ԿարևորՔաղաքական

2024՝ Տաշքենդ, 2025՝ Գաբալա, 2026՝ Կապան․ ԵԱՏՄ–ն ստիպում է համագործակցել

Վարչապետը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա։ Հայ–ադրբեջանական բանակցային շփումներ նախատեսված չեն, բայց ենթադրվում է, որ տնտեսական օրակարգին զուգահեռ նաև քաղաքական հարցեր կքննարկվեն։ Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:

Բացի տնտեսական օրակարգից Սոչիում նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Օրակարգը հայտնի չէ, բայց առաջին ձեռքսեղմումը արդեն կայացել է ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական համաժողովից առաջ։

Առավելապես տնտեսական ուղղվածություն ունեցող միջոցառումները, սակայն, որոշակիորեն նաև քաղաքական բովանդակություն ունեն։ Օրինակ, Եվրասիական միջկառավարական խորհրդի ուշագրավ մանրամասներից մեկն այն է, որ դրան կմասնակցեն նաև ԵԱՏՄ դիտորդ և հրավիրված երկրների կառավարությունների ղեկավարները։ Իսկ հրավիրվածների շարքում նաև Ադրբեջանն է։ Կշփվե՞ն  արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, առայժմ հայտնի չէ։

Միջկառավարական խորհրդի հաջորդ ուշագրավ կետին անդրադարձել է «Ինտերֆաքս»–ը։ Գործակալության տեղեկություններով մշակութային և հումանիտար ոլորտում նախատեսվում է սկսել հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում ԱՊՀ երկրների սպարտակիադաներ անցկացնելու պրակտիկան։ Առաջիկա 3 տարիների համար ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակելու որոշումներ են ընդունվելու։ 2024 թվականի համար առաջարկվում է Ուզբեկստանի Տաշքենդը, 2025–ի համար ադրբեջանական Գաբալան, իսկ 2026 թվականին՝ հայկական Կապան քաղաքը։ Այս տեղեկությունը գործակալությունը ճշտել է ՌԴ կառավարությունից։

Սոչիում եռօրյա աշխատանքների առաջին օրը ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական համաժողովն է, հաջորդ երկու օրերին օրակարգով հաստատված է 7 նիստ։ Օրակարգում առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ է, հիմնականում տրանսպորտային կոմունիկացիաների, միության աշխատանքի ընլայնման և բարելավման, էներգետիկ խնդիրներ։ Աշխատանքների վերջին օրվա վերջին նիստը նվիրված է լինելու Եվրասիայի տրանսպորտային լոգիստիկ խնդիրներին։ Թեև արդեն առաջին օրը վարչապետերը հանդիպել են և քննարկել են օրինակ Վերին Լարսի անցակետի կառուցման հարցը։ Ռուսական կողմը վստահեցնում է՝ ճանապարհը նախատեսվում  է շահագործման հանձնել հունիսի 15–ին։ ՌԴ մաքսային ծառայության պետի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի խոսքով՝ մոտենում են օրական երկու ուղղությամբ հազար մեքենա բաց թողելու շեմին․  

Պաշտոնյայի խոսքով՝ Վերին Լարսի անցակետում կուտակումներից խուսափելու համար անհրաժեշտ է այդ ցուցանիշը հասցնել 1500–ի։ Ճանապարհի վերաբացումից հետո կլինի 39 գիծ, որից 15–ը բեռնատարերի համար։

Սահմանված ժամկետում աշխատանքը ավարտելու դեպքում Դավիդովը խոստանում է մեկ շաբաթվա ընթացքում վերացնել կուտակումները։ Սա հարուցում է Հայաստանի վարչապետի զարմանքը՝  կես կատակ ––կեսլուրջ դժվար է պատկերացնում Վերին Լարսը առանց կուտակումների։

Նիստերի օրակարգում է նաև «Հյուսիս–Հարավ» և «Արևմուտք–Արևելք» միջանցքների փոխգործակցության հարցը։ Իսկ թե ապագայում ինչպես  են կապվելու այդ միջանցքները, դեռ 2022–ի փետրվարին վարչապետ Փաշինյանը Հայաստանի կառավարության նիստում էր նկարագրում։

««Հյուսիս–Հարավ» նախագիծը ըստ էության մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք «Հույսիս–Հարավ/Արևելեք–Արևմուտք» նախագիծ։ Եթե կարճ ասենք «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան–Հայաստան և հետագայում դեպի Թուրքիա՝ Նախիջևան–Թուրքիա»։

Իսկ օրեր առաջ Մոսկվան էր հայտարարել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու հարցում փոխվարչապետերի փոխըմբռնման մասին։ Ակնհայտ է, որ այս քայլերով լուծվում է տրանսպորտային լուրջ հանգույցի խնդիր։ Այլ հարց է, թե աշխարհի ուժային կենտրոնների համար ինչ նպատակների համար է անհրաժեշտ խաղաղ տարածաշրջանը։ Հայաստան–Ադրբեջան բանակցություններում և հատկապես ԼՂ խնդիրը հասկանալու համար, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն»–ի ղեկավար Արեգ Քոչինյանի կարծիքով, նախ պետք է հասկանալ հենց այդ հարցերը։

«Ես չունեմ ակնկալիքներ ԱՄՆ–ից Արցախյան հարցում, չունեմ այդպիսի ակնկալիքներ ԵՄ–ից, այս պահին այնտեղ ներկա է Ռուսաստանը, բայց Ռուսաստանից էլ առանձնապես ակնկալիքներ ես չունեմ։ Որովհետև այդ ուժային կենտրոններն են հայտարարել և պնդել, որ իրենց հետ կապված ակնկալիքներ մենք չունենանք։ չեմ կարծում, որ գերտերությունների համար Արցախի կարգավիճակը կամ աչրցախահայության կարգավիճակը առաջնակարգ ռազմավարական նշանակության հարց է։ ռազմավարական նշանակության հարց է ուժային բալանսը, ընդ որում խոշոր ուժային բալանսի մասին է խոսքը, ոչ թե՝ Հայաստան–Ադրբեջան։ Կամ ազդեցության գոտիների վերաբաժանումը։ Այսինքն՝ մենք պետք է ֆիքսենք, որ այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն չունի արևմտյան ուժային կենտրոնների համար։ Այն ունի օժանդակ նշանակություն»։

Վաշինգտոնից, Բրյուսելից, Մոսկվայից և Քիշնևից հետո Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա գաղտնազերծել է հիմնական 3 կետերը, որոնց  շուրջ կողմերի դիրքորոշումներն առայժմ մոտ չեն։ Երեքն էլ, ըստ էության, կապված են Արցախի հետ։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ բանակցություններում հիմնական խոչընդոտներն են, իր ձևակերպմամբ, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայության շարունակումը», «Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը» և  «Բաքվի ու Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը»։

Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել Բաքվին՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների առկայության մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում և որ Լեռնային Ղարաբաղում միայն Պաշտպանության բանակն է։ Հայաստանի իշխանությունները նաև բազմիցս բացատրել են, թե ինչ նպատակով են պատրաստ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու այդ հիմքով կնքել «Խաղաղության պայմանագիրը», սակայն, այդ նպատակները՝ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ ունի նաև հակառակ ազդեցություն։

«Պետք է հասկանալ, եթե Հայաստանը ստորագրում է այդ փաստաթուղթը և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա արդեն ինչի՞ հիման վրա պետք է ինչ–որ հայտրարություններ անի ԼՂ վերաբերյալ, խոսի իրավունքների ինչ–որ խախտումների մասին կամ այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում իր պայմանավորվածությունները։ Պետք է նաև հասկանալ, որ այս պայմանագրի ստորագրումը իրականում արդեն իսկ նպաստում է նաև նոյեմբերի 9–ի հայտարարության ամբողջական ոչնչացմանը»։  

Որպես զարգացումների օրինակ քաղաքագետը նշում է Մոսկվայում Փաշինյան–Ալիև հայտնի վեճը Լաչինի միջանցքի առնչությամբ։ Հիշեցնում է՝ երբ Հայաստանի վարչապետը խոսեց ճանապարհի արգելափակման մասին, Ալիևը արձագանքեց, որ անցակետ է տեղադրել իր տարածքում, որը ճանաչում է Հայաստանը։ «Խաղաղության պայմանագրի» տրամաբանության մեջ սա միակ վտանգը չէ, որի մասին ահազանգում են վերլուծաբանները։

Back to top button