինչպես նաև «Լեոնարդո Դա Վինչի» արծաթե մեդալով` Բնական գիտությունների Եվրոպական Ակադեմիայի կողմից։

Հաղորդման ընթացքում հնչում են  երգչախմբի կատարմամբ տարբեր տարիների ձայնագրություններ:

Back to top button