Վերնատուն

Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ․ «Վերնատուն»

Ինչպե՞ս լինել արվեստագետ մրցակցային անհավասար պայմաններում, ինչպե՞ս լինել տեսանելի և ինչպե՞ս շուկա դուրս գալ։ Ժամանակակից արվեստի ինստիտուտը նախաձեռնել է «Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագիրը։

Ծրագրի ղեկավարներ՝ համադրող Լիլիթ Գրիգորյանը և պատկերապատող Կարինե Արոյանը խոսում են ծրագրի ու դրա առանձնահատկությունների մասին։ Կազմակերպիչներն ասում են՝ երիտասարդ արվեստագետների հետ աշխատելիս հաճախ տրվող հարցեր են ի հայտ եկել, ինչի արդյունքում կազմվել է 6-ամսյա կրթական ծրագիրը․ օրինակ՝ որպես արվեստագետ ինչպես երևալ և ինչպես դիրքավորվել շուկայում, ինչպես վաճառել գործերը, ինչպես մասնակցել տեղական և միջազգային ցուցահանդեսների և այլն։

Ասում են՝ առհասարակ երիտասարդների շրջանում սեփական ձայնը գտնելու ու ինքնաճանաչման խնդիր կա, և այս ծրագիրը կօգնի, որպեսզի նրանք ավելի ամուր կանգնեն իրենց մասնագիտական ոլորտում, ճանաչեն իրենց իրավունքներն ու հնարավորությունները, գիտելիքները՝ շուկայում ինքնուրույն գոյատևելու, տեղական ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և այլն։

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել մասնագիտական ցանց, սովորել աշխատել համագործակցելով այլ ոլորտների մասնագետների ու կառույցների հետ։ Կազմակերպիչներն ակնկալում են 6 ամսվա ընթացքում ունենալ 25 երիտասարդ արվեստագետ, որոնք դուրս կգան ծրագրից ավելի ուժեղացած, լավ պորտֆոլիոներով, իրենց կկարողանան ներկայացնել պրոֆեսիոնալ ձևով, համապատասխան կապերով՝ համադրողների և այլ ոլորտի մասնագետների հետ, որպես ամուր, ոլորտում կայացած մարդիկ։

Back to top button