ԿարևորՀասարակություն

Առավելագույնս ապահովել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանությունը․ Եղիշե Կիրակոսյան

Հայկական կողմն ուսումնասիրում է Ադրբեջանի պատասխանը ՄԻԵԴ–ին՝ օրերս գերեվարված երկու հայ զինծառայողների կարգավիճակի մասին։ Այս մասին հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ զինծառայողների հարազատներին տեղեկացրել են այդ մասին, և այժմ հայկական կողմը սահմանված ժամկետում կներկայացնի իր մեկնաբանությունները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվի պատասխանի համար ժամկետ էր սահմանել մինչև հունիսի 6–ը:

Հայաստանը մեկնաբանություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ հայկական կողմն այս պահին ուսումնասիրում է գերեվարված երկու հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փաստաթղթերը։ ՄԻԵԴ–ը մեկնաբանությունների համար Հայաստանին ժամանակ է տվել մինչև հունիսի 16–ը․

«Ուշիուշով ուսունասիրում ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի մաքսիմալ ապահովենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը՝ բոլոր առումներով»։

Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Հաջորդ օրը միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել էր թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել էր նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Մայիսի 27-ին ՊՆ–ը հայտարարեց, որ զինծառայողներին առևանգել են ադրբեջանցիները և հրապարակեց նրանց անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Այնուհետև, մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում էր ներկայացրել առևանգված երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ և պահանջել միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալ հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: ՄԻԵԴ–ը Բաքվից պահանջել էր տեղեկություն տրամադրել զինծառայողների պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ և պատասխանի համար ժամկետ էր սահմանել մինչև հունիսի 6-ը։

Ի դեպ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների առևանգած և գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին։ Տեսակցության մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ուսումնասիրում է նաև ադրբեջանական հեռուսատեսությամբ ցուցադրված տեսանյութը, որտեղ ադրբեջանցի լրագրողը զրուցում է հինգ հայ ռազմագերիների հետ։

Եղիշե Կիրակոսյանն ընդգծում է․ «Կարծում ենք , որ այնտեղ իրավական խնդրահարույց տեսանկյուններ կան, ուսումնասիրում ենք, ու եթե անհրաժեշտություն լինի, դա կօգտագործենք»։

Հայաստանի ՄԻՊ գրասենյակը նույնպես դատարապտել է տեսանյութը։ Տարածած հայտարարությունում նշվում է, որ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ՝ հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից: Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։

Հայաստանի օմբուդսմենը հայաստանյան լրատվական համայնքին կոչ է անում խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների հրապարակած տեսանյութերը տարածելուց։ Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ հայկական կողմի դիմումները ընդունվում են, ադրբեջանական կողմինը՝ մերժվում։ Ադրբեջանը շարունակ պնդում է, որ ռազմագերիներ չունի, ունի հանցագործներ, իսկ միջազգային իրավունքնում ռազմական գործողություններին մասնակցելը հանցագործություն չէ, ուստի Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ նրանք հանցագործություն են կատարել․

«Զուտ իրավական առումով մեր դիմումները լավ ընթացք են ստանում։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանն իրավական առումով անընդհատ մանևրելու քաղաքականություն է վարում։ Երբ դատավարության կողմը մանևրում է, վարույթը ձգձգվում է։ Իհարկե, դրան էլ որոշակի «կարմիր գծեր» կան։ Երբ շատ է ձգձգում․ սկսում են այդ «կարմիր գծերը» աշխատել։ Մի բան է, որ ասենք՝ մինչև երկու տարվա ընթացքում ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվում, մեկ այլ բան է՝ չորս կամ հինգ տարի է ձգձգվում»։

Առաջիկայում ՄԻԵԴ–ում լսումներ են նախատեսված՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատի շրջանակներում։ Ժամկետ չկա, բայց գրավոր փուլն արդեն ավարտվել է։ Ակնկալվում է, որ հաջորդ փուլը բանավոր լսումները կլինեն։ Հայաստանն Ադրբեջանի դեմ  չորս միջպետական գանգատ ունի, Ադրբեջանը Հայաստանի դեմ՝ երկու։

Back to top button