ԿարևորՀասարակություն

Թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է, թմրամոլությունը՝ երիտասարդացել․ մասնագետներն անհանգստացած են

Հայաստանում թմրանյութերի սպառման ծավալներն անհանգստացնում են թե՛ առողջապահական, թե՛ իրավապահ համակարգերին։ Թեև դրանց տարածման ու վաճառքի դեպքերը բացահայտելու ցուցանիշերն աճել են, բայց չեն փոխել կախվածություն ունեցողների թիվը․ պաշտոնական վիճակագրությունը, ըստ մասնագետների, չի  արտացոլում իրական վիճակը։

Թմրանյութ օգտագործողների թիվը Հայաստանում ավելացել է ու երիտասարդացել՝ ասում է ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը։ Հայաստանում այժմ ավելի շատ տարածված են ոչ թե ավանդական, բուսական ծագման, այլ սինթետիկ թմրամիջոցները։ Սրանք, ըստ մասնագետների, ավելի վնասակար են առողջության համար։ 

«Նյութեր կան սինթետիկ թմրամիջոցների շարքում, որտեղ մարդը զոհ է դառնում առաջին իսկ կիրառման փորձից հետո։ Թմրամոլներից քչերն են դիմում մասնագիտական օգնության։ Վիճակագրական դրությունն ավելի ժլատ է։ Գրանցվածների թիվն այն պատկերը չէ։ Առողջական խնդիրների շրջանակը բավականին տարաբնույթ է ու լայն»։

Րոպեների գայթակղությունը կյանք է արժենում։ Երիտասարդությունը՝ հիմնականում դեռահասները, մեծ վտանգների առաջ են կանգնած։ Պաշտոնապես թմրամիջոցից կախվածություն ունեցող 7550 անձ կա Հայաստանում։ Սակայն այս թվերն իրական պատկերը չեն արտացոլում՝ ասում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Թիվը, նրա գնահատմամբ,  եռապատիկ ավելի մեծ է։ 

«Սա արհավիրք է, որը վտանգում է մեր երկիրը։  Եվ համոզված ասում եմ, որ սա ոչ միայն իրավապահների խնդիրն է կամ առողջապահական մարմինների , այլ առհասարակ սոցիումի։ Վտանգված են երեխաները, դեռահասները։ Թյուր է կարծիքը, որ սա տղամարդկանց վերաբերող հարց է։ Աշխարհում արդեն իսկ գրանցվում  է կանանց շրջանում   մեծ քանակությամբ օգտագործող կրիստալ թմրանյութը»։

Պատկերն առավել մտահոգիչ է դարձնում այս երևույթի  մեջ ներգրավված կանանց ու աղջիկների թիվը։ Սինթետիկ թմրանյութերի օգտագործման դեպքերի կեսը բաժին է ընկնում նրանց՝ ասում է բժշկական բուհի ռեկտորը։ 

«Խոսքս ուղղում եմ նաև ապագա մայրերին։ Գրեթե կեսն աշխարհում  սինթետիկ թմրանյութերի բաժին է հասնում արդեն կանանց։ Մեր հասարակության համար մտահոգիչ է այն՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե մենք չկարողանանք  զերծ պահել մեր երիտասարդներին նման խելագարման հասնող փորձանքից»։

Հայաստանի կախվածությունների բուժման ազգային կենտրոնն այս տարի դեռահաս բուժառուներ չի ունեցել, միայն մեթամֆետամինային կախվածությամբ 16 տարեկան աղջիկ է  դիմել՝ «Ռադիոլուրին» պատմում  է կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։  Ըստ նրա՝ դիմելիություն կա, սակայն դիմողների թիվը իրական պատկերը չի արտացոլում։

«Եթե, օրինակ, նախկինում տարածված թմրամիջոցներ օգտագործողները դիմում են։ Հիմա նոր տենդենց կա։ Այս նոր նոր թմրանյութեր օգտագործողների մոտ դեռևս մասնագետի դիմելու մշակույթ չի ձևավորվել։ Բայց ես հորդորում եմ անպայման դիմել»։ 

Կենտրոնում այժմ օփիոիդային  կախվածություն ունեցող  520 պացիենտ է բուժվում։ Նրանցից 7–ը կանայք են։  Այսօր թմրամոլության տարածվածությանը նպաստել է իրացման տեմպերի աճը։ Թմրանյութերն առավել հասանելի են դարձել սոցցանցերում՝ հատկապես տելեգրամյան ալիքներում, որոնց վերահսկողությունն անհնարին է իրավապահների համար։ Այս տարբերակով վաճառքի ծավալներն աճել են՝ ասում է քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Օրինակ, 2022 թվականի ընթացքում մենք այսպիսի 9 քրեական վարույթ ենք ունեցել, որի շրջանակներում հայտնաբերել ենք 49 էջեր թմրանյութերի ապօրինի շրջանառության։ Այդ թվում երեք էջ ենք հայտնաբերել «Տարկմեդ« համացանցային տիրույթում։ Ունեցել ենք 52 մեղադրյալ, որոնցից 35–ը կալանավորվել են։ Ապօրինի շրջանառության քանակը եղել է շուրջ 2.5 մլրդի դրամի»։

Այս տարի բացահայտման ցուցանիշերն ավելի բարձր են։ 14 քրեական գործ, 213 մեղադրյալ 30 հայտնաբերված էջ, որոնց արգելափակման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն այս ամիսների ընթացքում արդեն 3 մլրդ դրամի է հասել։

«Մեկ շատ մտահոգիչ հանգամանք կա։ Այս հավելվածը չի համագործակցում իրավապահ համակարգի հետ։ Սա մեր աշխատանքի արդյունավետությունը  շատ է դժվարացնում և դանդաղեցնում։ Այս պահին մենք վերլուծություն ենք փորձում իրականացնել, թե այս պարագայում մեր հասարակությունն ի՞նչ վնասներ է կրում»։

Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ Իտալիայից Հայաստան մեկ տոննա թմրանյութի ներմուծման դեպքի առթիվ։ Վրաստանի տարածքով «կոկաին» տեսակի 250 մլն եվրո արժողությամբ թմրանյութը հայտնաբերվել էր մրգի արկղերում։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ատեստավորման համար ոստիկանության ծառայողները պետք է  թմրամիջոցի և հոգեմետ նյութերի օգտագործման ստուգում անցնեն։  ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ այս քայլին են գնացել, քանի որ 2022 թվականին ունեցել են 10 ծառայողական քննություն, որոնց շրջանակում 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։

Back to top button