ԿարևորՀասարակություն

Բոլորին, բոլորին, բոլորին․ կապի մեջ EK8A–ն է, այսինքն՝ Հայաստանը

Այսօր երեկոյան Հայաստանը ռադիոսպորտի հերթական մրցույթին է մասնակցելու։ Սա յուրահատուկ նախասիրություն է, որը համախմբում է ռադիոսիրողներին ողջ աշխարհից։ Սպորտաձևը ոչ միայն նպաստում է միջմշակութային փոխգործակցությանը, այլև կարևոր է փրկարարական աշխատանքներում։ Մինչ օրս կապի արդի միջոցների կողքին ռադիոկապը շարունակում է մնալ ամենահուսալիներից ու կիրառվում է ամենատարբեր իրավիճակներում՝ պատերազմականից մինչև տոնական։  

73, 88, 99, կետեր, թվեր ու գծեր․ առաջին հայացքից սովորական թվացող նշանները նրանց աշխարհում շփման միջոց են։ Աշխարհի ռադիոգիտակները ժամանակ առ ժամանակ այսպես են կապի դուրս գալիս։ Հայաստանի Ռադիոսպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Խաչատրանը բացատրում է․

«Օրինակ, երբ հաղորդում ենք 73, սա նշանակում է, իմ լավագույն ցանկությունները ձեզ։ Եթե հաղորդում եմ 88, եթե հասկանում եմ, որ աղջիկ է, ստացվում է, որ ասում եմ համբուրում եմ։ Ունենք 66, ունենք 99, որը նշանակում է գնա գրողի ծոցը։ Ասում ենք, երբ մեզ խանգարում են»։

Նման կոդերից մեկով էլ ժամանակին կապի է դուրս եկել մեծ Բրիտանայի վարչապետ Մարգարետ Թետչերը։ Պարզվում է՝ նա էլ էր ռադիոգիտակ ու այս մարզաձևի սիրահար։

Այս անգամ Հայաստանից մրցույթին 24 ժամով երեք ռադիոսիրող կմասնակցի։ Նրանք կապ կունենան աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։ Մորզեի այբուբենով ազդականչ կհաղորդեն, կհստակեցնեն ու կգրանցեն լսելիությունը։ Որքան տառերը քիչ, այնքան ավելի ծանրակշիռ՝ ասում է Սամվել Խաչատրյանը․

«Երբ 3 տառ է, սովորական կապավոր ես, երկու տառի դեպքում արդեն լուրջ է։ Մեկ տառը ընդունելի չէ, բայց շատերն են վերցնում մեկ տառը։ Բայց երկու տառը համարում են բարձր կարգի կապավոր։ Դրանից է նաև կախված, թե ինչքան միավոր ես հավաքում»։

Մասնակից երկրներն ունեն իրենց ազդականչերը՝ ծածկագրերը․

«Երբ ես մտնում եմ, տալիս եմ կոդ՝ «բոլորին, բոլորին, բոլորին»։ Հաղորդում եմ նաև մորզեով։ Կարճ– երկար, կարճ– երկար ազդանշան եմ տալիս, հետո ազկադանչը, որը ներկայացնում է մեր երկիրը՝ EK8A։ Հենց տվեցինք սա, գիտեն, որ կապի մեջ է Հայաստանը։ Բոլորը միանում են քեզ, քանի որ ավելի բարձր միավորներ ես տալիս»։

Այս հարթակի միջոցով նաև ապրիլի 24–ին են աշխարհին հիշեցնում Հայոց Ցեղասպանության մասին։ Հարթակը կօգնի պատերազմական ու արտակարգ իրավիճակներում։ Ժամանակակից աշխարհում ռադիոկապը ղեկավարման միակ միջոցն է, որի օգնությամբ հնարավոր է հասկանալ, թե արտակարգ իրավիճակներում ազդականչ տալիս ո՞ր պետությունները առաջինը կարձագանքեն կամ կաջակցեն։

Back to top button