ԿարևորՔաղաքական

Պիտակավորելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը` ընդդիմությունը Փաշինյանին գցեց Արևմուտքի գիրկը․ վերլուծաբան

Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ադրբեջանի ղեկավարների ու ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանը հաջորդած Ֆրանսիայի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ելիսեյան պալատը խեղաթյուրել է հանդիպման արդյունքները, և որ Փարիզի տեսակետը չի արտացոլում կողմերի դիրքորոշումները։ Իսկ Ֆրանսիայի հայտարարության մեջ շեշտվում էր Արցախի հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորության մասին։ Փորձագետների վերլուծությունները Բաքվի արձագանքի մասին բավականին հոռետեսական են։

Հնգակողմ հանդիպման արդյունքում արված պաշտոնական Փարիզի հայտարարությունը Բաքուն միակողմանի է որակել և նշել, որ այն դրական ներդրում չի կարող լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում։

Իսկ Ֆրանսիան ընդամենը շեշտել է, որ քիշնևյան հնգակողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը, նաև թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը։

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանի պարզաբանմամբ՝ Բաքուն դժգոհ է այդ հայտարարությունից, համարելով, որ դա իր ներքին գործն է և ԼՂ-ի հայերի իրավունքների մասին ակնարկել անգամ պետք չէ։

Ինչպե՞ս պետք է գնահատել Քիշնևյան հանդիպումը․ վերլուծաբանը ընդգծում է, որ այն, ի վերջո՝արևմտյան հարթակն է․

«Դա այն է ինչ արևմուտքն ասում է, այսինքն, որ իրենք ճնշում կգործադրեն Բաքվի վրա, որ ինքը Արցախի հայությանը լավ նայի, ժողովրդական լեզվով ասած՝ «իրավունքները չխախտի»։ Արևմուտքը չի ասում, որ ինքնորոշման իրավունք կարող է լինել, ասում է, որ բոլոր հայտարարությունները վկայում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, բայց դուք խնդիր չունեք, գնացեք ապրեք, մենք կխոսենք իրենց հետ։ Ադրբեջանն էլ ասում է դուք ինձ մի ասեք ես ինչ անեմ, դա իմ ներքին գործն է, ինչպես ուզեմ  հայերի հետ կվարվեմ։ Դե չի ասում, որ կցեղասպանի, բայց մտքում դա է՝ էթնիկ զտման ենթարկել»։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Բաքվի դժգոհությունը Փարիզից այն է, որ հայերը որևէ իրավունք չունենան, չլինեն միջազգային երաշխիքներ և վերացվի հայկական Արցախը։ Նրա համոզմամբ՝ Բաքուն փորձելու է հենց իր այս օրակարգը առաջ տանել․

«Այս պահի դրությամբ Արևմուտքը ոչ ցանկություն, ոչ էլ նպատակ ունի իրավիճակի վրա ազդելու։ Այժմ Ադրբեջանը փորձում է իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական միջոցները կիրառել իր նպատակներին հասնելու համար, իսկ դա խաղաղության պայմանագիրը չէ, դա հակամարտության լուծումը չէ, այլ Ադրբեջանի միակողմանի հաղթանակն է, հայերին այստեղից դուրս վռնդելը»։

Այն, որ բանակցություններն այսօր տեղի են ունենում արևմտյան հարթակներում, դա վերլուծաբան Հայկ Այվազյանի համոզմամբ հայաստանյան ընդդիմության մեղքն է։ Պիտակավորելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան- Ադրբեջան եռակողմ հայտարարությունը, այն կապիտուլյացիա որակելով, ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին գցեց Արևմուտքի գիրկը․

«Հեչ պարտադիր չէր՝ խաղաղության պայմանագիրը արագ կնքվեր, դրա համար անելիք ուներ ընդդիմությունը, որ ամեն ինչ աներ, որ Փաշինյանը մնար եռակողմ ֆորմատով։ Իմաստը ո՞րն էր, ինչու՞ էր ասում ՌԴ–ն՝ եկեք եռակողմ ֆորմատով դա անենք, որ խաղաղության պայմանագիրը չլիներ, կամ ուշ լիներ։ Իսկ հիմա արագ-արագ անում են, հայերին հրում են Ադրբեջանի կազմ ու թեման փակվում է»։

Քիշնևյան հնգակողմ հանդիպմանն արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունը։ Պետդեպը կարևորել Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը առաջընթաց գրանցելու համար։

«Ոգևորված ենք շարունակական ներգրավվածությամբ և առաջընթացով, որն առկա է խաղաղության համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններում, այդ թվում՝ Քիշնևում տեղի ունեցած առաջնորդների հանդիպումը։ Բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար՝ ներառյալ հեռանկարների լիարժեք ըմբռնումը»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Զրուցակիցներս նաև հիշեցնում ու քննադատում են ԱՄՆ պետքարտուղարության երկու օր առաջ արած հայտարարությունը, որով Վաշինգտոնը ողջունում էր Ադրբեջանի նախագահի՝ Արցախի Հարապետության նախագահի ու պաշտոնյաների նկատմամբ համաներումը քննարկելու հայտարարությունը։

Back to top button