Ժամանակի վկան

Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը․ Րաֆֆի Քորտոշյան․ «Ժամանակի վկան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ) անգլերենով հրատարակել է Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը: Խմբագիրը Արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորն է։

Հեղինակը՝ Րաֆֆի Քորտոշյանը, հաղորդման հյուրն է և միասին կբացահայտենք նրա հայկական արմատների, կրթության, Հայաստանում հաստատվելու, մասնագիտական մանրամասնությունների և, իհարկե, նորընծա գրքի մասին բազմաթիվ այլ տեղեկություններ։

Րաֆֆի Քորտոշյանի հայրական և մայրական կողմերը Հայոց ցեղասպանության վերապրողներ են։ Հիմնական կրթությունը ստացել է Հալեպում, ապա՝ հաստատվել Հայաստանում։ Երախտագիտության մեծ զգացումով է հիշում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր Սամվել Կարապետյանին, որի հետ պատիվ է ունեցել անցկացնելու աշխատանքային և մասնագիտական գործունեության բեղուն տարիներ։

«Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» նորընծա գիրքը կազմվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի անցած երեք տասնամյակների ընթացքում հավաքած նյութերի հիման վրա։ Գրքում փաստացի համառոտ տեղեկություններով հերքվում են ադրբեջանական բազմաթիվ կեղծ թեզեր։

Ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ գիրքը հնարավորություն է տալիս ընթերցողին ուղղակի հեռախոսի օգնությամբ գրքի էջրում տեղադրված կոդերի օգնությամբ միանգամից ծանոթանալ համացանցային այլ աղբյուրների՝ բազմաթիվ տեսանյութերի, հոդվածների, այլ հավելյալ տեղեկությունների։ Հետաքրքրվեցի նաև այն մասին, թե Հյուսիսային Արցախի հուշարձանները նույնպե՞ս զետեղված են գրքում։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը համագործակցում է այլ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ ադրբեջանական ստահոդ թեզերը վեր հանելու և դրանց դեմ արդյունավետ պայքար տանելու համար։

Մեզանում նկատելի է այն մտայնությունը, որ եթե մենք գիտենք ճշմարտությունը, ապա կարող ենք հանգիստ լինել, որ արդարությունը մեր կողմը կլինի։ Սակայն դա այնքան էլ այդպես չէ նորագույն մարտահրավերների առկայության դեպքում, երբ Ադրբեջանն ապատեղեկատվությամբ լցնում է համացանցը, անթաքույց կեղծելով պատմական փաստերը՝ գրքեր է տպագրում, զեղծում է պատմական աղբյուրները, ավերում է քարեղեն հուշարձանները, ջնջում, աղճատում է դրանց վրայի հայկական արձանագրությունները և փաստերը։ Ձեռքներս ծալած չպետք է նստենք, այլ հակափաստարկներով պետք է փակենք ստի ճանապարհը։ Գիրք-ալբոմն այս առումով կարելի է համարել ադրբեջանական կեղծ թեզերի դեմ հակափաստարկների ժողովածու։

Ամփոփելով՝ հավելեմ նաև, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը փաստող նյութերի հիման վրա կազմված գիրք-ալբոմը, որն ընդգրկում են նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած պատմամշակութային հուշարձաններն՝ ըստ շրջանների (Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի), ուղարկվել է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ գրադարաններ։

Ընթերցողները հնարավորություն ունեն պատմական աղբյուրներով և ճշմարիտ փաստերով հիմնավորված համապարփակ տեղեկություններ ստանալու ադրբեջանական վանդալիզմի զոհ դարձած հայկական քարեղեն մշակութային ժառանգության վերաբերյալ։ 

Back to top button