ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը չի կարող Հայաստանից անկլավ պահանջել, դրա համար չկան իրավական հիմքեր. Ռուբեն Գալչյան

Նախօրեին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատել է՝ պատրաստ է ընդունելու հայ–ադրբեջանական սահմանը 1975 թվականի քարտեզներով։ Ավելի վաղ Փաշինյանը շեշտել է, որ Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման համար։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, սակայն, կոնկրետ 1975 թվականի քարտեզին ծանոթ չէ։ Նա ենթադրում է, որ խոսքը 1974 թ.-ին հրատարակված քարտեզի մասին է, որը չի փոխվել մինչև 1991 թվականը, վավերացվել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից և որով ճանաչվել է երկրների 1991 թ.-ի անկախությունը։

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը կոնկրետ 1975 թվականի քարտեզի վկայակոչումը ճիշտ չի համարում, քանի որ, նրա խոսքով, քարտեզներն այնքան բազմաթիվ են ու տպագրվել են 1972-1980-ական թվականներին։ Քարտեզների բավականին մեծ շարք է՝ ասում է քարտեզագետը։

Գալչյանը ենթադրում է, որ խոսքը Խորհրդային Միության զինված ուժերի ԳՇ-ի 1974-ի ռազմական քարտեզների մասին է, որոնց հիման վրա էլ Հայաստանի Հանրապետությունը անկախություն է ձեռք բերել 1991-ին։ Մինչև 1991-ն այդ սահմանները չեն փոխվել․

«Ամեն դեպքում` 70-ականների քարտեզները նույնն են, ինչ որ Խորհրդային Հայաստանի վերջին քարտեզները՝ վերջին տարիների։ Այսինքն՝ այնտեղ առկա են անկլավները և այն տարածքները, որ Ադրբեջանին են տրվել ժամանակին, Հայաստանից դուրս հանված են»։

Հիշատակված քարտեզներով Հայաստանը 29 800 քառակուսի կիլոմետր է՝ 1930-ական քարտեզների՝ ավելի քան 31 հազար քառակուսի կիլոմետրի փոխարեն։

70-ականների այդ քարտեզներով, այդ թվում՝ ԽՍՀՄ ԶՈՒ-ի ԳՇ-ի քարտեզը՝ 1։25 000 մասշտաբի, 1000 էջ է։ Դրանցում կան ներառված ադրբեջանական անկլավներ։ Ըստ քարտեզագետի՝ այդ քարտեզներով անկլավներ են համարվում երեքը. մեկը՝ Երասխի մոտ Տիգրանաշենն է, մյուս երկուսը Տավուշի մարզում են՝ Բարխուդարլուն և Ոսկեպարի մերձակայքում՝ Ասկիբարան, որոնք ընդհանուր ներառում են թվով 7 գյուղեր, որոնց մասին որոշակի ակնկարկներ են արվում քննարկումներում։ Այդ առումով քարտեզագետը նաև նկատում է.

«Այդտեղ էլ մի հետաքրքիր երևույթ կա. ասում են՝ այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն՝ Ադրբեջանինն է։ Արցախում 2000 տարի է հայեր են ապրել, ուրեմն՝ ամբողջ Արցախը պիտի լինի հայկական անկլավ»։       

Սահմանազատման ու սահմանագծման գործը 70-ականների քարտեզով իրականացնելը նշանակում է այդ անկլավների վերադարձ՝ ասում է քարտեզագետը, սակայն, միաժամանակ շեշտում.

«Դրանց մեջ առկա են անկլավները, այո, բայց անկլավներն ապօրինի են. տրվել են Ադրբեջանին՝ առանց հայտնի պատճառների՝ անհայտ պատճառներով»։

Բացի այդ, փաստ է, որ ԽՍՀՄ-ից անկախանալիս Ադրբեջանը հայտարարել է և ամրագրել իր Սահմանադրությամբ, որ անկախ Ադրբեջանի Հանրապետությունը 1918-20 թթ-ի Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է, իսկ այդ ժամանակ որևէ անկլավ գոյություն չուներ։

«Անկլավները ստեղծել է Խորհրդային Միությունը 1936-39 թվականներին։ Ուրեմն՝ իրենք իրենց սահմանադրությամբ չեն կարող անկլավ պահանջել»։

Այսինքն, քարտեզագետի խոսքով, ակնհայտ է, որ անկլավների թեման իրավական տեսանկյունից վիճելի է, քանի որ դրանք Հայաստանի տարածքում են ու չկա որևէ հիմնավորող փաստաթուղթ, որ դրանք տրվել են Ադրբեջանին, կամ՝ պատկանում են Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է Արծվաշենին, որը 1992-ին է ադրբեջանական զինուժը գրավել, Ռուբեն Գալչյանը նշում է, որ Արծվաշենը տարածքով գրեթե նույնն է, ինչ ադրբեջանական բոլոր անկլավներ համարվողները միասին՝ 44-45 քառակուսի կիլոմետր։

«Ներկա իշխանությունը պիտի համարձակություն ունենա, ասի, որ այդ անկլավները, ըստ ձեր Սահմանադրության, ձերը չեն կարող լինել, համենայնդեպս, համաձայնության գալու համար, մենք պատրաստ ենք փոխարենը հայկական Արծվաշենը թողնել ձեզ»։

Քարտեզագետը նաև մի հանքամանք է շեշտում՝ այդ 7 անբնակ գյուղերը Տավուշում և այժմ հայերով բնակեցված Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին, գտնվում են կարևոր միջպետական մայրուղիների վրա. Տավուշում դրանցով անցնում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, իսկ Տիգրանաշենը դեպի Սյունիք տանող մայրուղու վրա է։

Նշենք նաև, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ թվարկել է ՝ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանին մի շարք տարածքներ են անցել Պառավաքար, Բերքաբեր, Վազաշեն սահմանային գյուղերից։ Նիկոլ Փաշինյանը հրապարակային նշել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել այդ տարածքները, Հայաստանն էլ նույնպես պատրաստ է վերադարձնել անկլավները։

Back to top button