ԿարևորՀասարակություն

Հուշարձանները շատ են, վերականգնողները՝ քիչ․ ոլորտի մասնագետները միավորվել ու լուծումներ են փնտրում

Հայաստանում բազմաթիվ են շարժական ու անշարժ հուշարձանները, փոխարենը տարեցտարի պակասում են դրանք վերականգնող մասնագետները։ Ոլորտն ու մասնագիտությունը գրավիչ չեն երիտասարդների համար․ չկան սոցիալական ու ֆինանսական երաշխիքներ, նաև նեղ մասնագիտացում տվող կրթական հաստատություններ։ Ոլորտային խնդիրները բարձրաձայնելու համար մասնագետները հասարակական կազմակերպություն են ստեղծել․ Հայաստանի վերականգնողների ասոցիացիան առաջին հերթին փորձելու է հենց  ոլորտային կրթության հարցը լուծել։

Նկարիչ վերականգնող Արտաշես Աբրահամյանն արդեն 10 տարի Հայաստանի ազգային պատկերասրահում է աշխատում։ Ասում է՝ չնայած իր աշխատանքը ստեղծագործական չէ, նկարչին հատուկ ազատություն չունի, բայց իր գործն ամենակարևորներից է․ վերականգնում ու տարիների մաշվածությունից փրկում է դարերից մեզ հասած պատմական ժառանգությունը։

«Ես մեծ սիրով կատարում եմ իմ աշխատանքը։ Դա ստեղծագործական պրոցես որակելը սխալ կլինի, բայց մեր աշխատանքի հիմքում մեծամասամբ գիտությունն է․ սա գիտատեխնիկական ու գիտահետազոտական աշխատանք է։ Նկարիչ վերականգնողները մասնագիտանում են հենց թանգարաններում, թանգարանների վերականգնման արվեստանոց լաբորատորիաներում»,– ասում է Աբրահամյանը։

Աշխատանքում բարդությունները շատ են, նուրբ ու մանրակրկիտ աշխատանք է տարվում ցանկացած արվեստի գործ՝ այս դեպքում կտավ, վերականգնելու համար։ Նաև տեխնիկական ու նյութական միջոցների սղություն կա․ Հայաստանում համապատասխան նյութեր գտնելը գրեթե անհնար է։

«Մենք ստիպված դրանք պատվիրում ենք Մոսկվայից կամ արտասահմանից։ Փառք Աստծո, հիմա կա նաև համացանցային կապը, մենք ակտիվ կապի մեջ ենք նաև մեր արտասահմանցի գործընկերների հետ ու կարողանում ենք արագ մեզ անհրաժեշտ նյութերը գտնել»։

Արտաշեսն ասում է՝ ոլորտում այսօր քիչ են երիտասարդ մասնագետները, աշխատանքը գրավիչ չէ ցածր վարձատրության ու սոցիալական երաշխիքների բացակայության պատճառով։ Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ, Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի նախագահ Գայանե Էլիազյանն էլ նկատում է՝ քչերն են թանգարաններում, Մատենադարանում կամ առհասարակ հուշարձանների տարածքներում շրջելիս մտածում, որ ցուցադրվող նմուշների հետևում հենց վերականգնող մասնագետների աշխատանքն է։ Մինչդեռ եթե չլինեն վերականգնող մասնագետները,  չէին լինի նաև դարերի պատմություն ունեցող նմուշները:

«Մենք երիտասարդ մասնագետների հսկայական արտահոսք ունենք, ինչն անթույլատրելի է, աններելի է։  Հիմա աշխարհում տարբեր իրողություններ կան, ու այս ամենի համատեքստում մենք պարտավոր ենք պահպանել մեր մշակութային արժեքները, իսկ դրա ակունքում հենց վերականգնողներն են՝ կլինեն խեցեգործներ, ձեռագիր նորոգողներ, նկարիչ նորոգողներ, թե այլ նեղ մասնագետներ»,– ասում է Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը։

Պեղումների ընթացքում  հայտնաբերվող կամ պատմական ժառանգության տեսքով մեզ հասնող յուրաքանչյուր ցուցանմուշ գնողի վերականգնող մասնագետի «ձեռքով» է անցնում։ Պատկերասրահի վերականգնող–նկարիչ Արտաշես Աբրահամյանը պատմում է՝ վերջերս ոլորտի շուրջ ուշադրություն հրավիրելու համար նաև ցուցահանդես էին կազմակերպել, ներկայացրել Հայաստանի 8 տարբեր հաստատությունների վերականգնումները։

«Անզեն աչքով էլ կարելի է վերականգնողի կողմից կատարած որոշակի միջամտությունը տեսնել։ Իհարկե, նաև փորձառության հարց կա, պետք է փորձառու լինես լավ տարբերակելու համար»,– ասում է մասնագետը։

Ոլորտի խնդիրները լուծելու, հարցերին հանրային հնչեղություն տալու համար վերականգնող մասնագետները նաև հասարակական կազմակերպություն են հիմնել․ Հայաստանի վերականգնողների ասոցիացիան առաջիկայում կոնկրետ առաջարկներ կներկայացնի․ առաջնահերթ ցանկանում են լուծել վերականգնողների բուհական կրթության հարցը ։

«Մենք հիմա բուհական կրթության բավականին լայն ցանց ունենք, օրինակ 3 բուհ՝ Երևանի պետական համալսարանը, Գեղարվեստի ակադեմիան, Մանկավարժական համալսարանը պատրաստում են արվեստաբաններ, սակայն դրանցից ոչ մեկը չի պատրաստում վերականգնող մասնագետների։ Մենք մի քանի տարի առաջ փորձեցինք այդ գործը հենց մատենադարանում անել, բայց դրանում էլ բավականին բարդություններ կան»,– ասում է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։  

Հնագիտական գտածոները, քանդակները, նկարները, որմնանկարները, ձեռագիր մատյանները․․․ այլ ձևակերպմամբ ՝ այն ամենը, ինչը պահվում ու պահպանվում է թանգարաններում, պարբերաբար վերականգնելու, վերամշակելու կարիք ունի՝ հիշեցնում  են մասնագետները։ Վերականգնողների կարիք ունեն ոչ միայն շարժական, այլև անշարժ հուշարձանները ՝ եկեղեցիները, վանքերը, պատմամշակութային այլ կառույցները։ «Ռադիոլուրն» ավելի վաղ անդրադարձել էր խնդրին՝ արձանագրելով, որ հաճախ պետությունը նույնիսկ չի կարողանում գտնել վերականգնող ճարտարապետների, որոնք պետական ֆինանսավորմամբ կվերակառուցեն եկեղեցին։

Back to top button