Վերնատուն

Մշակութային հարթակներ ինքներս պիտի կառուցենք․ «Վերնատուն»

Ինչպե՞ս է կառուցվում մշակութային ոլորտում միջազգային համագործակցությունը, ինչպե՞ս ստեղծել միջմշակութային փոխշփումներ և կամուրջներ։

«Մշակութային դիվանագիտության գլոբալ խնդիրը կապված է համակարգման հետ, և դրանք հիմնականում պետական մակարդակի խնդիրներ են։ Մեր մշակույթը առավելապես ներկայանում է անհատների և կազմակերպությունների մակարդակում։ Նրանք հաճախ շրջանցում են պետական մարմիններին, քանի որ պետական ստրուկտուրաները ներսում ծառայում են որպես մշակութային gatekeeper՝ դռնապան։ Եվ այդ դռնապանի գործառույթն էլ հաճախ վստահելի չի լինում։ Անհատներն ու կազմակերպություններն իրենք են ձևավորում հարթակներ միջազգային փոխգործակցության համար։ Եվ դա ավելի արագ, դյուրին և արդյունավետ է ստացվում», – ասում է ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թարգմանիչ, դիվանագետ Գրիգոր Ղազարյանը։

Նա նշում է, որ պետական մարմինը պետք է համագործակցող օղակներ ունենա, և նախարարությունը ինքը պիտի հրավիրող կողմ լինի, սահմանի հեռանկարային թիրախներ, ունենա մշակութային հստակ հայեցակարգ։ Դիվանագետն ասում է, որ իր կարծիքով՝ կարևոր է նախևառաջ լեզվի արժևորումը, վերաբերմունքն ու կիրառումը։

«Այն առավել տեսանելի է դառնում, երբ միջպետական ամենապարզ հանդիպումների ժամանակ շրջանցվում է հայերենը։ Ցանկալի է, որ մեր օտարերկրացի գործընկերը սովորի հայերեն և հենց հայերենով մեզ հետ հաղորդակցվի, օրինակ Ճապոնիայի հանարպետության դեսպանը ջանք է գործադրում և հայերենով է ելույթ ունենում։ Գովելի է, որ իրենց կողմից այդ գիտակցումը կա, բայց այդ գիտակցությունը մեզանում ամրագրված չէ»։

«Մեր «կենտրոնը» կարծես միշտ դրսում է, արժևորվող գաղափարները, կարևոր նշանակություն ունեցող և ազդեցիկ տեղեկությունը գալիս է դրսից։ Մենք մեզ պիտի կարողնանաք պատկերել որպես կենտրոն և գիտակցել՝ որպես կենտրոն։ Մշակույթը այն տիրույթն է, որտեղ կարող ենք հանգիստ մեզ իրավունք վերապահել լինել թելադրողի դերում, լինել առաջնորդ, ոչ թե ակնալել, որ մեզ հարթակ տրամադրվի դրսից, մենք ինքներս պետք է կառուցենք այդ հարթակները։ Մշակութային դիվանագիտությունը լուրջ ոլորտ է, որտեղ արտաքին գործերի և մշակույթի նախարարությունները պետք է սերտորեն համագործակցեն, այդ հարթակների ստեղծումը մեր պետության համար կենսական նշանկություն ունեցող հարցերի լուծման հարթակ կարող է դառնալ», – ասում է Գրիգոր Ղազարյանը։

Back to top button