ԿարևորՀասարակություն

Իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում․ մարզպետները հաշվետվություն են ներկայացրել խորհրդարան

Հայաստանի սահմանամերձ համայնքներում, ըստ մարզերի ղեկավարների, թշնամու կողմից ինետնսիվ կրակոցներ չկան։ Գյուղացիներն էլ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով։ Սահմանամերձ Տավուշի մարզի ղեկավարը վստահեցրել է՝ մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, Սյունիքի մարզպետն էլ հույս է հայտնել, որ թշնամին ինչ որ մի օր կհեռանա իրենց տարածքներից։

Գեղարքունիքի մարզպետը չի հերքել՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո մարզում եղել են ընտանիքներ, որ հեռացել են, բայց նաև վստահեցրել է, որ նրանց հիմնական մասը վերադարձել է։ Մարզպետներն այսօր խորհրդարանում էին՝ 2022-ի պետական բյուջեի հաշտվետվությունը ներկայացնելու։

Սահմանամերձ մարզերում, ըստ մարզերի ղեկավարների, սահմանների նոր փոփոխություններ չեն եղել։ Իսկ Սյունիքի մարզպետն, օրինակ, հույս ունի, որ ադրբեջանցինեը հետ կքաշվեն օկուպացրած տարածքներից։ Ռոբերտ Ղուկասյանն ընդգծում է՝ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել․

«Երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են։ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել։ Ինչ-որ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել, բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ որ տեղերից և քանի մետր»։

Մարզի ղեկավարը վստահեցնում է՝ Տեղ գյուղի այն բնակիչները, որոնք կորցրել են իրենց վարելահողերը, այս տարվա չիրացված եկամտի համար աջակցություն կստանան։ Սահմանամերձ Տավուշի մարզի ղեկավաը վստահեցնում է՝ մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Հայկ Ղալումյանը Տավուշում գտնվող այսպես կոչված անկլավները նկատի ունի․

«Անկլավների մասով այս պահին բանակցություն տեղի չեն ունենում, մեզ հետ քնարկումներ չեն եղել։ Երբ կլինի, հանրությանը տեղյակ կպահվի։ Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում, այդ հարցը լուծվելու է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում»։

Տավուշում՝ Բերդից N զորամաս գնացող ճանապարհը վատ վիճակում է՝ ասում է Լիլիթ Կիրակոսյանը և փոխանցում տեղացիների մտահոգությունները․

«Գյուղից ճանապարհը տանում է զորամաս։ Հատկապես մեր նման երկրներում, որ անընդհատ ռազմական գործողությունների կամ խնդիրներ մեջ են, կարծում, եմ, որ այդ ճանպաարհնեը պետք է ավելի կոկիկ լինեն, քան ներհամայնքայինները»։ 

Մարզպետը շեշտում է՝ մարզում տրանսպորտի մրցույթ չի անցկացվել։ Բայց չորս մարզում ամենականոնակարգվածը Բերդի ներհամայնքային տրանսպորտն է։ 2022-ին էլ սկսել են ճանապահների վերանորոգումը։ Տավուշում, մարզպետի խոսքով, Բերքաբերի հատվածում մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ թվեր մարզպետը չնշեց։ Կառավարությունը 2022-ին Տավուշի սահմանամերձ համայնքներին 500 մլն դրամ է հատկացրել։ Գումարները ուղղվել են էլեկտրաէներգիայի, գազի վարձի սուբսիդավորմանը։

Սահմանամերձ Գեղարքունիքում, մարզի ղեկավարի խոսքով, հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը նվազել է։ Կարեն Սարգսյանի վստահեցմամբ, մարզում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, ապրում են իրենց բնականոն կյանքով։ Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, սակայն, անվտանգային խնդիրներից ելնելով, հիմա են դադարեցվել, իսկ փակ հանքում աշխատանքներ իրականացվում են, հանքը մասնակի աշխատում է։  

Կարեն Սարգսյանը չի հերքում՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո մարզում եղել են ընտանիքներ, որ հեռացել են, բայց նաև վստահեցնում է ՝ հիմնական մասը վերադարձել է։ Գեղարքունիքի մարզպետը նաև ընդգծում է՝ բնակավայրերում կստեղծվեն այնպիսի միջավայրեր, որտեղ իրենք ևս կկարողանան ինքնապաշտպանություն իրականացնել․

«Վստահ եմ, որ իրենք մի օր հետ են գնալու՝  անկախ իրենց ամրաշինական-ինժեներական աշխատանքներ իրականացնելուց։ Ես չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց, վստահաբար, Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ»։

Մարզում վերանորոգվել են սեպտեմբերյան ագրեսիայից հետո քանդված տները՝ ասում է մարզի ղեկավարը։ Մարզպետները խորհրդարանում էին՝ 2022-ի պետական բյուջեի հաշտվետվությունը ներկայացնելու համար։

Back to top button