ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:

Կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախ գաղափարի շուրջ կամավոր հիմունքներով միավորում է, որում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ: Նախատեսվում է, որ այն ընդգրկելու է ամբողջ Արցախը: Շարժման կենտրոնակայանը լինելու է Ստեփանակերտում, տարածքային միավորներ կգործեն բոլոր շրջաններում: Շարժումը բաց է անդամակցության համար:

Համաժողովի բացմանը հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսել է շարժման առաքելության մասին: Նա կարևորել է գաղափարի բանաձևումը, որին պետք է հետևեն գործողությունները: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնողները շարժումն սկսել են երեք նպատակով. «Առաջինը՝ համախմբվել գաղափարի շուրջ՝ հաղթահարելով ապատիան և անտարբերությունը, որը շատ վտանգավոր է: Երկրորդը՝ որ աշխարհը հասկանա, որ մենք չենք ենթարկվելու այն ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը: Ու դա միայն Արցախի իշխանության դիրքորոշումը չէ, այլ ողջ ժողովրդի, որը պատրաստ է պայքարելու իր իրավունքների համար: Կարևոր է, որ այդ դիրքորոշումը հնչի, հնչի բարձրաձայն ու միասնաբար, և Հայաստանը, հայկական աշխարհը, մեր ընկերները միանան: Երրորդը՝ հանրային շարժման միջոցով ազդել կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա: Եվ այդ ճնշումը լինի առողջ և օգտակար, ոչ թե քանդող ու վնասակար»:

Համաժողովի մասնակիցները գաղտնի քվեարկությամբ ընտրել են Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը:

Back to top button