ԿարևորՄշակույթ

Արձանի լվացում, ֆլեշմոբ, համերգ․ օրը խաչատրյանական էր նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկում

Հունիսի 5-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) բացեց Արամ Խաչատրյան 120-ամյակի տարեկան հանդիսությունները։ Օրը սկսվեց Խաչատրյանի արձանի լվացման աշխատանքներով, երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահի հյուրերին ու անցորդներին սպասվում էր ֆլեշմոբ՝ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից Վասլի պարային կատարումը:

Համերգասրահում այդ օրը հնչեց Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտը, «Հանդիսավոր պոեմ»-ը և թիվ 2-րդ սիմֆոնիան` անվանի ամերիկահայ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի վառ ու զգացմունքային մեկնաբանությամբ, որից ստացած մեծ ոգևորությունը հանդիսատեսը դեռ շատ երկար կպահի իր սրտում։

Իսկ մինչ ուշ գիշեր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում, բաց երկնքի տակ, հնչեցին Խաչատրյանի ջազային մշակումները Վահագն Հայրապետյանի և Armenian Colors Quartet-ի կատարմամբ։

Ողջ տարվա ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ և օտարերկրյա հանդիսատեսին կներկայացնի Խաչատրյանի ստեղծագորություննրի ողջ գունապնակը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ մարզերում, թե՛ արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ:

Ազգային ֆիլհարմոնիկի ‹‹Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը››, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերին, նվիրված է Խաչատրյանի 120-ամյակին: Փառատոնի շրջանակում, բացի տարբեր անվանի մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ համերգները, կլինի աննախադեպ շրջագայություն հայաստանի մարզերով հայ ունկնդրի կողմից սիրված, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ: Նվագախումբը համերգներով կայցելի Մեղրի, Գորիս, Կապան, Գյումրի և իհարկե չի անտեսվի նաև Երևանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի խաչատրյանական տարվա արտասահմանյան հյուրախաղերի աշխարհագրությունը հետևյալն է՝ ԱՄՆ, Կանադա, Հունաստան: Հատկապես նշանակալից է նոյեմբերի 15-ին Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլլում տեղի ունեցող համերգը, որտեղ որպես մենակատար հանդես կգա ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգներին կհնչեն բացառապես Խաչատրյանի ստեղծագործությունները:

Back to top button