ԿարևորՎերլուծական

Էրդողանի նոր կաբինետը. ի՞նչ սպասել այդ կառավարությունից

Թուրքիայի նոր կառավարության առաջին նիստն է այսօր հրավիրվել։ Էրդողանը հունիսի 3-ի երդմնակալությունից հետո ներկայացրել է նոր կառավարության կազմը։ Դեռ շաբաթներ առաջ փորձագետների մեծ մասը ենթադրում էր, որ Էրդողանը նոր կաբինետում կշարունակի պահել երեք առանցքային դերակատարների՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, բայց այդ նախարարները Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակով խորհրդարանական մանդատներ են ստացել։

Էրդողանի ձևավորած նոր կաբինետում նախորդ կառավարությունից գրեթե ոչ ոք չի մնացել։ Իրենց պաշտոնները պահպանել են միայն առողջապահության և մշակույթի ու զբոսաշրջության նախարարները։ Գործադիրի թիմը փոխվել է գրեթե ամբողջությամբ։ Թուրքիայի կառավարությունում 17 նախարար կա: Նորանշանակ պաշտոնյաների մեծ մասը սովորել է ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Սա նոր ձևավորված կառավարության առանձնահատկություններից մեկն է։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատում է, որ Էրդողանի նոր կաբինետը նախկին բոլոր կառավարություններից մեկ այլ առանձնահատկությամբ էլ է տարբերվում.

 «Շատ մասնագիտական կաբինետ է ստացվել։ Բոլորը բարձրակարգ մասնագետներ են՝ պրոֆեսորներ, դասախոսներ և այլն, այսինքն, շատ տարբերվում է մինչև այդ եղած կաբինետներից»։

Փորձագետները Էրդողանի նոր կաբինետի ամենահետաքրքիր և ուշագրավ փոփոխություններից են համարում արտաքին գործերի և պաշտպանության նոր նախարարների նշանակումը։ Պաշտպանության ոլորտը Հուլուսի Աքարի փոխարեն կղեկավարի 68-ամյա Յաշար Գյուլերը։ Նա 2018 թվականի հուլիսից զբաղեցնում էր Թուրքիայի ԶՈՒ-ի ԳՇ պետի պաշտոնը։ Ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար, 55-ամյա Հաքան Ֆիդանն էլ արտգործնախարարի պաշտոնում կփոխարինի Մևլութ Չաուշօղլուին։ Վերջինս խորհրդարանի պատգամավոր է ընտրվել։

Թուրքական հետախուզությունը 2013 թվականից ղեկավարող Հաքան Ֆիդանին փորձագետները Էրդողանի աչքերն ու ականջներն են համարում։ Ըստ տարածված լուրերի՝  Էրդողանը նրան այդպես պարգևատրեց տարիների հավատարիմ ծառայության համար՝ իր կողքին պահելով։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Հաքան Ֆիդանի՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարման շրջանն այսպես է բնորոշում․

 «Նրա ղեկավարման շրջանը հետաքրքիր էր նրանով, որ ոչ միայն հետախուզական ծառայություն էր դարձել դա, այլ նաև, ըստ էության, Էրդողանի գաղտնի ծառայությունն է, որը օժանդակում է դիվանագիտական գործունեությանը»։

Քաղաքական մեկնաբան Սագո Արեանը նկատում է, որ Էրդողանի նեղ շրջապատի այդ պաշտոնյան կարևոր ու առանցքային է Մոսկվայի ու Սիրիայի հետ հարաբերություններում․

 «Հստակ է, որ շատ բացահայտ կերպով Էրդողանը ցանկանում է լեզու գտնել Սիրիայի հարցով, հավանաբար ցանկանում է լեզու գտնել նաև Հունաստանի հետ։ Հարավային Կովկասի մասով, սակայն, շուտ է մեկնաբանություն տալը, որովհետև բոլոր բանալիները Ադրբեջանի ձեռքում են. ցավոք, սա պետք է արձանագրենք։ Բայց այժմվանից չենք կարող վերջնական եզրակացություններ անել»։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նույնպես կարծում է, որ Սիրիայի հետ խնդիրներ լուծելու տրամադրվածություն կա, սակայն այլ ուղղություններով խիստ ազգայնական քաղաքական գիծը Թուրքիայում չի փոխվելու․

 «Երևում է, որ Թուրքիան բավականին խիստ ազգայնական քաղաքականություն է տանելու իր շրջապատի համար, հարևանների համար պրոբլեմներ են առաջանալու, հատկապես՝ Հայաստանի, Հունաստանի և ներքին՝ քրդերի հետ։ Քրդերի դեմ ուժեղ բռունցքով են առաջ գնալու»։  

Էրդողանն իր ելույթում հայտարարել է՝ առաջիկա հարյուրամյակը Թուրքիայինն է լինելու, մեծ գործեր են անելու, Թուրքիան ավելի ուժեղանալու և ընդլայնվելու է։ Թուրքագետները նկատում են, որ այս մեծապետական քաղաքականությունը Թուրքիան չի փոխում, ինչը ոչ միայն մեզ համար է վտանգ ներկայացնում։ Այդ երկրի մյուս հարևանները նույնպես պետք է մտահոգվեն՝ ասում է Տիրան Լոքմագյոզյանը։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, կառավարությունը թարմացնելով` Էրդողանը նպատակադրվել է պահպանել երբեմնի երիտթուրքերի գաղափարները հանրապետական Թուրքիայի քաղաքականության մեջ․

 «Պանթյուրքիստական գաղափարները, որ հատուկ էին երիտթուրքերին։ Մենք տեսնում ենք, որ Էրդողանի կուսակցության ամենամոտ դաշնակիցը հենց «Գորշ գայլերի» պանթյուրքիաստական կուսակցությունն է»։

Թուրքիայի նոր կառավարության անդամները բոլորն էլ Էրդողանի աշակերտներն են՝ նկատում է Սաքո Արեանը։ Նա, սակայն, կարծում է, որ «նոր» Էրդողանը շատ ավելի թույլ է, քան մինչև հիմա է եղել, իսկ այդ թուլությունն ամեն օր է ծանրանալու, մանավանդ, եթե նա շարունակի հաշվի չնստել Սպիտակ Տան հորդորների հետ։ Ռուսաստանից հեռու մնալու պահանջ կա Արևմուտքում։ Արևմտյան վերլուծաբաններն էլ զգուշացրել են.

 «Արևմուտքը լրջորեն մտածում է Թուրքիան վերածել հիվանդ մի տերության՝ հար ու նման Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին»։

Ներքին խնդիրները հաղթահարելու էրդողանի հնարավորություններն այսօր մեծ չեն։ Այսինքն, եթե Էրդողանը չստանա ֆինանսական հոսքեր ու օժանդակություն, ապա լիրայի հետագա անկումը կարող է շատ լուրջ և սուր հետևանքներ ունենալ։ Հետևաբար, ըստ փորձագետի, Էրդուղանը ստիպված է լինելու հաշվի նստել Արևմուտքի ու հատկապես՝ ԱՄՆ-ի հետ։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, մինչդեռ, այլ կարծիք ունի․

 «Երբեք էլ Արևմուտքից բաժանված չէ Թուրքիան, երբեք էլ Ռուսաստանի կողմը չէր թեքված. համ նալին էր խփում, համ մեխին»։

Ըստ Լոքմագյոզյանի, Էրդողանի քաղաքականությունը կշարունակվի այնպես, ինչպես մինչև հիմա։ Դա, թուրքագետի կարծիքով, ձեռնտու է նաև Արևմուտքին, քանի որ կամուրջի դեր է տանում Թուրքիան։

Back to top button