ԿարևորՔաղաքական

Արևմուտքը ձգտում է Ռուսաստանին ռազմաքաղաքական կոլապսի հասցնել․ ռազմական փորձագետ

Ուկրաինայի Խերսոնի մարզում, որը պատերազմի հետևանքով մասամբ անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ, Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը կարող է հազարավոր մարդկանց համար ծանր և երկարաժամկետ հետևանքներ ունենալ։ Այս նախազգուշացում–հայտարարությունն արել է ՄԱԿ-ը: Կախովկայի ՀԷԿ-ի պայթյունի հետևանքով առաջացած ավերածությունների ու Դնեպրի հարակից գյուղերի ու քաղաքների հեղեղման հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ նիստ էր հրավիրվել։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ՀԷԿ–ի ամբարտակը պայթեցրել են ռուս զինվորականները, որոնց վերահսկողության տակ է եղել այն։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն էլ հայտարարել է՝ Կիևի ռեժիմն է պայթեցրել այն՝ ուժերը վերախմբավորելու համար։

Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ջո Բայդենի աշխատակազմը դեռ եզրակացության չունի Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի  փլուզման պատճառի մասին։ Այսօր արդեն նշվում է, որ Դնեպրի ամբարտակի փլուզումը զանգվածային հեղեղումներ է առաջացրել թե՛ Ռուսաստանում, և թե՛ Ուկրաինայում, որի հետևանքով հազարավոր մարդիկ տարհանվում են, կան զոհեր։ ՄԱԿ-ը նույնպես անկախ տեղեկատվություն չունի, թե ինչպես է պայթեցվել ամբարտակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեղի ունեցածը համարել է Ուկրաինա ռուսական ներխուժման ևս մի ավերիչ հետևանք։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը հումանիտար, տնտեսական ու բնապահպանական աղետ է։ Գուտերեշը կոչ է արել դադարեցնել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա հարձակումները։ ՄԱԿ–ի տվյալներով՝ Ուկրաինայում առնվազն 16 հազար մարդ կորցրել է իր տունը, վտանգված են խմելու ջրի պաշարները:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի դիտարկմամբ, պետք է հաշվի առնել այն, որ Կախովկայի ամբարտակը 50-60 ականներին է կառուցվել և ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արդեն մի քանի անգամ հարված է ստացել, բայց չի փլվել։ Փորձագետը չի բացառում, որ այս փլուզումը կարող էր ամբարտակի արդեն թուլացած լինելու պատճառով լինել․

«Երբ հարցին ռազմական մակարդակով ենք նայում, Դնեպր գետի այդ հատվածը այնպիսին է, որ արևմտյան ուղղությամբ հոսանքի աջ ափը ավելի թեք է, բարձր է, իսկ արևելյան ափը դաշտավայրային է, և ռուս փորձագետներն ասում են, որ այս հարվածը վնաս է հասցրել իրենց պաշտպանական համակարգին, քանի որ դիրքերը ավերվել են, ականապատ դաշտերը ոչնչացել, և ռուսական կողմը որևէ շարժառիթ չուներ նման ավերածություն անելու։ Սակայն ռուսական կողմը այնքան էլ լիաբերան չմեղադրեց ուկրաինական կողմին»։

Ռազմական փորձագետը, հղում անելով բրիտանական հետախուզությանը, նշում է, որ միջազգային փորձագետները բավականին զգուշավոր են իրենց եզրակացություններում։

Նա խոսում է սպասվող ծանր հետևանքների մասին՝ մոտակայքում հեղեղված գերեզմաններ կան, իսկ եղանակը շոգ է, ու մեծ է խոլերայի ռիսկը։ Բացի այդ, ջրամբարից ջրի անվերահսկելի բացթողումից հետո Ղրիմի թերակղզին կարող է զրկվել խմելու ջրից։

Մինչ փորձագետները չեն շտապում եզրակացություններ անել ու մատնացույց անել, թե որ կողմն է հարվածել ամբարտակին, քաղաքական հարթությունում փոխադարձ մեղադրանքների տարափ է։

Նախ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարեց, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Ռուսական կողմը, սակայն պնդում է, որ ուկրաինական բանակն է հարվածել ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շտապել է հայտարարել, որ չպետք է թերագնահատել թշնամուն, և հիմա գլխավորը կենտրոնանալն է ու արժանի հակահարված տալը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հերքում է մեղադրանքները։

«Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ռուսաստանը վերահսկում է և՛ ամբարտակը, և՛ ամբողջ ՀԷԿ-ը։ Այն դրսից գնդակոծություններով պայթեցնելը ֆիզիկապես անիրատեսական է։ Այն ականապատել են հենց ռուսները, և հենց նրանք էլ պայթեցրել են»,– ասել է Զելենսկին։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ ամբարտակի պայթյունը անվանել է «ահաբեկչություն»։ Ըստ նրա՝ Կիևը Կախովկի ՀԷԿ-ին հարվածներ է հասցրել, այդ հատվածում թույլ չտալու համար ռուսական զինված ուժերի հարձակումը:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան․ «Մի վիդիոնյութ աչքովս ընկավ, գիշերային տեսանելիության սարքով էր նկարված, և երևում է պատնեշի պայթյունը, բայց դա մի սովորական պայթյուն էր։ Դժվարանում եմ ասել,  թե արդյո՞ք դա է բերել պատնեշի փլուզման, թե՞ ոչ»։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, մինչդեռ, այդ նույն տեսանյութը դիտարկելով, պնդում է, որ հարվածը գալիս է ուկրաինական կողմից․

«Ռուսական կողմը տարածեց տեսանյութ, որտեղ երևում է, որ ուկրաինական կողմից հրթիռը գալիս է ու հարվածում ՀԷԿ-ի պատին։ Ըստ երևույթին, նպատակ է եղել խնդիրներ առաջացնել ռուսների համար, որպեսզի ստիպված լինեն թողնել դիրքերը Խերսոնի հատվածում և դուրս գալ, բայց երեկ արդեն ուկրաինացիներն էլ էին իրենց զորքը էվակուացնում, որովհետև հաշվարկը մի փոքր այլ է ստացվել ու գետի բարձարցում երկու կողմերում է եղել»։

Միջազգայնագետը, ըստ այդմ, եզրակացնում է, որ օպերացիան չի ստացվել և արևմուտքը չի կարողացել նպատակին հասնել, և այժմ ավելի վտանգավոր քայլ է ձեռնարկվում։ Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը, նրա կարծիքով, կարող է միջուկային հարվածի առիթ դառնալ․

«Մենք բոլորս պետք է հուսանք, որ այդ հարվածը չի լինի միջուկային, որովհետև, եթե իրավիճակն այդ ուղղությամբ զարգացավ, չեմ բացառում, որ ինչ-որ մի իքս պահի կարող է նման որոշում կայացվել, ինչը դառնալու է անկանխատեսելի հետևանքներ ունեցող իրավիճակ բոլոր կողմերի համար՝ և՛ ռուսական, և՛ ուկրաինական, և՛ արևմտյան»։

Մհեր Հակոբյանը համոզված է, որ Ռուսաստանն անում է այն, ինչ կարող է, և իրավիճակը չի ստիպի անել ավելին։ Միջուկային զենքի կիրառումն, ըստ նրա, հնարավոր է մի դեպքում՝ եթե գոյաբանական խնդիր առաջանա Ռուսաստանի համար, և դա լավ հասկանում է նաև Արևմուտքը․

«Ռուսական կողմը միանշանակ դիրքորոշում ունի, որ եթե Ռուսաստանի ֆիզիկական գոյությանը վտանգ սպառնա, իրենք միջուկային զենք կկիրառեն, սրան հակառակ Ուկրաինան ու Արևմուտքը ճնշումը բանեցնում են այն աստիճան, որ Ռուսաստանը բարոյական հիմք չունենա միջուկային զենք կիրառել։ Իրենք փորձում են հասնել մի վիճակի, որ Ռուսաստանի պաշտպանական բնագիծը փլվի, այսինքն, որ Ռուսաստանը ռազմաքաղաքական կոլապս ապրի, ինչպես եղավ առաջին համաշխարհայինի ժամանակ»։

Միջուկային զենքի կիրառման մասին հայտարարությունները ռազմական փորձագետը մանիպուլյացիա է համարում։

Back to top button