

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։ Օրվա առիթով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իր գեղարվեստական նվաճումների՝ բալետային հանճարեղ ստեղծագործությունների հետ միասին, Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում։ Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացրելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը:


Հիշեցնենք, որ հանճարեղ կոմպոզիտորի բալետային գլուխգործոցները՝ «Գայանե»-ն, «Դիմակահանդես»-ը և «Սպարտակ»-ը, այսօր և առաջիկա 2 օրերին վայելել կարող եք Թումոյի այգում, որտեղ երեկոները լցված կլինեն Խաչատրյանական արվեստով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմի ու նվագախմբի շնորհիվ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ»։


Երեք օր շարունակ երեկոները Թումանյանի այգում լի կլինեն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երեք բեմադրություններով: Բացօթյա բալետը բացառիկ իրադարձություն է, որը չարժի բաց թողնել.
Հունիսի 6, 20:00, «Գայանե»
Հունիսի 7, 20:00, «Դիմակահանդես»
Հունիսի 8, 20:00, «Սպարտակ»
Մուտքն ազատ է։