ԿարևորՄիջազգային

Էրդողանը hինգ տարի ժամկետով ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) երդում է տվել՝ այդպիսով հինգ տարի ժամկետով ստանձնելով Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է հանձնել նաև նախագահի գործադիր վկայականը։ Դրանից հետո հնչել է Թուրքիայի հիմնը։

Էրդողանը ուղղվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ հուշամատյանում գրառում թողնելու համար։ Դրանից հետո նա կմեկնի նախագահական համալիր՝ երդմնակալության արարողությանը, որտեղ նրան սպասում են տասնյակ թուրք եւ օտարերկրյա լրագրողներ։

Երդմնակալությունից հետո տեղի կունենա հանդիսավոր ընթրիք։ Դրան կմասնակցեն 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ուշ երեկոյան Անկարայում նախագահը կհայտարարի նախարարների նոր կաբինետը։

Էրդողանը մայիսի 28-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ստացել է ձայների 52,18%-ը։

Back to top button