Կյանքին ասել այո՛

Խրամատից ինձ հանեցին երկու ընկերներս, որոնք էլ չկան․ Պարույր Մարտիրոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Պարույր Մարտիրոսյանը ծնվել է 1980 թվականին Երևանում։ 2000-ին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիան , իսկ 2008-ին ՌԴ Վլադիմիր քաղաքի Պետական հումանիտար համալսարանը։ 2000-2002 թվականներին ժամկետային զինծառայություն է իրականացրել Սյունիքում։ 2010-ին ամուսնացել է , ունի երկու զավակ՝ աղջիկ, տղա։ Միշտ երազել է դառնալ ռեժիսոր, բայց ստացվեց այնպես, որ մասնագիտացավ որպես հոգեբան, թեև այս մասնագիտությունն էլ աշխատանքային կենսագրության մեջ շատ չի կիրառել։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական՝ «ՈՄԱ» գումարտակի կազմում։ Եղել է դասակի հրամանատար։

Նույն գումարտակի կազմում ընդգրկված էին Պարույրի մեծ ընտանիքի անդամներից հինգը։ Կռվել են Արցախի տարբեր հատվածներում, մասնավորապես, Քարվաճառում, Կարմիր շուկայում ու Թաղավարդում։ Նոյեմբերի յոթին վիրավորվել է՝ ստանալով սալջարդ (կոնտուզիա)։ «Խրամատից ինձ հանեցին երկու ընկերներս, որոնք էլ չկան»,-ասում է Պարույրը։ Դասակի երեք տղաները զոհվել էին նրա վիրավորվելուց երեք օր անց։ Պատերազմից հետո շարունակում է կատարելագործել ռազմական գիտելիքները «ՈՄԱ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում, որովհետև համոզված է՝ տղամարդու կարևորագույն առաքելությունն, այնուամենայնիվ, ոչ թե կենացներով, այլ զենքով երկիրը պաշտպանելն է։

Back to top button