ԿարևորՀասարակություն

Փայտամշակությունը` զբաղմունքից մինչև ձեռնարկատիրություն. ԵՄ-ն օգնում է միգրանտներին բիզնես հիմնել

Միգրացիոն քաղաքականաության մշակման միջազգային կենտրոնը Եվրամիության աջակցությամբ իրականացնում է միգրանտների վերաինտեգրման «Եվրոպական Միությունը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս միգրանտներին ու նրանց ընտանիքի անդամներին վերադառնալ հայրենիք ու զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Կարևորվում է հավասարաչափ համաֆինանսավորման սկզբունքը:

Շիրակի մարզի լեռնային բնակավայրերում տեղացիների ապրելու միջոցը ոչ թե գյուղատնտեսությունն է՝ հացահատիկի, կաղամբի ու կարտոֆիլի մշակությունը, այլ արտագնա աշխատանքը: Մարզի գրեթե բոլոր բնակավայրերում մարդիկ հույսը դնում են այսպես կոչված «խոպանի» վրա՝ վաղ գարնանից տղամարդիկ հավաքում են ճամպրուկներն ու մեկնում արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան:

Երիտասարդ տարիները «խոպանում» է անցկացրել նաև Արթիկ խոշորացված համայնքի Սարալանջ գյուղի բնակիչ Խաչատուր Սուվարյանը.

«Խոպանը ոչ թե ձեռնտու էր, այլ ստիպված եմ գնացել, որովհետև գյուղատնտեսության մեջ մի տարի կարող է երաշտ լինել, մի տարի՝ կարկտահարություն և ցանածդ լրիվ ապարդյուն է դառնում: 20 տարի աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում. տարի է եղել, որ ընդհանրապես տուն չեմ եկել, տարի է եղել, որ վերադարձել եմ դեկտեմբերի 21-ին ու գնացել՝ հունվարի 21-ին: Ռուսատանում մասնակցել եմ եկեղեցու շինարարությանը, պարգևատրվել եմ»:

Խաչատուրն արդեն 2 տարի արտագնա աշխատանքի չի մեկնում։ Ասում է՝ գալիս է մի տարիք, երբ հոգնում ես դրսում աշխատելուց և ուզում ես լինել տանը, ընտանիքի կողքին, բայց նաև պարապ մնալ չի ցանկանում: Խաչատուրը որոշել է զբաղվել փայտամշակությամբ.

«Ես սիրում եմ փայտի գործը, Ռուսաստանում էլ ունեմ փայտե բարդ կառույցներ՝ տանիքներ, պարուրաձև, կաղնու փայտից պատրաստված աստիճաններ, տարբեր աշխատանքներ: Առաջին պայմանն այն է, որ մարդ սիրի իր գործը»:

Սիրելի զբաղմունքը մշտական աշխատանք դարձնելու գործում Խաչատուրին աջակցել է Միգրացիոն քաղաքականաության մշակման միջազգային կենտրոնը, որն արդեն 3 տարի Հայաստանում իրականացնում է «Եվրոպական Միությունը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս միգրանտներին ու նրանց ընտանիքի անդամներին վերադառնալ, մնալ հայրենիքում և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյան.

«Ծրագրի նպատակը՝աջակցություն ցուցաբերել միգրանտներին ու նրանց ընտանիքի անդամներին նոր բիզնեսների ստեղծման ու գոյություն ունեցող բիզնեսների զարգացման գործում: Այսինքն, եթե մարդը վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի ժամանակով գտվել է երկրից դուրս, աշխատել արտերկրում, այնտեղ վաստակած իր գումարները կարող է ուղղել հայրենի հողում մի որևէ գործ ձեռնարկելուն»:

Ծրագիրն իրականացվում է միայն մարզերում: Երկու տարվա ընթացքում 300 միգրանտ հայտ է ներկայացրել, նրանցից 250-ն է մասնակցել «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին, մենթորների օգնությամբ կազմել են բիզնես ծրագրեր ու մասնակցել մրցույթին: Իննա Գալոյանն ասում է, որ մինչ օրս ֆինանսավորվել է 80 բիզնես ծրագիր.

«Ծրագրով հատկացվում է մինչև 10000 եվրոյին համարժեք 4 մլն դրամ: Նույնքան էլ շահառուն է ներդնում: Շահելուց հետո մենք կանխիկ գումար չենք տալիս շահառուին, այդ գումարի չափով գնում ենք իրեն անհրաժեշտ պարագաները, որոնցով ծառայություն է մատուցելու և հարկավոր է իր բիզնեսին»:

Արթիկի Սարալանջ գյուղի բնակիչ Խաչատուր Սուվարյանը ծրագրի մասին տեղեկացել էր համացանցի միջոցով, հայտ էր ներկայացրել, մասնակցել դասընթացին ու դարձել ծրագրի շահառու՝ հիմնելու է փայտամշակման արտադրամաս: Բայց մինչև շինարարություն սկսելը փորձնական աշխատում է տան նկուղում.

«Սա ժամանակավոր արհեստանոց է, գործիքների մի մասը նախքան ծրագրին մասնակցելն ունեցել եմ, ես եմ գնել: Ծրագրով ինձ հատկացրել են անհրաժեշտ մի քանի սարքավորումներ՝ փայտի խառատային հաստոց, կոմպրեսոր, 4 մլն դրամի սահմաններում գործիքներ եմ ստացել: Ես 4 մլն. դրամից ավելի եմ ներդնելու, իմ ներդրումը արտադրամասի շինարարության վրա է լինելու, որը դեռ չեմ սկսել՝ կապված փաստաթղթային գործարքների հետ»:

Խաչատուրն իր արհեստանոցում արդեն մանկական երկու մահճակալ է պատրաստել, բայց հիմնականում արտադրելու է մանկական խաղահրապարակներ: Փայտանյութն առայժմ ձեռք է բերել ներքին շուկայում, արտադրությունը սկսելուց հետո կներկրի նաև Ռուսաստանից, բայց մտածել է սեփական հումք ունենալու մասին. հողամասում տնկել է արագ աճող Պավլովնիա ծառատեսակը.

«Արմատակալ եմ դրել, շուտով կաճի: Տնկել եմ Պավլովնիա Z-07 սորտը, որը դիմացկուն է -32 աստիճան սառնամանիքին, +45 աստիճան ջերմությանը, այսինքն՝ մեր կլիմային դիմանալու և աճելու է: Յոթ տարվա ընթացքում բնի հաստությունը կհասնի մինչև 42 սմ-ի: Կտրելուց հետո էլ՝ նույն բնի վրա աճում է, ցիկլը կրկնվում է 5-6 անգամ»:

Հայրենի գյուղում սեփական արտադրութուն հիմնելն ու զարգացնելը նոր աշխատատեղեր կստեղծի համագյուղացիների համար: Սարալանջի բնակչության 70 տոկոսը մեկնում  է արտագնա աշխատանքի: Մանկական խաղահրապարակների պահանջարկը հիմա մեծ է բոլոր համայնքներում, դրանք իրականացվում են նաև սուբվենցիոն ծրագրերով:

Խաչատուր Սուվարյանը վստահ է՝ փայտի մշակման արտադրությունում աշխատանքի պակաս չի լինի:

Back to top button