ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ կստեղծվի


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որոշումը հրապարակված է կառավարության e-gov հարթակում։
«Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես
նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ
իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ
հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային
խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է տեղեկատվություն ներկայացնի կատարված աշխատանքների մասին։
Մինչև 2036 թվականը նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել։ 2024թ-ի ավարտին կամ 2025-ի սկզբին արդեն, ըստ նախնական պայմանանավորվածության, Հայաստանում պետք է սկսվեն ատոմակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքները։ Նոր էներգաբլոկի արժեքի հաշվարկներն իրականացնում է «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկություններից մեկը ՝ Rusatom Energy Projects-ը։ Նախնական հաշվարկ, թե ի՞նչ կարժենա նոր բլոկը, կա՝ 3-5 մլրդ դոլար։