ԿարևորՀասարակություն

Միկրոէլեկտրոնիկայի հսկան՝ հայկական շուկայում․ «Ինսթիգեյթ կիսահաղորդիչներ»-ից Microchip Technology Inc.

Միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology ընկերությունը ձեռք է բերել հայկական «Ինսթիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը։ Այսպիսով՝ Հայաստանում կգործի «Մայքրոչիպ» ընկերության մասնաճյուղը։ Ի՞նչ ճանապարհ է անցել «Ինսթիգեյթ կիսահաղորդիչներ»-ը՝ ամերիկյան հսկային հայկական շուկա բերելու համար, ինչպե՞ս է կայացած ցանցը փոխօգնությամբ կարողացել հաջողություն գրանցել՝ առանց արտաքին աշխարհից կախում ունենալու։

Այս պատմությունը սկսվեց 2.5 տարի առաջ, երբ միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա Microchip Technology Inc. ընկերությունը որոշեց՝ Հայաստանը ներդրում կատարելու համար հարմար, մասնաճյուղ ունենալու համար՝ արդյունավետ երկիր է։

Microchip Technology Inc. միկրոկոնտրոլերների, խառը ազդանշանային սխեմաների, անալոգային կիսահաղորդիչների և ֆլեշ IP լուծումների առաջատար մատակարար է: Microchip-ը շատ ակտիվ է շուկայում, միայն վերջին տարիներին ձեռք է բերել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են SST, SMSCSupetex, ISSC, Micrel, Atmel և այլն։ Atmel-ի հետ միաձուլումը ընկերության պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումն է։ Microchip Technology-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է 45 մլրդ դոլար։ Տարեսկզբին ընկերությունը հայտարարել էր ռեկորդային ֆինանսական արդյունքների մասին։

Հայկական «Ինսթիգեյթ խումբ» ընկերությունը այդ ժամանակ ոլորտային նախագծեր իրականացնելու պատվեր ստացավ։ Որոշվեց ստեղծել «Ինսթիգեյթ խմբի» դուստր՝ «Ինսթիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, որը շուտով այս անունն էլ չի ունենա։ Թե ինչու, պատմում է Microchip Technology Inc. ընկերության հայաստանյան գրասենյակի ինժեներական խմբի ղեկավար Անի Սաֆարյանը․

«Արտաքին ներդրողը ցանկանում է ծանոթանալ աշխատաշուկային, ներդրում է ուզում կատարել և թիմ ստեղծել, բայց ինքը տեղի շուկային ծանոթ չէ, դրա համար հիմանականում համագործակցում են լոկալ ընկերությունների հետ։ Այս պարագայում «Ինսթիգեյթ»-ն, այսպես ասած, ռիսկը վերցրեց, մարտահրավերն ընդունեց, թիմը ստեղծեց, կրթեց, բոլոր գործառնական խնդիրները իր ռեսուրսներով ապահովեց և վերջաբանը տրանսֆերն էր։ Արդեն իսկ տրանսֆերն իրականացվել է, այսինքն՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են «Միկրոչիպ»-ին»։

Գործարքը կայացել է BOT մոդելով՝ build-operate-transfer (ստեղծել-գործարկել-փոխանցել)։ Հայաստանում ստեղծված, հայկական ռեսուրսներով կայացած ընկերությունը կարողացել է լուծել իր առաջ դրված խնդիրը և ամբողջապես «փոխանցվել» միջազգային գիգանտ ընկերությանը՝ դառնալով հայաստանյան մասնաճյուղ։ Անի Սաֆարյանն ասում է՝ հատկապես կարևոր է խնդիրը բացառապես հայկական ռեսուրսներով լուծելու կարողությունը․

««Ինսթիգեյթ խումբ» ընկերության դուստր ընկերություններից ամեն մեկը մի ուղղվածություն ունի, օրինակ՝ խորհրդատվական ուղղվածություն ունենք, որն ապահովում է մեզ գրասենյակային կառավարումը, անձնակազմի կառավարումը, ունենք կրթական ուսումնական կենտրոնը, որը դասընթացներն է կազմակերպում, ունենք «Իրական դպրոց»ի հետ համագործակցություն, որը մեզ ապահովում է 2-3-րդ կուրսի ուսանողներով, որոնք կարողանում են, 2-3 ամսվա ընթացքում մեր նախնական փուլն անցնելով, աշխատանքային պայմանագիր ունենալ։ Օրինակ՝ այս պահին մենք 4 մարզերում ունենք «Իրական դպրոց»-ի 5 և ավելի աշակերտներ, որոնք հետ աշխատանքային պայմանագրեր ունենք»։

2.5 տարի առաջ 8 հոգուց բաղկացած թիմն արդեն 47 անդամ ունի և մասնաճյուղեր Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում։ Թիմը ստեղծվում է սեփական ռեսուրսներով, օրինակ՝ «Իրական դպրոց»-ի աշակերտներից, այդ թիմը կառավարվում է կրկին սեփական ռեսուրսներով։ Եվ ամենը միայն Երևանից չի կարգավորվում։ Օրինակ՝ Իջևանի մասնաճյուղի խնդիրները լուծվում են հենց Իջևանում գործող՝ «Ինսթիգեյթ խումբ» ընկերության համապատասխան դուստր ընկերությունները։ Սա, Անի Սաֆարյանի խոսքով, տալիս է արագ գործելու և նպատակադրումն ավելի քիչ ռիսկերով իրականություն դարձնելու հնարավորություն։  

«Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները միշտ փնտրում են նոր շուկաներ, տաղանդներ, որոնք կարող են ընկերությանը մեկ քայլ առաջ տանել։ Կախված ժամանակից և տեղանքից՝ որոշում է կայացվում, ընտրվում է տվյալ երկիրը, որը համապատասխանում է իրենց պահանջներին, Հայաստանն ընտրել են առաջինը այն կետի հիման վրա, որ նման խնդիրներ մենք կարող ենք լուծել, որովհետև ՏՏ ոլորտը շատ բազմաժանր է, տարբեր ուղղություններով այս պահին շատ-շատ աշխատող թիմեր կան։ Դա հիմք է տալիս հասկանալու, որ Հայաստանում այդ աշխատաշուկան կա, և կարելի է թիմ ստեղծել»։

Ընկերությունը կենտրոնացված է լինելու EDA ոլորտի նախագծերի իրականացման վրա։ EDA-ն՝ Էլեկտրոնային դիզայնի ավտոմատացումը, էլեկտրոնային համակարգերի նախագծման ծրագրային գործիքների կատեգորիա է։ Ընկերությունն իր առաջ այլ ուղղություններով խնդիրներ ևս դրել է (Application Engineering, Customer Support, Embedded Systems Programming, IP Verification): Ասում են՝ առաջիկայում լուրջ աշխատանք է սպասվում․մեծ ընկերություններից մեծ պատվերներ ստանալու համար պետք է ապացուցել, որ հայկական շուկան համաչափ ռեսուրսներ ունի։

Back to top button