Վերնատուն

Հետադարձ հայացք՝ «գրական տոներին»․ «Վերնատուն»

Բարձրացնել ընթերցանության մակարդակը, խթանել տեղական գրահրատարակչական գործունեությունը, ժամանակակից գրողների համար լայն հարթակ ստեղծել. սրանք են Գրքի երևանյան փառատոնի նպատակները՝ ըստ «Գրանիշ» գրական կայքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանի։

«Ինձ համար այս փառատոնի կարևոր բաղադրիչն է հասկանալ, թե ինչ ցանկություններ ունեն ընթերցողները։ Փառատոնը հրաշալի առիթ է դեմ առ դեմ հանդիպելու ընթերցողների հետ և նրանց իրական պահանջները հասկանալու», – ասում է գրականագետը։

Տոնի բաղադրիչը փառատոնի մի կողմն է, մյուս կողմը ամենամյա գրական մրցույթներն են, որոնց նպատակն է խթանել ժամանակակից գրականությունը։

«Պատերազմից հետո հայ գրականությունն ավելի շատ է այդ մասին խոսում և խոսում է տարբեր հարթություններից՝ խաղաղության, պարտության, հաղթանակի։ Արցախյան առաջին պատերազմին անդրադարձները իրապատում ժանրում տեղային դրվագային նկարագրություններ էին, իսկ այսօր խոսում են «պատերազմից հետո ինչպես ապրելու» և «ինչը պատճառ դարձավ պատերազմի» մասին»,– ասում է Հասմիկ Հակոբյանը։

Գրականագետը նշում է, սակայն, որ փառատոններում բացակայում են լուրջ, գրական քննադատական խոսակցությունները, որոնք ապագայում կզարգացնեն գրաքննադատական միտքը։ Հասմիկ Հակոբյանն ասում է, որ ծանրամարս գրականագիտություն փառատոնը չի ուզում մարսել, հետո հավելում, որ տարվա «ցնցող» հյուրը Լեհաստանից ժամանած հայազգի ռուսախոս գրականագետ, բլոգեր Արմեն Զախարյանն էր, որի դասախոսության բովանդակությունը Հայաստանում գտնվող ռուսներին հայ գրականություն ներկայացնելն էր։

«Առաջին դեպքն էր, որ գրականագետի համար այսքան մեծ դահլիճ էր հատկացված, երբեք որևէ հայ գրականագետի համար այսքան մեծ դահլիճ չի նախատեսվել։ Անկեղծ, չգիտեմ՝ դա մեր գրականությանը ինչ տվեց և ինչ ազդեցություն թողեց, գուցե հայ գրականություն չիմացող մարդու համար հետաքրքիր դասախոսություն էր, բայց այդ գրականությունը կրող մարդու համար ժամանակավրեպ տեքստ էր, ռուսերեն լսել հայ գրականության մասին, որտեղ շեշտադրված էր Սարոյանի գրականությունը, որը հայ գրականության մասնիկ դժվար է համարել», – ասում է Հասմիկ Հակոբյանը։

Ի՞նչ է շահում գրական դաշտը փառատոնններից։ Հասմիկ Հակոբյանն ասում է․«Նոր ընթերցողներ, գրահրատարակչական դաշտի կայունություն, ժամանակակից գրողների հանրայնացում, մրցույթներ՝ տարվա գրական դաշտի ամփոփմամբ»։

Back to top button