ԿարևորՏնտեսական

Մոդուլային կայանները չեն կարող փոխարինել Մեծամորի ատոմակայանին․ փորձագետ

Մոդուլային կայանները ռեակտորներ չեն, դրանք չեն կարող փոխարինել Մեծամորի ատոմակայանին` կարծում է միջազգայնագետ,  էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը։ Փորձագետը նշում է, որ մոդուլային կայանները ցածր արդյունավետություն ունեն, դրանք ժամանակավորապես հնարավոր է տեղադրել հեռավոր գյուղերում կամ քաղաքներում, հետագայում տվյալ կայանի տեխնիկական մաշվածությունից` սպառումից հետո, տեխնոլոգիական փակ ցիկլի շնորհիվ, այն հնարավոր է հավաքել և տեղափոխել։ 

Տևական ժամանակ է հայկական կողմը միջազգային տարբեր գործընկերների հետ քննարկում է նոր ատոմակայանի նախագծման, ռեակտորի տեսակի և հզորության վերաբերյալ հարցեր։ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, ինչպես հայտնի է, երկարաձգվել է մինչև 2036 թվականը։ Այսօր գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին։ Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։ Կառավարությունը համաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար Հայաստանում ատոմային էներգիայի զարգացման տեսանկյունից։

Այս նախագիծը դժվար իրականացվելիք նախագիծ է` ասում է «Ռադիոլուրի»-ի զրուցակիցը։ «Խնդիրն այն է, որ ռուսական ատոմակայանների տեխնիկական հզորությունը սկսվում է 1200 մեգավատտից, հայաստանյան շուկան նման ատոմակայանի համար չափազանց փոքր է։ Հայաստանին անհրաժեշտ և բավարար է 600 մեգավատտ, ուստի նման հզորությամբ ատոմակայանի կառուցումը հայկական կողմի համար խնդրահարույց է։ Բացի դրանից՝ վերջին շրջանում Հայաստանը կորցրել է էներգիայի արտահանման հնարավորությունները, ինչն էլ ավելի է փոքրացնում նման հզորությամբ ատոմակայանի շահագործման հնարավորությունը։ Հայաստանն այժմ որոշակի քանակությամբ էներգիա է արտահանում միայն Իրան»,-ասում է Արմեն Մանվելյանը։

Որպես այլընտրանք նա դիտարկում է չինական միջին հզորությամբ ատոմակայանները, որոնց կառուցման փորձառությամբ ոլորտում ներկայանում է Պեկինը։ Ամերիկյան կամ եվրոպական տեխնոլոգիաներն այս պահին, կարելի է ասել, չեն համընկնում մեր ունեցած հնարավորությունների հետ` ասում է նա և շարունակում. «Ամերիկյան էներգետիկ համաձայնագիրն ունի քաղաքական բաղադրիչ. ատոմակայանի փակման դիմաց առաջարկում է ամերիկյան ժամանակավոր մոդուլային կայանների տեղադրում, որոնք 3-4 տարի անց դուրս կգան շահագործումից, և Հայաստանը ընդհանրապես կզրկվի ատոմային կայաններից։ Այսինքն՝ ռուսական էներգետիկ ազդեցությունից հայկական կողմը տեղափոխվում է ամերիկյան ազդեցության գոտի»։

Էներգետիկ փորձագետի կարծիքով` այսօր ատոմային համակարգերը զարգանում են Ռուսաստանում, Չինաստանում, հարավ-արևելյան Ասիայում, իսկ Արևմուտքը հրաժարվում է ատոմային տեխնոլոգիաներից․ Եվրոպան զարգացնում է կանաչ էներգետիկայի գաղափարը` հրաժարվելով ատոմային էներգիայի առաջընթացից։ «Այսօր Արևմուտքը հատկապես տեխնոլոգիական լուծումների հարցում ատոմային էներգետիկ ոլորտը զիջել է թվարկածս երկրներին։ Աշխարհում Ատոմային էներգետիկայի ոլորտում գերիշխում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան և ատոմակայանների կառուցման շուկայում, և ուրանի հարստացման ու դրա վաճառքի շուկայում։ Նույնիսկ ամերիկյան ատոմակայանների գրեթե 30 տոկոսն աշխատում են ռուսական ուրանով, որն ունի բարձր որակ և էժան գին»,- ասում է Մանվելյանը։ 

Back to top button