ԿարևորՀասարակություն

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը բողոքարկելու հնարավորություն կստեղծվի. Գրիգոր Մինասյան

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման համար իրավական հնարավորություն նախատեսել: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 6-ի նիստում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարի խոսքով Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի զեկույցներում ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքներում բազմիցս կարեւորվել է դատավորին պատասխանատվության ենթարկելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսելու անհրաժեշտությունը:

«Մասնավորապես ԳՐԵԿՈ-ն դեռեւս 2019 թվականի զեկույցում նշել է. «Կարեւոր է, որ դատավորներն իրավունք ունենան կարգապահական որոշումները բողոքարկել»: Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ դեռեւս 2017 թվականի իր կարծիքում Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Դատական օրենսգրքի նախագիծը չի նախատեսում ԲԴԽ-ի կարգապահական վարույթներով որոշումները բողոքարկելու իրավունք: 2019 թվականի համատեղ կարծիքում Վենետիկի հանձնաժողովը կրկին շեշտադրել է. «կարգապահական գործերով ԲԴԽ-ի որոշումները դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայության հարցը մնում է չլուծված»:

Նախարարը հարկ է համարել նկատել, որ սույն օրենքի նախագիծն ի կատարումն ԳՐԵԿՈ-ի հանձնարարականի է մշակվել, դրանում սահմանվել են մի քանի հիմնական կարգավորումներ:

«Ըստ օրենքի նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերի քննությունն իրականացնելու է ԲԴԽ չորս անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացվելու է ԲԴԽ կողմից՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով: Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի ընթացքում ԲԴԽ-ն կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը եւ մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ կամ վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը եւ դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության եւ որոշումը թողնել անփոփոխ»,- ասել է Գրիգոր Մինասյանը:

Նախարարն արձանագրել է, որ ըստ նախագծի 21-րդ հոդվածի առաջին մասի՝ օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն նախատեսվող փոփոխությունների կարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ ԲԴԽ երկու կազմերը ձեւավորվելու են վիճակահանությամբ՝ ԲԴԽ սահմանված կարգով: Այս մասով, չնայած օրենքում հատուկ նշում չկա, բայց լինելու է հատուկ համակարգչային ծրագիր, որի գործարկումը պետք է նախանշվի հենց ԲԴԽ որոշման հիման վրա: Հետեւաբար առանց այդ կարգի ու համակարգչի ԲԴԽ կազմերը չեն կարող ձեւավորվել եւ օրենքի փոփոխությունները չեն կարող աշխատել: Ուստի Կառավարությունն առաջարկել է նախագծի 21-րդ հոդվածի առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 4-րդ եւ 12-րդ հոդվածների հիման վրա վիճակահանության կարգ սահմանող՝ ԲԴԽ ենթաօրենսդրական, նորմատիվ-իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահին»:

Գրիգոր Մինասյանը պատգամավորներին խնդրել է նախագիծը քվեարկության դնել՝ Կառավարության բանավոր առաջարկը ներառելով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Գրիգոր Մինասյանից հետաքրքրվել է՝ նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը երկա՞ր պետք է նախատեսել, ինչին ի պատասխան Գրիգոր Մինասյանն ասել է, որ ժամկետն այն օրից պետք է սահմանել, երբ ԲԴԽ համապատասխան որոշումը կլինի:

«Վիճակահանությունը թղթային չի լինելու: Նախատեսում ենք, որ ծրագիրը որոշի, թե որ երկու դատավորներն ու երկու գիտնական անդամներն են լինելու ստորին պալատում: Կարեւոր է նաեւ, որ այդ կազմերը չկրկնվեն ու ամեն գործով լինի նոր 4 հոգանոց կազմ: Ծրագրի միջոցով պետք է ընտրվի նաեւ 4 հոգանոց պալատի նախագահը»,- ասել է Արդարադատության նախարարը:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը: Նա փոխանցել է դրա վերաբերյալ Արուսյակ Ջուլհակյանի կարծիքը: Վերջինս առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:

«Այն մեր միջազգային գործընկերների առաջարկից է բխում: Գործընկերները նույնականացրել են խնդիրը, բայց լուծում չեն տվել, այն տվել ենք մենք»,- նշված է եղել հարակից զեկույցում:

Նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի նիստում ու ընդգրկվել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:

Կարդացեք նաև
Close
Back to top button