ԿարևորՀասարակություն

Դիմորդների ավելի քան 1/3-ը քննություն կհանձնի անգլերենից․ Հայաստանում մեկնարկում են միասնական քննությունները

Հունիսի 9-ին կմեկնարկեն բուհական միասնական քննությունները։ Հենց այդ օրը դիմորդները իրենց ուժերը կփորձեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամենաշատ հայտագրված առարկան «Անգլերենն» է՝ դիմորդների ավելի քան 1/3–ը քննություն կհանձնի այդ առարկայից։ Գնահատման և թեստավորման կենտրոնից հաղորդում են՝ առաջիկայում նաև քննությունների հայտագրման երրորդ փուլն է, որին մասնակցելու են օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտները և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող դիմորդները։

Ավելի քան 13 հազար շրջանավարտ հունիսի 9-ից կսկսի ընդունելության միասնական քննություններ հանձնել։ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասում է՝ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ամենապահանջվածը «Անգլերենն» է․ ավելի քան 5400 շրջանավարտ է հայտագրվել օտար լեզվի քննության համար․

«Սակայն պետք է ասեմ, որ ոչ բոլոր մարզերում է այդպես․ օրինակ, Գեղարքունիքի մարզում «Հայոց լեզու և հայ գրականություն» հանձնողների թիվը ավելի մեծ է, քան «Անգլերեն» հանձնողների թիվը։ Նույն պատկերն է նաև Լոռիում, Շիրակում, Վայոց Ձորում և Տավուշում։ Բացի այդ, պետք է ի նկատի ունենանք, որ երբ ասում ենք օտար լեզու, դրա մեջ մտնում է նաև ֆրանսերենը, իսպաներենը, իտալերենը, պարսկերենը, ի դեպ՝ այս տարի պարսկերեն հանձնողներ չունենք»,– ասում է Նասիբյանը։

Ամենապահանջված մասնագիտությունների ցանկն էլ առանձնապես չի փոփոխվել՝ ասում է ԳԹԿ ներկայացուցիչը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենագրավիչ մասնագիտություններից են տնտեսագիտությունը, իրավագիտությունը, բժշկությունը․

«Բայց այս անգամ մենք ավելի ակտիվություն ենք նկատում արդեն «Ստոմատոլոգիա» մասնագիտության դիմորդների շրջանում, այսինքն, այս մասնագիտությամբ կրթությունը շարունակել ցանկացողների թիվն ավելի մեծ է, քան օրինակ՝ «Բուժական գործ» մասնագիտության դիմորդների թիվը։ Օրինակ՝ «Բուժական գործ» բաժնի համար դիմել է 661 շրջանավարտ՝ 450 թափուր տեղի համար»։

Չի փոփոխվել նաև պահանջարկ չունեցող, թափուր մնացող մասնագիտությունների ցանկը։ Նասիբյանն ասում է՝ որպես կանոն, թափուր են մնում հատկապես մարզային բուհերի տեղերը։ 2023-2024 ուսումնական տարում առանց դիմորդի են մնացել Ճարտարապետաշինարարական համալսարանի  «Երկաթգծի շինարարություն», «Երկաթգծային տնտեսություն» բաժինները և Մանկավարժական համալսարանի «Գրադարանային գործ» և «Իսպաներեն լեզու և գրականություն» բաժինները։ Նասիբյանը հիշեցնում է, որ շուրջ 6 տարվա դադարից հետո, այս տարի որոշակի մասնագիտությունների գծով կառավարությունը զինծառայությունից տարկետման հնարավորություն կտա դիմորդներին արական սեռի դիմորդներին․

«Այդ մասնագիտություններից 6-ը Երևանի պետական համալսարանում են, իսկ 4-ը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Օրինակ՝ ԵՊՀ–ում ռադիոֆիզիկա, ֆիզիկա, նանոֆիզիկա, առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, քիմիա, միջուկային ռեակտորների ֆիզիկա։ Իսկ պոլիտեխնիկում ունենք հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, ավիացիոն սարքավորումներ, ատոմային էներգետիկա և մեքենաշինություն ու նյութերի մշակում մասնագիտությունները։ Բացի այդ այս մասնագիտությունների դեպքում ավելացել են նաև անվճար տեղերը»,– մանրամասնում է ԳԹԿ ներկայացուցիչը։

Հունիսի 9-ից կմեկնարկի միասնական քննությունների երկրորդ փուլը։ Այս տարի առաջին անգամ դիմորդները քննություն են հանձնում երկու փուլով՝ հունվարին և հունիսին։ Առաջին փուլին մասնակցած դիմորդները կարող են ուժերը փորձել նաև երկրորդ փուլում։ Այդպիսի դիմորդների թիվը քիչ չէ՝ ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Ավելի քան 4000 դիմորդ, հունվարին միասնական քննություններին մասնակցելուց հետո, հունիսին ևս հայտագրվել է․

«Կար կարծիք, որ եթե հունվարին քննություն հանձնած դիմորդին իր գնահատականը բավարարում է բուհ ընդունվելու համար, նա դժվար թե նորից հայտագրվեր քննություն տալու համար։ Բայց տվյալները ցույց են տալիս որ այդպես չէ, ու շատերն են ցանկանում նորից քննություն հանձնել։ Հունվարին քննություն հանձնելը կարծես, թե փորձ է եղել նրանց համար և, եթե դիմորդը ստացել է, օրինակ, 19.75, ինքը նորից հայտագրվել է 20 ստանալ փորձելու համար»։  

Առաջինը դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, իսկ վերջին օրը՝ հունիսի 27-ին, «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաներից։ Հանրապետությունում կգործի 40 քննական կենտրոն՝ 14-ը Երևանում, 26-ը՝ մարզկենտրոններում․

«Բացառություն է Սյունիքը․ Սյունիքի մարզում միասնական քննական կենտրոնները երկուսն են, քննություններ կազմակերպել ենք և Գորիսում և Կապանում, իսկ մյուս մարզերում քննությունները մի տեղում կանցկացվեն։ Օրինակ, Կոտայքի մարզում ընտրել ենք Չարենցավան քաղաքը, քանի որ այն հավասարաչափ հեռավորության վրա է գտնվում բոլոր համայնքներից»,– ասում է Կարո Նասիբյանը։

Եվս 5 քննական կենտրոն կգործի Ստեփանակերտում՝ արցախցի դիմորդների համար։ Արցախի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը ավելի վաղ «Ռադիոլուրին» ասել էր՝ ամեն ինչ անելու են, որ շրջափակման պատճառով մարդկանց կրթության իրավունքը չխախտվի։ Արցախցի շուրջ 570 դիմորդներից 100-ը ցանկացել է կրթությունը Երևանում շարունակել։ Նրանք  նույնպես քննություններին կմասնակցեն Ստեփանակերտում։

Back to top button