ԿարևորՄիջազգային

Թուրքիան տարվա մեջ երկրորդ անգամ կբարձրացնի Սև ծովի նեղուցներով նավերի անցման վճարը

Թուրքիան հուլիսի 1-ից ավելի քան ութ տոկոսով կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը, գրում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը կից ծովային գործերի գլխավոր տնօրինության որոշումը։

Թուրքական իշխանություններն անցյալ տարվա հոկտեմբերին արդեն հինգ անգամ բարձրացրել են Սեւ ծովի նեղուցներով առեւտրային նավերի անցման վճարները։ Գումարը հաշվարկվել է ոսկյա ֆրանկի հիման վրա՝ 1936-ի Մոնտրոյի կոնվենցիայի ստորագրման պահից, որը կարգավորում է նավարկությունը նեղուցներում։

«Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր ծովային գործերի գլխավոր տնօրինությունը հայտարարել է թուրքական նեղուցներով առանց կանգառ անցնելու համար վճարվող հարկերի և տուրքերի գործակիցների նոր դրույթի մասին»,–գրում է թերթը։

Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն՝ ոսկյա ֆրանկների բազային արժեքը հարկերի և տուրքերի մասով, նավերից, որոնք անցնում են նեղուցներով առանց թուրքական նավահանգիստներ մուտք գործելու, հուլիսի 1-ից կավելացվի 8,3 տոկոսով՝ մինչև 4,42 դոլար։

Այսպիսով, ակնկալվում է, որ նեղուցներն անցնելուց գոյացած եկամուտը կկազմի տարեկան 900 մլն դոլար։ Թերթը մանրամասնում է, որ Մոնտրոյի կոնվենցիայի ստորագրման ժամանակ ոսկյա ֆրանկը հավասարեցվել է 0,8 դոլարի, անցյալ տարվա հոկտեմբերին արժեքը բարձրացել է մինչև 4,08 դոլար։

«Բացի այդ, որոշվել է, որ ոսկյա ֆրանկն այլևս չի ֆիքսվի և կթարմացվի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության կողմից յուրաքանչյուր տարվա հունիսի վերջին՝ հուլիսի 1-ից», — գրում է թերթը։

Մոնտրոյի կոնվենցիան պահպանում է խաղաղ և պատերազմական ժամանակաշրջաներում առևտրային նավերի տեղաշարժի ազատությունը նեղուցներով, սակայն սահմանում է նավարկության տարբեր ռեժիմներ:

Արտակարգ իրավիճակներում Թուրքիան կարող է արգելել կամ սահմանափակել ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Այն նաև իրավասու է հավաքել վճարներ նեղուցներով անցնող նավերից փարոսների, տարհանման և բժշկական օգնության համար:

Back to top button