Դասական երաժշտությունը և մենք

Արամ Խաչատրյան -120․ «Դասական երաժշտությունը և մենք»

Հունիսի 6-ին լրանում է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի ծննդյան 120–ամյակը։

«…Բալետը շատ արտահայտիչ ու մեծ արվեստ է: Բալետը խիստ բարենպաստ ազդեցություն է գործում մարդկանց վրա` գեղեցիկի հանդեպ սեր արթնացնելով նրանց մեջ․․․»:

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյանի, Արմեն Դոլուխանյանի, Իլյա Արբատովի համատեղ աշխատանքի շնորհիվ բեմ բարձրացավ առաջին հայկական բալետը՝ «Երջանկությունը»:

Հետաքրքրական աշխատաոճ էին ընտրել կատակասեր արվեստագետները. բալետի պարտիտուրի պատրաստի հատվածները Արամ Խաչատրյանը երրորդ հարկի պատշգամբից պարանով իջեցնում, հանձնում էր Դոլուխանյանին, որը կատարում էր սիմֆոնիկ պարտիտուրի փոխադրումը դաշնամուրի համար և գործն ավարտելուց հետո նույն կերպ փոխանցում էր Արբատովին:

Հետագայում` Հայրենական պատերազմի ծանր օրերին, հինգ ամիս լարված աշխատանքից հետո «Երջանկություն» բալետի հիմքի վրա ստեղծվեց «Գայանե» բալետը: Երբ բեմադրական բոլոր աշխատանքներն արդեն ավարտված էին, բալետմայստեր Նինա Անիսիմովան կոմպոզիտորին առաջարկեց գրել տղամարդկանց պար։

Ներկայացումից ընդամենը մի քանի օր առաջ կոմպոզիտորը նյարդայնացած նստեց դաշնամուրի մոտ և լարված սկսեց նվագել: Եռանդուն այդ հնչյուններին վիճակվեց դառնալ «Սուսերով պարի» սկիզբը, պարի, որը վերջին տասնամյակների ամենատարածված գործերից է համարվում ամբողջ աշխարհում:

Back to top button