ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի շարունակվող լարվածության ֆոնին՝ կազմակերպության ԱԽ քարտուղարները հանդիպում են Մինսկում

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր Բելառուս է մեկնել։ Մինսկում նա մասնակցելու է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքին։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացման միջոցները։ ՀԱՊԿ-ի հետ շարունակվող լարվածության ֆոնին՝ պաշտոնական Երևանը մայիսի 25-ին հրաժարվել էր մասնակցել դաշինքի պաշտպանության նախարարների խորհրդի հավաքին։ Սուրեն Պապիկյանի բացակայությունն աննկատ չէր անցել։ Սերգեյ Շոյգուն ընդգծել էր, որ կարևոր են համարում Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին։ Թե ինչո՞ւ այս անգամ Երևանը որոշեց մասնակցել ռազմական կառույցի հերթական նիստին, փակագծերը չեն բացվում։   

Չի բացառվում, որ Մինսկում Արմեն Գրիգորյանն իր ռուս պաշտոնակցի հետ քննարկի Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը վերսկսելու հարցը։ Այդ մասին Արմեն Գրիգորյանը ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում․

«Այս խնդրի լուծումը, մենք ավելի շատ, հաշվի առնելով այն իրականությունը, որը գոյություն ունի, այսինքն՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, Ռուսաստանի կարողություններ՝ սպասարկելու իր այդ պատերազմը և նաև հաշվի առնելով, որ կարողությունը այնքան էլ մեծ չէ, որպեսզի արտահանում էլ տեղի ունենա, մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով։ Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ինտենսիվ քննարկումներ ենք ունենում՝ զենք գնելու մասով, մի մասով արդեն նույնիսկ արդյունքներ էլ ունենք, մի մասով դեռևս բանակցությունները շարունակվում են։ Այսինքն, եթե խնդիր է առաջացել, Հայաստանը ոչ թե այլընտրանքներ չի որոնում, այլ՝ Հայաստանը, եթե խնդիր է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում, մինչև այս ներկայիս խնդիրը, այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում գոյացած խնդիրը զենքի մատակարարման մասով, լուծվի»։

Նշենք, որ պաշտոնական Երևանը տարբեր առիթներով  դժգոհություն է հայտնել, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի վաճառում, չնայած փողի խնդիր չկա։ Թե կոնկրետ ինչո՞ւ արդեն իսկ գնված սպառազինությունը չի հասել Հայաստան, բացահայտում-պարզաբանումներ չեն եղել։ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, օրինակ, լրագրողների հետ շաբաթներ առաջ ունեցած զրույցում միայն հաստատել էր, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ․

«Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա»։

Փոխարտգործնախարարի հետ լրագրողները զրուցել էին մայիսի 16-ին՝ խորհրդարանում։ Մայիսի 25-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստ, որին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել էր մասնակցել։ Դրան բացահայտ դժգոհությամբ էր արձագանքել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն․

«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը։ Մենք հետաքրքրված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավորը Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար։ Բայց միևնույն ժամանակ, կարևոր է հայկական կողմի մասնակցությունը օպերատիվ մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին»։

ՌԴ պաշտպանության նախարարը նույն նիստում նաև ակնարկել էր, որ Հայաստանը վերջին շրջանում հրաժարվում է մասնակցել կամ ընդունել ՀԱՊԿ զորախաղերը։

Նշենք, որ այս տարեսկզբին Հայաստանը հրաժարվել էր հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները, վկայակոչելով Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային կազմակերպության կողմից քաղաքական հստակ գնահատական չտալու հանգամանքը։ Դրանից երկու ամիս առաջ էլ նույն պատճառով Երևանում չէր ստորագրվել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։  

Ի դեպ, մինչև այժմ Հայաստանը չի հայտարարում պաշտոնապես՝ արդյո՞ք մասնակցելու է Ղրղզստանում սպասվող ՀԱՊԿ զորավարժություններին, որոնք նախապես ծրագրված էր անցկացնել Հայաստանում։

Սերգեյ Շոյգուն վերջերս նաև շեշտել էր, որ Ռուսաստանի ՊՆ-ն մեծ ուշադրություն կդարձնի ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին․

«Նախատեսված միջոցառումների իրականացումը կապահովի բանակի պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը, կպաշտպանի ազգային շահերը և արդյունավետ արձագանքելը ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին»։

Վերադառնալով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների մայիսի 25-ի նիստին Հայաստանի պաշտպանության նախարարի չմասնակցելու թեմային, նշենք նաև, որ մինչ փորձագիտական շրջանակներում քննարկում էին դրա դրդապատճառներն ու հետևանքները, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները շտապեցին վստահեցնել՝ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Բելառուսի մայրաքաղաք չմեկնելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ և ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց գոյություն չունի․

«Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, այլ տեխնիկական հարցերի հետ»։

Վերջին ամիսներին ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության, այդ ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետության շուրջ հրապարակային քննարկումները, հայտարարություններն ու քննադատությունը բավական ակտիվացել էին: Վերջերս էլ հրապարակային խոսվեց այն մասին, որ 2022-ի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց է քննարկել։ Որոշում է ընդունվել՝ չանել այդ քայլը, այլ շարունակել աշխատանքները դաշինքի կազմում։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն է ակնկալել, ինչը, սակայն, չի ստացել․

«Հայաստանը երեք անգամ հարձակման է ենթարկվել և վերջում, այսպես կոչված, ռազմական դաշինքը, Հայաստանի հանդեպ երեք հարձակումից հետո, Հայաստանին առաջարկում է փաստահավաք առաքելություն ՀՀ-ում։ Սա լուրջ չէ՝ առնվազն»։

Այս ընթացքում Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այս պահին օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա, չբացառելով, որ այն կարող է կրկին օրակարգ մտնել՝ ըստ իրավիճակի։ Մայիսի 22-ի ասուլիսում վարչապետ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը դեռ օրակարգից դուրս չի եկել։ Այս հայտարարությանը արձագանք եղավ պաշտոնական Մոսկվայից. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց՝ եթե առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու գաղափարը, ապա հարկ է գիտակցել դրանից բխող սպառնալիքը։

ՀԱԿՊ-ի նիստը կկայանա հունիսի 8-ին։ Իսկ այսօր կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր էլեկտրոնային պատերազմի աշխատանքային խմբի նիստը։  

Back to top button