ԿարևորՄիջազգային

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում գնացքների բախման հետևանքով ավելի քան 260 մարդ է զոհվել, և առնվազն 1000-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ըստ շաբաթ օրվա կեսօրվա տվյալների, գրում է BBC-ին։

Սա, 1980-ականներից ի վեր, Հնդկաստանում տեղի ունեցած ամենամեծ երկաթուղային վթարն է և երրորդը՝ հնդկական երկաթուղու պատմության մեջ։

Ուրբաթ երեկոյան Շալիմար-Չեննաի Կորոմանդել ճեպընթաց գնացքը ռելսերից դուրս է եկել և մասամբ շրջվել հարևան գծերի վրա, որով ուղևորվել է մեկ այլ արագընթաց գնացք՝ Էսվանտպուր-Հաորա, որն էլ չի հասցրել նվազեցնել արագությունը։
Դրանից հետո հերթական բախումն է տեղի ունեցել, այս անգամ բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերի վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր 288 զոհի մասին։ Իշխանությունները չեն բացառում, որ այս թիվը կարող է ճիշտ լինել և նույնիսկ աճել, սակայն մինչ օրս հայտնաբերվել է 261 դի։

«Գնացքների բախման ուժը հանգեցրել է նրան, որ մի քանի վագոն ամբողջությամբ ջախջախվել է»,-ասել է Աղետների արձագանքման ազգային ուժերի (NDRF) ղեկավար Աթուլ Կարվալը:
Ականատեսները պատմում են, որ փրկարարական աշխատանքները բավականին արագ են սկսվել։ Վթարի վայր է ժամանել շտապօգնության ավելի քան 200 մեքենա, 100-ից ավելի բժիշկներ լրացուցիչ հերթապահ են կանչվել։

Փրկված ուղեւորներից շատերն օգնության են հասել շրջված վագոններում արգելափակվածներին, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։
Առայժմ շրջված մեքենաների տակ մնացած բոլոր ուղևորները դուրս են բերվել, հայտնում են իշխանությունները։

Գիշերվանից ողբերգության վայրում Հնդկաստանի երկաթուղիների նախարարության ղեկավար Աշվինի Վայշնոն է։

Back to top button